ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ
Խորհրդարանում կայացավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեց «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իր զեկույցում Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ իրենց մարզում, ի տարբերություն մյուս մարզերի, գործազրկությունը անհամեմատ ավելի ցածր է, ավելին` նույնիսկ աղքատության ցուցանիշն է ցածր: Այսքան «պոզիտիվ» ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ասաց, թե այս զեկույցից հետո ուզում է պլանները փոխել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզ: Մ. Մելքումյանի մտադրության եւ ոչ իշխանական եռյակի իշխանափոխության շտաբներ ստեղծելու գաղափարի մասին «Իրավունքը» զրուցեց Արագածոտնի մարզպետի հետ:
-Պարոն մարզպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մ.Մելքումյանն ուզում է Ձեր մարզ տեղափոխվել: Կընդունե՞ք նրան:
- Ես ասացի` եթե ցանկություն ունեք ապրել մեր մարզում, մենք կքննարկենք այդ հարցը:
- Ի դեպ, ոչ իշխանական «եռյակը» իր վերջին հանրահավաքի ժամանակ նշեց, որ իշխանափոխության շտաբներ են ձեւավորվելու մարզերում: Կոնկրետ Ձեր մարզում ի՞նչ ակտիվություն կա այս առումով:
- Չեմ տեսել որեւէ ակտիվություն, ու ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա:
- Իսկ մարզի բնակչությանը հետաքրքրո՞ւմ է:
- Չեմ կարծում: Մի բան կարող եմ ասել. մեկ տարի առաջ եղավ ՀՀ նախագահի ընտրություն: Մարզի բնակչության 74 տոկոսը ձայնը տվեց երկրի նախագահին, քանի որ հավատաց նախագահի ծրագրերին, նրա կատարած աշխատանքներին: Այսինքն` այս մեկ տարվա մեջ ի՞նչ պիտի փոխվեր, որ մեր մարզի բնակչության կարծիքն էլ փոխվեր: Այսօր մեր մարզը 90 համայնքում ծրագրեր է իրականացնում: Դա մեր նախագահի միջամտությունն է, օժանդակությունն է, բարի կամքի դրսեւորումն է, որ այդքան ներդրումներ են կատարվում: Այնպես որ, մենք մտահոգություն չունենք, ու բացարձակ դա մեզ հետաքրքիր չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

