«ՄԱՅԴԱՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԱՅՆ ԼԻՆԻ»
Արխիվ 12-16«ՄԱՅԴԱՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԱՅՆ ԼԻՆԻ»
Երեկ կայացավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, ինչի առթիվ Հայաստան էին ժամանել ՌԴ խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ինչպես նաեւ մի շարք ռուս պատգամավորներ եւ փոխնախարարներ: Հանձնաժողովի նիստից հետո «Իրավունքը» առիթ ունեցավ զրուցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻ հետ:
-Պարոն դեսպան, մինչեւ հոկտեմբերի 10-ը` ՀՀ Մաքսային միության անդամակցման ստորագրումը, որոշ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ կանխատեսում էին, թե Հայաստանում մայդան կլինի: Ըստ Ձեզ, մենք այսօր շրջանցեցի՞նք նման իրավիճակում հայտնվելու վտանգը:
- Նախեւառաջ կարեւոր է, որ ոչ բոլորն էին խոսում այդ մասին, այլ մայդանի մասին խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ այն լինի: Մինչդեռ ես համարում եմ, որ դա Հայաստանում անհնար է:
- Իսկ մինչ 2015 թվականի հունվարը, երբ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, հնարավո՞ր է ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ, ինչի պատճառով այս անդամակցումը չի կայանա:
- Համենայն դեպս, ես դրան չեմ հավատում: Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը կայանում է եւ արդեն կայացած է, քանի որ փաստաթղթերը ստորագրված են: Մնացել են զուտ տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելի են:
- Այնուամենայնիվ, այս գործընթացի ճանապարհին, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական սահմանին կլինի՞ նոր լարվածություն:
- Կլինեն դրանք, թե` ոչ, դա կախված չէ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանից: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, սա սոսկ տնտեսական միություն է, եւ քաղաքական հարցերում պետք չէ դիտարկել այն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

