"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ
Արխիվ 12-16"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է
ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ
Թեպետ ԱԺ "Ժառանգություն" խմբակցությունը միակ քաղաքական ուժն է խորհրդարանում, որը դեմ է արտահայտվել Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության անդամակցմանը, բայց, ըստ երեւույթին, կամաց-կամաց համակերպվում է այդ գործընթացին: Կամ էլ ականջալուր է եղել ոչ իշխանական "եռյակում" իրեն թելադրող համարող ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, թե ավելորդ են այս հարցում ջղաձգումները: Ինչեւէ, հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որին ներկա էին հայ եւ ռուս պատգամավորներ, փոխնախարարներ, երկու երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններ: Ուշագրավ էր այն, որ հանձնաժողովի նիստին սիրով մասնակցում էր ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ավելին` քիչ ուշ եկավ նաեւ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մինչդեռ, զարմանալիորեն, նիստը բոյկոտեցին ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները, ինչ է թե, իրենց անունները սեղաններին տեխնիկական պատճառներով գրված չէին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

