ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ
Արդարադատ դատարանը ցույց տվեց, որ Հայաստանում համասեռամոլության լոբբինգ իրականացնելը դատապարտելի է, եւ մեր երկրում պարարտ հող չկա ԼԳԲՏ համայնքի զարգացման ու տարածման համար: Եվ այսպես` երեկ դատավոր Ռ. Ներսիսյանի` նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված: Հիշեցնենք` հայցվորները դիմել էին դատարան, իբրեւ թե վիրավորվելով նրանից, որ 17.05.2014 թվականին "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրվել է հետեւյալ վերնագրով հոդված` "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը": Եվ հոդվածի ներքին հատվածում տեղադրված էր 60 հոգու, այդ թվում հայցվորների ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշյալ հոդվածը: Ի դեպ, պատիվ ու արժանապատվություն պահանջող վերոնշյալ անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Ինչեւէ, դատարանի վճռով եւս մեկ անգամ փաստվեց, որ մեր երկրում դեռեւս բարոյական արժեքները վերջնականապես կորած չեն, քանի որ հանուն ավանդական ընտանիքի, հանուն պետության, հանուն իրական արժանապատվության կան պայքարող առաջամարտիկներ` ի դեմս "Իրավունք" թերթի եւ թերթի խմբագիր Հ. Գալաջյանի եւ "Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարանի, ով պաշտպանեց պատասխանողի շահերը: Հավելենք, որ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ հայցվորներից համապարտության կարգով հօգուտ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի` 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձրատրության գումար: