ԻՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ԲՀԿ-Ն, ՈՐԸ ՉԻ ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՈՐԸ ՉԻ ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Պարզվում է, իշխանափոխության ելած ոչ իշխանական "եռյակը"` ի դեմս ԲՀԿ-ի, պատրաստվում է տնտեսության մեջ անել այն նույն քայլերը, ինչն արդեն անում է գործող կառավարությունը: Որքան էլ տարօրինակ է, կառավարության եւ այս կուսակցության տնտեսական քայլերը, առավել եւս փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում, գրեթե մեկը մեկին համընկնում են: Մի տարբերությամբ, որ առաջինն արդեն սկսել է դրանց իրականացումը, իսկ երկրորդը` պատրաստվում է անել իշխանափոխությունից հետո:
Որ կառավարության եւ ոչ իշխանական "եռյակի" առանցքային ուժի մոտեցումները տնտեսության ոլորտում համընկնում են, կարելի է համոզվել Zham.am կայքին ԲՀԿ նախագահի տված հարցազրույցից:
-Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի հարկերից,-ասում է ԲՀԿ առաջնորդը:
Ճիշտ նույն բանն արդեն արել է վարչապետ Հ. Աբրահամյանի գլխավորած կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարության առաջարկով խորհրդարանն ընդունել է օրենք` ընտանեկան բիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու մասին: Խոսքը` նույն փոքր բիզնեսի մասին է, որի տարեկան ընդհանուր շրջանառությունը կազմում է 10 մլն դոլար: Այդ օրենքն արդեն գործողության մեջ է:
- Միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել դրությունը, դուրս գա ճգնաժամից եւ գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր եւ տնտեսության աշխուժացում,- ասում է Գ. Ծառուկյանը:
Որ փոքր եւ միջին բիզնեսի գործունեության համար պետք է ստեղծվեն արտոնյալ պայմաններ` նոր կառավարությունը հայտարարեց դեռեւս իր ձեւավորման սկզբնական փուլում: Նշանակումից կարճ ժամանակ անց ՓՄՁ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանը հայտնեց, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու ոլորտի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու եւ հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում` շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը նախկին 3,5 տոկոսից դարձել է 1 տոկոս: Կառավարությունը եւս փոքր եւ միջին բիզնեսը դիտարկում է որպես աշխատատեղերի ստեղծման պայման: Այդ մասին օրերս վարչապետը հայտարարեց խորհրդարանում հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումների ժամանակ:
Եթե միջին բիզնեսի վերաբերյալ գործող կառավարության եւ ԲՀԿ-ի հակասությունը փաստաթղթավորման պարտադիր պահանջի հետ է կապված, ապա դա այլ հարց է: Ինչպես հայտնի է, փաստաթղթավորման միջոցով կառավարությունը մտադիր է պայքարել խոշոր բիզնեսի ստվերային շրջանառությունների դեմ: Մի բան, ինչը գուցե այնքան էլ Գ. Ծառուկյանի սրտով չէ, ով հանդիսանում է նույն խոշոր բիզնեսի առանցքային ներկայացուցիչներից մեկը:
- Գյուղացուն պետք է օգնել սերմացուով, վառելիքով, տեխնիկայով, դեղերով,- ասում է ԲՀԿ ղեկավարը:
Նույն բանը կառավարությունն անում է արդեն մի քանի տարի շարունակ: Պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վառելիքը, տեխնիկան, պարարտանյութի մատակարարումը: Հատկացվում է սերմացու: Կառավարությունն օժանդակության մեխանիզմներ է կիրառում նաեւ գյուղվարկերի համար: Մասնավորապես դրանց տոկոսադրույքների մի մասի մարման պարտավորությունը պետությունը վերցրել է իր վրա: Ավելին, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը նախատեսել է 50 տոկոսով ավելացնել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունը:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

