Ո՞Ր ՌԵԺԻՄՆ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ
Արխիվ 12-16Ո՞Ր ՌԵԺԻՄՆ Է
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ
Ոչ հրաշալի եռյակայինների շրջանում վերջին ժամանակներս ամենաթնդացող արտահայտությունը "Ռեժիմը խուճապի մեջ է" "ասույթն" է: Եվ որքան էլ տարօրինակ է` սակայն ԲՀԿ-ա-ՀԱԿ-ական այս ծամծմված մտքի հետ հիմա պետք է համաձայնել, քանի որ խուճապ իրոք կա, ռեժիմը իսկապես խուճապի մեջ է... Միայն թե հարց է` ո՞ր ռեժիմը:Դե ինչպես հասկացաք` խոսքը ԲՀԿատերպետրոսյանական ռեժիմի մասին է, որտեղ տիրող խուճապի մասին կարողացել ենք տեղեկանալ սեփական աղբյուրներից:
Ըստ այդ աղբյուրների` եռյակում արշալույսներն ամենեւին էլ խաղաղ չեն: Իրազեկ մարդիկ պնդում են, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված մի շարք հարցեր այնքան էլ հարթ չեն ընթացել, ավելին` հանրահավաքի նախօրեին նույնիսկ հարցականի տակ է եղել եռյակի լիդերների մասնակցությունը: Ինչպես արդեն գիտենք, ԲՀԿ-ն եւ "Ժառանգությունը" կտրականապես դեմ են Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այն թեզին, թե իրենք շարունակում են մնալ "հրաշալի քառյակ", եւ ՀՅԴ-ին փոխարինել է ՀԺԿ-ն: "Ժառանգությունը" հասկանում է, որ այդ դեպքում ինքը քառյակում կարող է դառնալ փոքրամասնություն, իսկ ԲՀԿ-ն մտածում է, որ եթե հարցերն այդպես են լուծվում, ապա այդ դեպքում ինչո՞վ է ինքը պակաս` այս դեպքում ոչ թե Իվանիշվիլիից, այլ Տեր-Պետրոսյանից, որ չի կարող ինքը եռյակ բերել իր գրպանային պսեւդոկուսակցություններին, ինչպիսիք են Գառնիկ Իսագուլյանի "Ազգային անվտանգությունը" կամ Արամ Հարությունյանի "Ազգային համաձայնությունը":
Եթե նկատել եք` ԲՀԿ-ն ու "Ժառանգությունը" ՀԺԿ-ի հետ "ախպերանալու" հարցում իրենց դժգոհությունը հայտնել են նույնիսկ հրապարակավ` դիվանագիտորեն ձեւակերպելով, թե Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ խմբակցության անդամ է եւ մեխանիկորեն ընդգրկված է եռյակի կազմում` որպես ՀԱԿ ներկայացուցիչ:
Խոսակցություն կա, որ նույնիսկ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին Ստեփան Դեմիրճյանի ելույթ ունենալու հարցը լուրջ տարաձայնությունների է հանգեցրել հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ: Կրքերն այնքան են թեժացել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնացել է "վա բանկ"` կտրուկ հայտարարելով, որ եթե Դեմիրճյանը հանրահավաքին ելույթ չունենա` որպես քառյակի լիդերներից մեկը, ապա ինքն ընդհանրապես չի մասնակցի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Բայց քանի որ այդ կարգավիճակում Դեմիրճյանի ելույթին դեմ են եղել ե՛ւ ԲՀԿ-ն, եւ "Ժառանգությունը", Տեր-Պետրոսյանը զիջել է իր դիրքերը, եւ Դեմիրճյանին ելույթի իրավունք է տրվել ՀԱԿ-ի քվոտայով: Ինչպես հայտնի է, նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքից, ելույթների մասով եռյակում գործում է "3-3-3" ձեւաչափը, եւ յուրաքանչյուր կուսակցության տրված է 3 ելույթի իրավունք: Սակայն իրավիճակը փրկելու համար այս անգամ Լյովիկ Զուրաբյանն իր թաց տեղը զիջել է Ստեփան Դեմիրճյանին, ինչից ելնելով էլ, սահմանված ձեւաչափը չխախտելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթի իրավունքը զիջել է ԲՀԿ-ական քարոզիչ Անդրանիկ Թեւանյանին:
Ի դեպ, ՀԺԿ-ից հատկապես ԲՀԿ-ի դժգոհությունն այնքան մեծ է, որ հոկտեմբերի 27-ին ԲՀԿ-ի ղեկավարությունը չի այցելել Պանթեոն` Կարեն Դեմիրճյանի գերեզմանին, դեռ ավելին` հոգացել է, որ իրենց լրատվամիջոցներում այդ մասին հատուկ ընդգծվի: ԲՀԿ-ի այս քայլը նոր տարաձայնություններ է առաջացրել եռյակի ներսում, եւ դրանք այնքան են խորացել, որ այս պահի դրությամբ հարցականի տակ է առաջիկա հանրահավաքը, որի մասին արդեն իրազեկվել էր Երեւանի քաղաքապետարան, եւ տարվել էին որոշ նախապատրաստական աշխատանքներ:
Բավականին հետաքրքիր է եղել նաեւ այն հանգամանքը, որ, ի տարբերություն նախորդ հանրահավաքի, հոկտեմբերի 24-ին ազատմարտիկներին ելույթի իրավունք չտրվեց, եւ դա, ըստ հավաստի լուրերի, եղել է ԲՀԿ-ի միանձնյա որոշումը, քանի որ հենց նա է ֆինանսավորում ազատամարտիկների այդ խմբին: Այդ որոշումը պայմանավորված է եղել ոչ միայն նրանով, որ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը` նույն ինքը Ապարանցի Ռազը, մտադիր է եղել հայտարարել ազատամարտիկների նստացույցի մասին, այլ նաեւ նրանով, որ թեեւ այդ ազատամարտիկները ֆինանսավորվում են ԲՀԿ-ի կողմից, սակայն գաղափարապես նրանք լիովին գտնվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցության դաշտում: Ի դեպ, Ռազմիկ Պետրոսյանը նույնպես հոկտեմբերի 24-ին նստացույց սկսելու կողմնակից է եղել, ինչը, սակայն, հենց հանրահավաքի իր ելույթում բացառել է Գագիկ Ծառուկյանը:
ՀԺԿ-ի դարդը քիչ էր, հիմա էլ վերջին հանրահավաքից հետո ԲՀԿ-ին խիստ անհանգստացրել է մեկ այլ հանգամանք: Պարզվում է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի կազմակերպման (մասնավորապես` մարդաքանակ ապահովելու) համար ԲՀԿ-ն ավելի շատ գումար է հատկացրել, քան հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, սակայն դա սպասված արդյունքը չի տվել, եւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մի քանի հազարով ավելի քիչ մարդ է մասնակցել, քան նախորդ հանրահավաքին: Այդ "բացթողման" հանգամանքները պարզելու նպատակով ԲՀԿ-ում ներքին "ռազբորկաներ" են սկսվել ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ, ով հանդիսանում է ՀԱԿ-ԲՀԿ կապավորը եւ փոխանցում է գումարներն ու "ինստրուկցիաները": Բանն այն է, որ ԲՀԿ-ն իր մասով ապահովել է հանրահավաքի մասնակիցների "պլանը", իսկ ՀԱԿ-ը` փաստորեն չի կարողացել (կամ չի ցանկացել) դա անել, թեեւ այս անգամ դրա դիմաց ստացել է նախորդից ավելի շատ գումար:
Եռյակում ընթացող այս խժդժությունների ֆոնին բավականին ուշագրավ էր նաեւ "Ժառանգության" դրությունը, քանի որ, ինչպես դա երեւաց հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ի տարբերություն մյուսների` "Ժառանգությանը" տրվել էր ընդամենը մեկ ելույթի իրավունք, որից էլ օգտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդհանրապես, եռյակի կազմում "Ժառանգության" ճակատագիրը բավականին մշուշոտ է: Ինչպես հայտնի է մամուլի հաղորդագրություններից, հոկտեմբերի 22-ին եռյակի փաստացի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախ առանձին-առանձին է ընդունել մյուս ղեկավարներին, որից հետո միայն կայացել է նրանց երեքի համատեղ հանդիպումը: Սակայն հանրահավաքից մեկ օր առաջ` հոկտեմբերի 23-ին, Ծառուկյանը եւս մեկ անգամ առանձին հանդիպում է ունեցել Տեր-Պետրոսյանի հետ` առանց Րաֆֆի Հովհաննիսյանի: ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանը որոշել են, որ եթե նախորդ հանրահավաքի պես այս անգամ էլ Րաֆֆին իր "չափն անցնի", այսինքն` "ջղաձգվի", ապա պետք է լրջորեն քննարկել եռյակի կազմից "Ժառանգությանը" հեռացնելու անցնցում ուղիները: Ի պատասխան սրա, Րաֆֆին մի քանի տեղ "միամիտ" շշնջացել է, թե ԲՀԿ-ն ամբողջությամբ գտնվում է Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ, եւ վերջինս այդ կերպ կարողանում է իր ուզածի պես ղեկավարել եռյակի գործունեությունը:
Ինչպես տեսնում եք, մի կողմից` եռյակի ղեկավարությունը` ի դեմս ԲՀԿ-ի ու ԼՏՊ-ի, փաստացի ոչ թե իշխանափոխության ճանապարհային քարտեզ է կազմում, այլ` առայժմ ընդամենը "Ժառանգությանն" իրենցից հեռացնելու ճանապարհային քարտեզ: Մյուս կողմից էլ` ՀԺԿ-ի հետ կապված` ԲՀԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ կա եւ գնալով խորանում է փոխադարձ խուճապը, նրանք խուճապի մեջ են, բայց` իրարից: Իսկ խնդիրն ընդամենն այն է, թե այդ երկուսից որ մեկն ավելի շատ ազդեցություն կունենա եռյակում` իրենց գրպանային կուսակցությունների եւ կառույցների ներգրավմամբ:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

