ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ "ԴԵՖԻՑԻՏԻ" ՀԱՇՎԻՆ ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆ ՓՉԱՑԱԾ ՀԱՎԿԻԹ
Արխիվ 12-16ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ "ԴԵՖԻՑԻՏԻ" ՀԱՇՎԻՆ
ՆԵՐԿՐՈՒՄ ԵՆ ՓՉԱՑԱԾ ՀԱՎԿԻԹ
Սովորաբար Հայաստանի սպառողական շուկայում Ամանորի նախօրեին, ի թիվս այլ սպառողական ապրանքների, թանկանում է նաեւ հավկիթը: Որոշ դեպքերում տնտեսվարողները պատճառաբանում են, թե թանկացման պատճառը հավկիթի դեֆիցիտն է, որոշ դեպքերում էլ, նույնիսկ պատճառաբանություն չկա` թանկ է եւ վերջ: Չնայած Ամանորին դեռ երկու ամիս կա, սակայն տնտեսվարողներն արդեն սկսել են "նախապատրաստական" աշխատանքները, որն այս անգամ ոչ միայն հավկիթի գնի, այլ նաեւ որակի հետ է կապված:Խմբագրությունը վերջին ժամանակներս ստանում է բազմաթիվ բողոքներ` հավկիթի ինչպես որակի, այնպես էլ գների հետ կապված: Սրա հետ մեկտեղª "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպությունը եւս փաստեց, որ իրենք նույնպես քաղաքացիներից ստացել էր բազմաթիվ ահազանգեր նաեւ այն մասին, որ շուկայում վաճառվում է առանց մակնշման ¥այդ թվումª պիտանելիության ժամկետների¤ հավկիթ: Թեեւ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում կատարելով ուսումնասիրություններª հասարակական կազմակերպությունը նման հավկիթ չէր հայտնաբերել, եւ ենթադրվում է, որ տնտեսվարողը չտուգանվելու համար արագ վերացրել էր հետքերը:
Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փորձը` ՀԿ-ն անմիջապես ուսումնասիրություններ է կատարել մարզերում: Եվ ահա ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից գնելով կասկածելի հավկիթըª այն ենթարկել է փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ հավկիթը փչացած է եւ օգտագործման ոչ ենթակա: "Այս տեղեկատվությունը տրամադրեցինք ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Մեր տեղեկություններովª նրանք Վանաձոր քաղաքից հայտնաբերված ձվի քանակը ոչնչացրել են: Սակայն հայտնի չէª պահեստում այդ հավկիթներից դեռ մնացել է, թե ոչ",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը եւ ընդգծեց, որ հավկիթի շուկայի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ կկատարեն նաեւ առաջիկայում:
Պարոն Պիպոյանի խոսքով` առանց մակնշման հավկիթը Հայաստան է ներկրվել Իրանից, եւ հիմնականում 52 դրամով առաջարկվել է սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Իսկ խանութներից սպառողը այն ձեռք է բերել 65 դրամով. "Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տեղական արտադրողը ցանկանում է դեֆիցիտ ցույց տալ, որպեսզի հավկիթ ներկրի, քանի որ այսօր ավելի ձեռնտու է ներկրելը, քան արտադրելը",- ավելացրեց Բաբկեն Պիպոյանը: Նրա փոխանցմամբ` նախկինում տնտեսվարողները բողոքում էին, թե Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չկա, եւ ներկրման անհրաժեշտություն էլ չկա: Սակայն որոշ ժամանակ անց` տնտեսվարողներին իրավունք տրվեց անձամբ զբաղվել հավկիթի ներկրմամբ, որից հետո հանկարծ պարզվեց, որ հավկիթի ներկրման "անհրաժեշտություն" կա:
"Իրավունքը" փորձեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ճշտել, թե բացի Վանաձոր քաղաքից, նշված հավկիթներն ուրիշ որտեղ են իրացվել, սակայն այնտեղից այդպես էլ արձագանք չեղավ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

