Ն. ՌԻԺԿՈՎԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ "ԿԻՍԻԼՅՈՎՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ" ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ՉԼՍԵԼ ԿԻՍԻԼՅՈՎԻՆ
Կիսիլյովյան բարդույթը (հիշեցնենք, որ Կիսիլյովը այցելելով Հայաստան` խոսել էր հայ տաքսիստների վատ ռուսերեն իմացության մասին, ինչը տեւական ժամանակ է, ինչ չի մոռացվել) շարունակում է հետապնդել բոլոր ռուս քաղաքական գործիչներին, ովքեր Հայաստան են ժամանում: Որոշ լրատվամիջոցներ, այդ թվում արեւմտամետ հայ քաղաքական գործիչներ իրենց պարտքն են համարում բոլոր ռուս հյուրերի մոտ նախ բողոքել ռուս հայտնի վերլուծաբան Կիսիլյովից, ապա բարձրացնել հայերենի հարցը Հայաստանում, թե իբր այն կարող է իր տեղը` ԵՏՄ անդամակցման ֆոնին, զիջել ռուսերենին: Հերթը հասավ նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻՆ, եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրացվեց ավանդական հարցը:
"Պաշտոնական Մոսկվան երբեք չի բարձրացրել Հայաստանում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը: Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում Հայաստանում ռուսերենի կարգավիճակի հարցով ինչ-որ ուժային քայլերի, առավել եւս` ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու մասին: Հայաստանը պետական լեզու ունի, բացի այդ, այն մոնոէթնիկ երկիր է: Միգուցե ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մի՛ լսեք նրանց", - նշեց Ն. Ռիժկովը: Ապա կարեւորելով ռուսերենի դերը` հավելեց. "Քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում: Մոտավորապես այնքան, որքան Հայաստանում: Նրանք բոլորը ռուսերեն են խոսում: Բոլորն ապահովված մարդիկ են, գիտության, մշակույթի եւ այլ ասպարեզներում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Մենք ուրախ ենք, որ նրանք հայերեն ու հրաշալի ռուսերեն գիտեն: Այս հարցին` այսպես եմ վերաբերվում. ուզո՞ւմ եք ռուսերեն խոսել` խոսե՛ք, չե՞ք ուզում` մի՛ խոսեք: Սակայն, ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում օտար լեզուներից հրաժարվելը դրական հետեւանքների չի հանգեցնի": ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ