ԱՍՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՌԱՄԱԽՏԻ ԵՎ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՍՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՌԱՄԱԽՏԻ ԵՎ ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
"Եռյակը" որդեգրել է նույն տեխնոլոգիան, ինչ ժամանակին օգտագործում էր ԼՏՊ-ն` ՀԱԿ դաշինքը ձեւավորելիս: Այսինքն` ներգրավել նոր կուսակցություններ, թեկուզեւ դրանք տեղավորվեն "Զապորոժեց" մակնիշի մեկ ավտոմեքենայի մեջ կամ բաղկացած լինեն բացառապես կուսակցապետից եւ կուսակցական կնիքից: Խնդրեմ, երկու այդպիսի միավոր արդեն հայտնվել են` ի դեմս քոչարյանական նվիրյալ Գառնիկ Իսագուլյանի եւ նախագահական ընտրություններին տասնամյակներով զրո ամբողջ տոկոսներ վաստակող Արամ Հարությունյանի:
Իսկ դրա "ցեցը" գցել էր ՀԱԿ առաջնորդը, երբ հայտարարել էր, որ իրենք "եռյակ" չեն, միեւնույնն է` "քառյակ" են, քանզի կա Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն:
Ի՞ՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ` ՄԻԱՅՆ ԲՀԿ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
"Եռյակին" կամ (ելնելով միացած միկրոկուսակցությունների քանակից) "չգիտեմինչյակին" բավականին դաժան գնահատական է տվել ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ "եռյակ"` որպես այդպիսին, ընդհանրապես չի տեսնում, կա միայն ԲՀԿ, իսկ մնացյալը դեկորացիաներ են:
Եվ, իրոք, ծերուկ Տեր-Պետրոսյանը էլ մարդ չմնաց, որ չտրամադրի իր դեմ, նրա թիկունքին կան ընդամենը մի բուռ ֆանատներ, գումարած նաեւ նրանց, ովքեր ՀԱԿ-ի գրասենյակ ու այլ միջոցառումների գալիս են այնքանով, որքանով փող կա: Իսկ փողը ՀԱԿ-ին տվողը էլի նույն ԲՀԿ-ն է: Ծեր ղառղառը թեեւ նրա մտքերի մի մասը եւ հատկապես տափակ անեկդոտները ստիպում են մտածել ծերունական զառամախտի մասին, այնուամենայնիվ, նույն ԲՀԿ-ականների մոտ որոշակի մտավախություններ է հարուցում, քանզի հայտնի է իր բացառիկ նենգությամբ եւ դիմացինին օգտագործելու, այնուհետ "քցելու" հիվանդագին մոլուցքով:
Ինչ վերաբերում է Րաֆֆիին, ապա վերջինս էլ մանկամիտ խորամանկությամբ արդեն 2-րդ հանրահավաքն է, որ փչացնում է մյուսների գործը:
եեւ նույն ԲՀԿ-ի մակարդակով խոստովանում են, որ դեռ չունեն դիրքորոշում` ԵՏՄ-ի հարցում, սակայն Լեւոնը մի գլուխ ռեվերանսներ է անում Մոսկվայի հասցեին, իսկ Րաֆֆին վեր է կենում եւ հայհոյում ԵՏՄ-ին` միանգամից ապահովելով այն, որ համապատասխան ԶԼՄ-ները գրեն, թե Երեւանում բազմահազարանոց ցույց է եղել ընդդեմ ԵՏՄ-ի: Կամ կարող են չգրեն էլ, ընդամենը ցույց տան հրապարակի ամբոխը, այնուհետ` հարթակում կանգնած Րաֆֆիին, եւ տան նրա ելույթի համաժամանակյա թարգմանությունը: Ինչեւէ, թեեւ Րաֆֆին խանգարում է Մոսկվային ուղղված պարզունակ խորամանկություններին, բայց շուն-գել խորհրդարանական կուսակցության նախագահ է: Բայց նրան վերաբերվում են որպես կրտսեր գործընկերոջ` առանց իրեն որոշումներ են կայացնում եւ դնում փաստի առաջ: Դե, եթե դրան գումարենք նաեւ այն կադրերը, թե ինչպես հարթակում ժողովրդի աչքի առաջ բռունցքով կատակով բզում են Րաֆֆու փորը, ապա պարզ է, որ նաեւ կա "Ժառանգության" առաջնորդին մշտապես նվաստացնելու միտում: Թե ինչու` միգուցե դրդում են, որ նեղանա-հեռանա: Բայց այդ ամերիկացի կուսակցապետը, ինչպես կասեր ժողովուրդը, "երեսը պադոշացրած" հա չի գնում ու չի գնում: "Քեռի Սեմի" համար է ժրաջան աշխատում, ապահովելով կեղծ Մայդանի տեսապատկերը: Նրան կուսակցության ներսից էլ են բզբզում, Զարուհի Փոստանջյանն արդեն հանգիստ հանդուրժում է, որ իր սեփական ֆեյսբուքյան պատին հրապարակավ ձեռ առնեն իր կուսակցության ղեկավարին:
Ինչեւէ, Աշոտյանն անշուշտ իրավացի է "դեկորացիաների" պահով: Րաֆֆին իսկական դեկորացիա է` ապահովելու բազմահազարանոց հակառուսական հանրահավաքի տպավորություն` Արեւմուտքի կամ ռուս լիբերաստների միջավայրում: Լեւոնը բեմադրությունը զարդարում է ոսկեղենիկ հայերենով ասված դատարկ ճառերով եւ գիտությունների դոկտորի ու ՀՀ առաջին նախագահի փայլփլուն տիտղոսներով, սակայն ռեսուրսը չնչին է, նույնիսկ ՀԱԿ խմբակցության ներսում չի կարող միասնականություն ապահովել: Դե իսկ Ստեփան Դեմիրճյանի, Գառնիկ Իսագուլյանի, Արամ Հարությունյանի պես "խուրդա" դեմքերն էլ դեկորացիա են ու դեկորացիա են, որ պետք է ապահովեն քաղաքական ֆորմատում ընդգրկված կուսակցությունների գլխաքանակ:
Իսկ հանրահավաքների մարդկային գլխաքանակը ապահովողը էլի ԲՀԿ-ն է: Այսինքն` նա է ապահովում մարդկային եւ ֆինանսական ռեսուրսով Ազատության հրապարակի շոուները, նա է կերակրում դեկորացիայի վերածված հմուտ հռետորներից մեկին, եւ ի վերջո, որպես վճարող` հենց նա էլ պատվիրում է երաժշտությունը:
"ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ",
ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Եվ այսպես, "եռյակային" գործունեության երեւացող մասի միակ դերակատարը ԲՀԿ-ն է: Ճիշտ է, Գառնիկ Իսագուլյանն այդտեղ թերեւս հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի կոմիսար, սակայն ինքնուրույն որեւէ դերակատարում ունենալ չի կարող: Ուրեմն որպես ի՞նչ է հանդես գալիս ԲՀԿ-ն, որ հանրահավաքային որեւէ ռեալ կամ արժեցող պահանջ չի հնչում հարթակից: Որեւէ ռեալ բան չկա, եւ այդ կուսակցության գործիչների հարցազրույցներում եւ այլ հրապարակային ելույթներում, նույնիսկ անտեսված է ԲՀԿ-ի 2012-ի ծրագրի զինանոցը, որը գոնե կարող էր հիմք դառնալ օրենսդրական նախաձեռնությունների, ու նոր միայն կոնկրետ նախաձեռնությունները բերվեին Ազատության հրապարակ: Բայց, երեւի թե, նրանց պետք էլ չէ կոնկրետ որեւէ ոլորտի կամ օրենքի բարեփոխում, այդ պատճառով բացի "խաղաղ իշխանափոխությունից" եւ "արտահերթ ընտրությունների շտաբներից" ոչինչ չենք լսում: Այսինքն` լոկ ճնշումն է նպատակը, թերեւս ստվերում մնացած Ռոբերտ Սեդրակիչը ինչ-որ բան է ուզում իշխանությունից...
Սակայն անդրադառնանք շտաբներին: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որը ՀՀՇ-ական լինելու ժամանակաշրջանում կրում էր Ղարագեբակյան ազգանունը, առաջինը հնչեցրեց "արտահերթ ընտրությունների շտաբներ" բառակապակցությունը: Բայց նույն Մարգարյանը հիշատակեց, որ փետրվար-մարտին ԲՀԿ-ն կհայտարարի իր ընդդիմադիր կարգավիճակի մասին: Հիմա ի՞նչ ընդդիմադիր լինելու մասին է խոսքը, եթե ձեւավորվում են արտահերթ ընտրությունների շտաբներ: Եթե իրոք արտահերթ ընտրությունների, այսինքն` ռեալ իշխանափոխության գործնական ծրագիր գոյություն ունենար, նույն ԲՀԿ-ն պետք է մտածեր ապագա իշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր կարգավիճակի մասին:
Թե՞ իշխանափոխության գործընթացի իմիտացիան սոսկ իշխանության վրա ճնշում գործադրելու միջոց է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի դիրքերը ինչ-ինչ ստվերային գործընթացում պինդ լինեն: Իսկ ռեալ փետրվար-մարտին ընդդիմադիր լինելու մասին հայտարարություն կարող է անել ոչ թե ամբողջ ԲՀԿ-ն, այլ այդ կուսակցության օսկանյանական "նարնջագույն" թեւը: Խոշոր բիզնեսը ներկայացնող հատվածը իր բնույթով իսկ չի կարող լինել, եւ եթե խոսվում է ապագա ընդդիմադիր կարգավիճակի մասին, թերեւս ենթադրվում է, որ կուսակցությունը պետք է տրոհվի` գործարարները թողնեն գնան, "նարնջագույնները"` Վարդան Սիվիլիթասիչի գլխավորությամբ ընդդիմադիր գործողություններ անեն: Չնայած տարաբաժանման հոտը միգուցե կգա նոյեմբերի կեսերին, երբ ԱԺ-ում քվեարկվելու է Եվրասիական միության անդամակցության վավերացումը: Պիտի կողմնորոշվեն, չէ՞, թե ինչպես քվեարկել: ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ, զորօրինակ, Գուրգեն Արսենյանը հիմիկվանից են ասում, որ կողմ են քվեարկելու, սակայն կուսակցությունը` որպես այդպիսին, ԵՏՄ-ի վերաբերյալ պաշտոնական կուսակցական տեսակետ չունի: Միգուցե, հենց այդ քվեարկությո՞ւնը կդառնա ներկուսակցական ջրբաժան:
Բայց, խոշոր հաշվով, այդ կուսակցության վիճակն այդքան էլ նախանձելի չէ: Երկու հանրահավաք արել են, շարունակության դեպքում առաջ կգա կարմիր գիծը հատելու հարցը, սակայն հանրահավաք չանելն էլ չեն կարող: Եթե կարմիր գիծը հատեցին` տրոհումն անխուսափելի է, քանզի բիզնեսը միշտ փախչում է ընդդիմադիր կարգավիճակից: Խաչատուր Սուքիասյանի եւ մի քանի ուրիշների ճակատագրերը վկա... Տրոհման դեպքում կստացվի սովորական ընդդիմադիր կուսակցություն, որը հաջորդ ընտրություններին մոտիկ էլ չի գա ԲՀԿ-ի 2012-ի արդյունքներին: Եթե շարունակեն անորոշ "այլընտրանքային" կարգավիճակը, դա վարկանիշի համար արդեն բացասական դեր կարող է խաղալ, ի վերջո նույն ընտրողների մոտ հարց կառաջանա` այս կուսակցությունը իշխանակա՞ն է, թե` ընդդիմադիր: Իսկ ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա մտնելու դեպքում նախ` բավականին համեստ քվոտաներով կընդունեն "անառակ որդու վերադարձը", եւ երկրորդն էլ` գործնականում անխուսափելի կդառնա ՕԵԿ-ացման գործընթացը:
Կարճ ասած, լավ սցենարներ չեն մնացել: Անշուշտ, դրանում իրենց դերակատարությունն ունեն Ռոբերտ Քոչարյանը` ստվերում եւ Վարդան Սիվիլիթասիչը` բացահայտ: Իսկ թե վատի ու վատագույնի միջեւ ինչ ընտրություն կկատարվի, կերեւա առաջիկայում: Բայց բոլոր դեպքերում 2012-ի ԱԺ ընտրություններին կոալիցիայից դուրս եկած, սակայն ընդդիմության կայարանը այդպես էլ չհատած վիթխարի կուսակցության իներցիան անցած 2,5 տարիների ընթացքում գրեթե սպառվել է: Իներցիոն գործընթացների ռեսուրս այլեւս գրեթե չկա, եւ առջեւում դժվարին ընտրությունն է: Ընտրություն այդ կուսակցության համար, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ, որոնց նույնիսկ ասողները չեն հավատում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

