ԵԳԱՆՅԱՆԸ` ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. "1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ"
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" համատեղ կազմակերպած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս երկրում առկա այլ խնդիրների, խոսեց նաեւ արտագաղթի մասին: Նա հայտարարեց. "Գաղջ մթնոլորտը, Սփյուռքի գործոնը կամ Ղարաբաղի սառեցված հակամարտությունը խաղաղ պայմաններում զանգվածային արտագաղթի երեւույթի հետ ոչ մի կապ չունեն, այլ սոսկ դատարկ պատրվակներ են` վերջինիս հիմնական պատճառը թաքցնելու համար: Անգամ միջնադարում խաղաղության շրջանում Հայաստանից զանգվածային արտագաղթեր տեղի չեն ունեցել": "Իրավունքը" միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից պարզեց` իրո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, վիճակն այդքան վա՞տ է:
"Ավելի լավ է` այդ հարցն իրեն ուղղեք: Վիճակի վատ կամ ավելի վատ լինելը ճաշակի հարց է: Ճաշակը կարող է տարբեր դրդապատճառներով դրսեւորվել: Մարդ կա, որ մեկ հոգու մշտական մեկնելն անգամ վատ երեւույթ է համարում: Ես էլ այդպես եմ համարում",- պատասխանեց Եգանյանը: Միգրացիոն ծառայության պետի խոսքով` արտագաղթը միայն հայկական ֆենոմեն չէ, մարդկության պատմության մեջ տեղաշարժեր միշտ եղել են: Պրն Եգանյանի տեղեկացմամբ` այս տարվա տվյալներով` ուղեւորահոսքերի անցած տարվա բացասական սալդոն շարունակվում է պահպանվել. բացասական մնացորդը 2013 թ.-ին` 2012 թ.-ի համեմատ կրճատվեց եւ 43.000-ից դարձավ 32.000` տարեկան կտրվածքով. "Հետեւաբար, հայտարարել, թե վերջին 1,5 տարվա ընթացքում արտագաղթը խորացել է, թվերը հակառակն են ասում: Անգամ հակառակը կարելի է ասել": Ինչ վերաբերում է արտագաղթի ներկայիս ցուցանիշները 1990-ականներին արձանագրված տվյալների հետ համեմատելուն, պաշտոնյայի խոսքով` դրանք անհամեմատելի են: "1992-1994 թթ.-ը համարվում էին զանգվածային արտագաղթի, արտահոսքի տարիներին: Այդ տարիներին Հայաստանից դուրս եկավ մոտ 600.000 մարդ: Այսինքն` տարեկան մեր երկրից արտագաղթել է 200.000 մարդ: 1995-2001 թթ.-ին վիճակը կայունացավ, բայց ՀՀ-ի համար արտագաղթի տեմպերը բարձր մակարդակի վրա էին: Յոթ տարիների ընթացքում ունեցանք մոտ 250.000-ի մարդկային կորուստ",- պարզաբանեց Գագիկ Եգանյանը հավելելով, որ ճիշտ չէ այսօր օգտագործել "զանգավածային արտագաղթ" բառակապակցությունը: