"ԷՍ "ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ" ԴԱԲԱՂԽԱՆԻՑ ԳԻՏԵՆՔ"
Արխիվ 12-16"ԷՍ "ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ" ԴԱԲԱՂԽԱՆԻՑ ԳԻՏԵՆՔ"
Այսպես կոչված, "հրաշալի եռյակի" վերջին հանրահավաքից առաջ եւ հետո մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որքան էլ նրանք ամպագոռգոռ հայտարարություններով "շոյեն" հրապարակում գտնվողների լսողական օրգանները, այնուամենայնիվ, նրանց մեր հասարակությունը լուրջ չի ընդունում:
Այս անգամ մեր ուսումնասիրությունների շրջանակը Կոտայքի մարզն էր, ուր բացի "ավանդական" ԲՀԿ-ական տարածք համարվող Աբովյան քաղաքից Երեւան հասած միտինգավորների (ի դեպ, Աբովյանում այս անգամ էլ մի առանձնակի "հեղափոխական" եռանդ չէր նկատվում), մնացած այլ համայնքներում ոչ մի ակտիվություն չէր զգացվում, իսկ հասարակ ժողովրդի հետ զրույցներում պարզ է դառնում, թե որն է հանգստության եւ "եռյակին" չվստահելու պատճառը: Ինչպես նշեց մեր զրուցակիցներից մեկը. "Էդ բեմում կանգնածներին վաղուց ենք ճանաչում: Ապրել ենք դրանց իշխանությունների մութն ու ցուրտը, կերել մի կտոր լեղի դարձած անհասկանալի բաղադրությամբ հացը, եւ հենց դրանց օրոք էր, որ Հայաստանից տեղի ունեցավ հիմնական արտագաղթը: Հիմա էլ միացել են օլիգարխներին, ուզում են քյանդրբազ խաղալ: Մենք դրանց կաշին դաբաղխանից գիտենք":
Ընդհանուր առմամբ, մարզում առկա խնդիրներին զուգահեռ` կյանքը ընթանում էր բնականոն հունով` աշնանային բերքահավաք, հասարակական-մշակութային կյանք: Այս ամենի մեջ կարելի է առանձնացնել ժամկետային զինծառայողների ծնողների ուրախությունը, ովքեր հնարավորություն էին ունեցել Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ ՊՆ-ի համատեղ կազմակերպված միջոցառման ընթացքում հանդիպել իրենց զավակների հետ: Ինչեւէ, մեր շրջագայության ժամանակ մի բան պարզ դարձավ, որ Հայաստանում առկա խնդիրների պղտոր ջրում "նախկինները" եւ իրենց "ապագա" հորջորջող օլիգարխները փորձում են իշխանության տանող ոսկե ձկնիկը որսալ:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

