ԴԵՐ ԶՈՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅԹԵՑՈՒՄՆ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԴԵՐ ԶՈՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅԹԵՑՈՒՄՆ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նոր-նոր էր վերադարձել Փարիզից, գրեթե անմիջապես էլ սկսեց իր հերթական պաշտոնական այցը: Այս անգամ նպատակակետը Հորդանանն էր, ինչը, իհարկե, առաջին հայացքից կարող է եւ անհասկանալի լինել. այդ մի ինչ էական առնչություններ ունենք Հորդանանի հետ, որ կար նախագահական մակարդակով այցելության անհրաժեշտություն:ՀՈՐԴԱՆԱՆԸª ՈՐՊԵՍ
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱԿԱԿՇԻ՞Ռ
Իհարկեª որպես պարզաբանում կարելի է ասել, որ եթե չունենք լուրջ կապեր, ապա նախագահական այցը կարող է հենց այդª կապերի խորացման իմաստ ունենալ: Առավել եւս, որ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ ՀՀ նախագահի հանդիպման արդյունքում կնքվեցին տնտեսական եւ սոցիալական ուղղվածության մոտ տասի չափ համաձայնագրեր եւ հուշագրեր:
Բայց մյուս կողմից էլ Մերձավոր Արեւելքում այն իրավիճակը չէ, որ տնտեսական հարաբերություններն առաջնահերթ վիճակում գտնվեն: Առավել եւս Հորդանանը, որը գտնվելով Մերձավոր Արեւելքի հիմնական կոնֆլիկտային գոտիների եւ տարածաշրջանի առանցքային կենտրոնների հարեւանությամբ, ավելի կոնկրետª տեղակայված լինելով դրանց կենտրոնում ¥Իրաք, Սիրիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս¤, գաղտնիք չէ, որ իր էական դերակատարությունն ունի այդ բոլոր գործընթացներում: Մինչդեռ չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանում ունի երկու բնույթի հետաքրքրություններ: Առաջինըª հայկական համայնքների անվտանգության հարցն է, որը, ինչպես հայտնի է, լրջորեն սրվեց նախ սիրիական պատերազմի, ապաª տարածաշրջանում "Իսլամական պետություն" կոչվող խմբավորման գործունեության ակտիվացման փուլում: Եվ դրա հետ մեկտեղª Հայաստանը գտնվում է եռացող եւ ամեն պահի շատ ավելի մեծ պայթյունի ունակ այդ տարածաշրջանի անմիջական հարեւանությամբ, ինչն արդեն բավական է մեր իսկ անվտանգության վրա լուրջ ուշադրություն դարձնելու համար: Եվ այդ առումով նկատենք նաեւ, որ բացի արտաքին գործոններից, Մերձավոր Արեւելքի այդ մեծ խաղի գլխավոր առանցքներից է դարձել սուննի-շիա գլոբալ հակամարտությունը:
Իհարկեª Հայաստանի համար մի կողմից էական է, թե Մերձավոր Արեւելքում այդ իրավիճակը որ հունով կզարգանա, թեկուզեւ հաշվի առնելով, որ վերջին հաշվով, այդ ամենի մեջ ներառված են մեր երկու անմիջական հարեւաններըª Իրանն ու Թուրքիան: Բայց նաեւ սուննի-շիաական մեկուկեսհազարամյա պայքարի հանդեպ մեր երկիրը, իհարկե, ունեցել է եւ ունի միանգամայն չեզոք դիքորոշում, այսինքնª տարածաշրջանի հայերի անվտանգությունը պահանջում է այդ երկու հզոր ուժերի հետ էլ ունենալ հավասարակշռված հարաբերություններ: Բայց եթե Իրանի հետ հարաբերությունների շնորհիվ Հայաստանը կարողանում է լուծել իր հարցերը շիաական աշխարհի հետ, ապա վերջերս ԻՊ-ի կողմից Դեր Զորի հայկական եկեղեցու հրկիզման փաստը ցույց տվեց, որ սուննիական ուղղության հետ կապված որոշակի խնդիրներ ունենք: Առավել եւս, որ այդ ուղղությամբ փորձում է իր դերակատարությունն ամրապնդել նաեւ Թուրքիան, հենց որի միջամտությունը Դեր Զորի եկեղեցու հարցում կարելի էր նկատել: Այսինքնª թուրքերին հաջողվեց ԻՊ-ին դրդել հակահայկական բնույթի նման աղաղակող գործունեության, ինչը հուշում է, որ հատկապես Ցեղասպանության հարյուրամյակի շեմին նման այլ քայլերի եւս կարելի է սպասել: Առավել եւս, որ Հայաստանը, ինչպես ցույց տվեց նաեւ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած այցը, Եվրասիական միությանն անդամակցելուց հետո կարող է Թեհրանի հետ հարաբերությունները տեղափոխել որակապես բոլորովին նոր մակարդակ: Դա իր հերթին նշանակում է նաեւ հայաստանյան ուղղությամբ պարսիկների եւ ռուսների կապերի խորացում, առավել եւս, երբ միաժամանակ բավականին ակտիվացել են այդ կապերի գլոբալ խորացմանը նպաստելուն ունակ աբխազական եւ Իրան-Հայաստան երկաթուղիների ծրագրերի թեման: Դա, իհարկե, կարող է Թուրքիային լավ առիթ տալ սուննիական ուղղությամբ որոշակիորեն սրել հակահայկական տրամադրությունները, առավել եւս, որ նույն ԵՏՄ-ի պատճառով մեր երկիրը նաեւ տարածաշրջանային գլխավոր խաղացողներից մեկիª ԱՄՆ-ի նյարդերի վրա էլ է որոշակիորեն ազդում: Այսինքնª Հայաստանի համար կար սուննիական ուղղության, ավելի կոնկրետª դրա հիմնական կենտրոնների հետ այդ իրավիճակը փոխելու խնդիր, ինչն արդեն ավելի հասկանալի է դարձնում այս հորդանանյան այցը: Իսկ Հորդանանի թագավոր եւ արաբական շեյխերի շրջանակներում մեծ հեղինակություն ունեցող թագավոր Աբդալլահ Երկրորդի այդ ընդգծված սիրալիր ընդունելությունն ու կնքված պայմանագրերի քանակը հուշում են, որ ՀՀ նախագահի այցը հաջողված էր:
Ո՞ՒՄ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ ՆԱՎԹԱՅԻՆ ԽԱՂԸ
Բայց միեւնույն է, Մերձավոր Արեւելքի իրավիճակն այնքան բարդ եւ արագ փոփոխվող է դարձել, որ դրա հեռանկարների հետ կապված որեւէ երաշխիք պարզապես չի կարող լինել: Առավել եւս, որ մի կողմից ակնհայտ է, որ այդ մեծ խառնաշփոթի, այդ թվումª ԻՊ-ի գործողությունների հիմքում դրված են Վաշինգտոնյան ինտրիգները, որոնք, ասենք, Թուրքիային խաղի ցանկալի հուն մտցնելու ուղղությամբ բավականին հաջող գործում են: Բայց մյուս կողմից էլª Վաշինգտոնը թեեւ այս ուղղությամբ հաջողության է հասնում արաբական առանցքային երկրների եւ հատկապեսª Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, նրանց հետ միասին նաեւ սկսեց աշխարհում նավթի գների նվազեցմանը միտված Ռուսաստանի դեմ ուղղված իր մեծ խաղը, բայց արդեն սկսում է զգացվել, որ տարածաշրջանային հիմնական պայքարը կարող է ծավալվել հենց ԱՄՆ-ի եւ տարածաշրջանային իր նավթային դաշնակիցների միջեւ:
Ի դեպ, վերջերս այս տարբերակը ներկայացնելու առիթ ունեցել ենք: Խոսքն այն մասին է, որ նավթային գների այդ մեծ խաղը միայն գների որոշակի մակարդակի դեպքում կարող է ԱՄՆ-ին որոշ աշխարհաքաղաքական առավելություններ տալª ռուսական տնտեսությանը հասցված հարվածի արդյունքում: Դա մեկ բարելի հաշվով մոտ 85-90 դոլարի սահմանագիծն է, քանի որ հենց մոտավորապես այդ գների պարագայում է, որ ամերիկյան "նավթային հեղափոխության" հիմք դարձած սլանցային նավթարդյունաբերությունը գոնե զրոյական եկամտաբերության մակարդակում է: Իսկ մոտ 80 դոլարի պարագայում սլանցային նավթարդյունաբերության զգալի մասը դառնում է վնասաբեր, այսինքնª ԱՄՆ-ը պետք է կա՛մ այդ հանույթից հրաժարվի, որը միանգամից կհանգեցնի աշխարհում նավթի գների թռիչքի, կա՛մ նավթարդյունահանողների վնասները փոխհատուցի պետության հաշվին, իսկ նման միջոցներ պարզապես չկան: Ընդ որումª օրերս հենց նույնը հաստատեց նաեւ ՕՊԵՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա ալ-Բադըինը. "Եթե նավթի գները մնան 85 դոլարի մակարդակում, կարծում եմ, որ ներդրումների բավականին մեծ ծավալներ, նավթարդյունահանման շատ ծրագրեր դուրս կգան շուկայից: Գների անկումն առաջին հերթին կհարվածի սլանցային նավթին...": Այսինքն, եթե այդ գների պարագայում մի կարճ ժամանակ սլանցային նավթարդյունաբերությունը դեռ կգոյատեւի վարկավորման հաշվին, ապա նույնիսկ երկու-երեք ամիս գների նման մակարդակը պահպանվելու դեպքում արդեն "սլանցային նավթի մոտ 50 տոկոսը կարող է շուկայից դուրս գալ":
Իսկ գները 85 դոլարից էլ են ներքեւ իջնում, եւ հարց էª իրականում այս անկումը ռուսների՞, թե ամերիկացիների դեմ է ուղղված: Այդ երկու-երեք ամիսները ՌԴ-ն հաստատ կդիմանա: Ավելին. միջազգային հեղինակավոր կառույցներն անգամ փաստում են, որ նավթի ցածր գների պատճառով Ռուսաստանին ոչ թե ամիսներ, այլ առնվազն 4 տարի դեֆոլտ չի սպառնում: Այլ բան, որ այդ իրավիճակում ԱՄՆ-ը կորցնում է "նավթային հեղափոխության" պտուղները, որի համար ոչ միայն հսկայական ներդրումներ են արվել, այլ նաեւ Վաշինգտոնն այն դարձրել է ներկայիս իր աշխարհաքաղաքականության հիմնական խաղաքարտերից մեկը: Այսինքն, երբ հիմա Եվրոպան Ուկրաինայի պատճառով հայտնվել է էներգետիկ ճգնաժամի շեմին, ԱՄՆ-ը դեռ կարողանում է հուսադրել, թե չվախենաք, ես կօգնեմ: Բայց եթե կորցնի իր սլանցային նավթի ոչ թե նույնիսկ կեսը, այլ 10-20 տոկոսը, արդեն նման խոստումները կդառնան պարզապես ծիծաղելի, իսկ Եվրոպային կմնա միայն մտածել, թե ինչպես անի, որ հանկարծ ռուսների հետ խնդիրներ չունենա:
Եվ ահա այս իրավիճակում արաբական նավթային երկրները քայլ անգամ չեն անում նավթի գները Վաշինգտոնի նախընտրելի մակարդակում պահելու համար: Հասկանալի է. եթե ԱՄՆ-ն ունի սլանցային նավթի մեծ արդյունահանում, ապա նրա համար արաբական նավթը դառնում է երկրորդական, այսինքնª արաբական նավթային երկրները կորցնում են գոնե նավթային լծակի հաշվին Վաշինգտոնի վրա ազդելու հնարավորությունը: Բայց եթե չկա սլանցային նավթը, ապա նաեւ շեշտակիորեն աճում է Ռուսաստանի էներգետիկ կշիռն աշխարհումª դրանից բխող բոլոր քաղաքական հետեւանքներով հանդերձ: Ահա այս գլոբալ հակասությունն է, որի լուծումն այդպես էլ ԱՄՆ-ը չի գտնում, եւ արդյունքումª երկու հիմնական թեժ գոտիներումª Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում հայտնվել է մինչեւ իսկ սեփական դաշնակիցների հետ բախվելու հեռանկարի առջեւ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

