Երեկ ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որին ներկա էին հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների հետ: Դումայի պատգամավոր ԲՈՐԻՍ ՌԵԶՆԻԿԸ "Իրավունքի" հետ զրույցում նշեց, որ այլ բան, քան Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը, նրանք չէին էլ սպասում: Մենք հիշեցրինք, որ "Ռուսաստանն այսօր" միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովը կանխատեսում էր, որ Հայաստանում մայդան է հասունանում, եւ նա դա ասել է մինչ հոկտեմբերի 10-ը: Սակայն, փառք Աստծո, այն տեղի չունեցավ…
-Մենք լավ գիտենք հայ ժողովրդին, հայ քաղաքական գործիչներին, լավ հասկանում ենք հայ-ռուսական ամուր կապը ամբողջությամբ, եւ այլ կերպ լինել չէր կարող, իսկ մայդան` առավել եւս: Անգամ հայաստանյան ընդդիմությունը չափավոր է, շատ լավ գիտակցում է, թե ինչ է հարկավոր իր երկրին, որոնք են հիմնական խնդիրները: Դրա համար մենք բավարարված ենք, որ Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը եւ գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, եւ դա ոչ միայն ի շահ` արդեն ԵՏՄ անդամակցած այլ երկրների է, այլ, բնականաբար, առաջին հերթին` Հայաստանի եւ հայ ժողովրդի: Հայաստանը միշտ կարողացել է հենվել Ռուսաստանի օգնության վրա` թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումով, չնայած չէի ասի, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմա լավ ժամանակներ է ապրում, բայց կարծում եմ, որ միասին շատ բաներ կարող ենք անել, փոխել: - Ձեր կարծիքով, հնարավո՞ր է տեղի ունենա ֆորսմաժորային տարբերակ, եւ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ին չհայտնվի ԵՏՄ-ի կազմում: - Ոչ, ես այդպես չեմ կարծում, եւ անգամ հետագայում մայդանային տարբերակներ չեն լինի: Եղան կամ կլինեն հանրահավաքներ: Որքանով մենք հետեւում ենք իրադարձություններին, տեղի ունեցող հանրահավաքներին, այնտեղ մենք հակառուսական տրամադրություններ չենք նկատում, քանի որ իրենք եւս հասկանում են, որ մենք միասին շատ բան կարող ենք իրականացնել, փոխել կամ շտկել դեպի դրականը, տնտեսության զարգացմանը եւ այլն: