ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ.«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»
Արխիվ 12-16ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ.«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարելուց հետո ԵՄ կողմից հայտարարվեց, որ հնարավոր չի լինի նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ համատեղելի չեն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու և Մաքսային միության դրույթները: Չնայած սրան` նախորդ տարի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Վիլնյուսում ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։
«Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից պարզեց, թե, ի վերջո, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո ինչպե՞ս են այսուհետ զարգանալու Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արդյոք հույս կա, որ ՀՀ-ը, Ուկրաինայի օրինակին հետեւելով, կստորագրի ասոցացման բաղադրիչի քաղաքական մասը: «Պետք է արագ կազմակերպենք բանակցային գործընթաց, որպեսզի Հայաստանը համոզել մինչեւ հունվարի երկուսը ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը»,- ասաց պատգամավորը:
Քանի դեռ Հայաստանը չի ստորագրել ասոցացման համաձայնագիրը, պատգամավորը հիշեցնում է 1999 թ-ին ուժի մեջ մտած գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն էլ այսօրվա մեր ծրագրերի իրականացման հիմքն է: «Դա պետք է թարմացնել, քանի որ այն շատ հին է եւ չի համապատասխանում այսօրվա չափանիշներին: «Եվրոպական նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք շարունակում է կատարել մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում: Իսկ թե ինչպես կզարգանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները, կախված է երկու կողմերի քաղաքական կամքից: Երեկ մի քանի անգամ ԱԺ-ում ԱԳ նախարարության ներկայացուցչին հարցրել եմ 2015 թ-ի բյուջեով քանի անգամ է նախատեսված բանակցային խմբեր ուղարկել Բրյուսել, ԵՄ-ի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան: սակայն այդպես էլ հարցիս պատասխանը չհնչեց: Չնայած սրան, Հայաստանը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել այն ամենը, ինչը չի հակասում այլ պայմանավորվածությունների»,- ասաց պատգամավորը:
-Պրն Պողոսյան, ասացիք, որ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը պետք է թարմացվի: Թարմացվելու քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Այնպես, թե այսպես արվում էր: Անգամ Եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում իրավական պայմանագիրն արդեն չէր համապատասխանում, բայց քանի որ ակնկալվում էր հասնել ասոցացման համաձայնագրի, առանց իրար կաշկանդելու հին պայմանագրող, փորձում էին ավելիին հասնել: Այսօր էլ մեր իշխանությունները քաղաքական պատրաստակամություն հայտնում են ստորագրել ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչը, բայց մի բան է հայտարարելը, մի բան է դա կյանքի կոչելը: Նոյեմբերի 1-ից իշխանությունների նոր պատասխանատուներ են լինելու Եվրամիության ղեկավարության կազմում, եւ դա լավ հնարավորություն է բանակցելու համար:
Հույս ունեմ, որ առաջիկայում կգտնվի այն ձեւաչափը, որով ԵՄ-ը կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ:
-Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո հույս կա՞, որ Հայաստանը կստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:
-Կարող է ամբողջական քաղաքական բաղադրիչը չլինի, լինեն դրա բաղկացուցիչ մասերը: ԵՄ-ը ժամանակին նախաձեռնում էր դոնորների կոնֆերանս գաղափարը, որը պլանավորում էր 1 մլրդ եվրոյի շրջանակներում կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եթե լինեն ճիշտ բանակցողներ, գուցե ամեն ինչ լավ ընթանա:
-Ասոցացման համաձայնագրի ստորագրման կողմնակիցները հայտարարում էին, որ ստորագրումից հետո Հայաստանում կիրականացվեն ներդրումային մեծ ծրագրեր: Կարելի՞ է ասել, որ Հայաստանի` մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ ծրագրերն այլեւս իրականություն չեն դառնա:
-Կային համապատասխան գումարներ, որոնք պետք է միտված լինեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելուն: Եթե այդ ամենն իրականացվեր, ստեղծվելու էր մի անպիսի տնտեսական դաշտ Հայաստանում, որը գրավիչ կլիներ արտասահմանյան ներդրողների համար: Բայց քանի որ չի եղել առաջինը, չի լինելու նաեւ երկրորդը: Հիմա, ես չգիտեմ, եթե Հայաստանը գնում է ԵՏՄ, արդյոք այնպիսի դաշտ է ձեւավորվելու, որ ներդրողները մեզ մոտ ավելանան: Դա մեր հարցականներից մեկն է:
-Կարծիք կա, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո եվրոպացի որոշ պաշտոնյաներ հիասթափվել են ՀՀ-ից եւ չեն ցանկանում որեւէ ծրագիր այստեղ իրականացնել, ավելին, եթե մինչ սեպտեմբերի երեքը եվրոպացիներն էին ավելի շատ էին ձգտում խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, այսպես ասած, նրանց սիրտը շահելու համար:
-Մի բան պետք է միշտ գիտակցենք. ցանկացած կողմ առաջնորդվում է իր շահերով: Հայաստանի շահերից բխո՞ւմ է ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելը, իր ապրանքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը: Եթե դա մեր շահերից բխում է, մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ: Ինչ վերաբերում է հիասթափված լինելուն, կա նման բան: Նրանք ասում են, որ գիտակցում են մեր սուվերեն իրավունքը: Բայց եվրոպացիների հիասթափությունն ինձ այս րոպեին այդքան չի հետաքրքրում, որքան մեր սեփական շահերը:
Սոնա Դավթյան

