ԱԺ-ում շարունակվում է 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով` 40% աղքատություն ունեցող երկրում ինչո՞ւ են ավելանում արտաքին գործերի ապարատի ծախսերը, մեքենաներ են ձեռք բերվում, ո՞ւմ համար եւ ի՞նչ մակնիշի:
Պավել Սաֆարյանն ասաց, որ պետք չէ Հայաստանում 40 տոկոս աղքատության ու ԱԳ ծախսերի միջեւ կապ տեսնել: "Ծախսերի ավելացումն աշխատավարձերի հետ է կապված: Իսկ ավտոմեքենաների հետ կապված ասեմ, որ գնվել է ծառայողական երկու մեքենա` "Տոյոտա Կորոլա" եւ մեկ միկրոավտոբուս",- ասաց պրն Սաֆարյանը: Փոխնախարարը հիշեցրեց, որ պատգամավորները մինչ այս քննարկումը, ժամանակ ունեին առաջարկություններով հանդես գալու: "Եթե դուք քառասուն տոկոս աղքատությունը կրճատելու ռեսուրսներ գտնեք, մենք ուրախ կլինենք",- եզրափակեց Պ. Սաֆարյանը: Նշենք, որ ԱԳՆ-ին 2015 թվականի բյուջեից հատկացվելու է 12 միլիարդ 593 միլիոն 637 հազար դրամ: