«ՍՅՈՒԶԱՆՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ». «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» Բ/Կ-Ի ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐ
Արխիվ 12-16«ՍՅՈՒԶԱՆՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ». «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» Բ/Կ-Ի ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ
«Իրավունքը» նախորդ հրապարակումներում անդրադարձել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում օգոստոսի երկուսին արձանագրված 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանի մահվան դեպքին եւ ու մահվան փաստով հարուցված քրեական գործին:
Հիշեցնենք` Սյուզաննա Իսրայելյանը մահացել էր չորրորդ երեխան ծննդաբերելիս: Սյուզաննայի մայրը`Հասմիկ Հովհաննիսյանը, բազմիցս հայտարարել է` դստեր մահվան համար մեղավոր է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Արեն Գյոզալյանը:
Սեպտեմբերի 17-ի հրապարակման մեջ գրել էինք, որ բժիշկը, ինչպես պնդում է տիկին Հովհաննիսյանը, խուսափում է քննիչին ներկայանալուց: Այսօր «Իրավունքի» հետ զրույցում Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ Արեն Գյոզալյանը ցուցմունք տվել է, որտեղ գրված է, որ Սյուզաննան մահացել է պտղաջրային էմբոլիայից: «Ես էլ ասում եմ, եթե Սյուզաննան մահացել է պտղաջրային էմբոլիայից, ինչո՞ւ բժիշկը մինչ ցուցմունք տալը ինձ դրա մասին չէր ասում: Նա ինձ սկզբում ասում էր, որ չգիտի աղջիկս ինչից է մահացել: Ավելին ասեմ, հեռուստաընկերություններից մեկը` Հ3-ը, փորձել է բժշկից պարզաբանում ստանալ, սակայն նա ասել է` դուք ով եք, որ ես ձեզ պատասխան տամ, ժամանակ չունեմ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով` մինչեւ նոյեմբերի կեսերը դատաբժշկական փորձաքննության արդյունքներից պարզ կլինի` Սյուզաննան, իրոք, նախնական կլինիկական ախտորոշման համաձայն՝ մահացել է պտղաջրային էմբոլիայից:
Սյուզաննա Իսրայելյանի երեխան, ի դեպ, արդեն երեք ամիս է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է եւ դեռ հայտնի չէ ինչքան ժամանակ պետք է մնա: «Անկեղծ ասած, երեխայի առողջության բարելավվան առումով առաջընթաց չենք տեսնում: Գլխավոր բաժնի վարիչն արձակուրդի մեջ է: Արձակուրդից գա,տեսնենք ինչ է ասում: Երեխային մասաժներ են նշանակել, իսկ մի քանի ամիս առաջ ասում էին, որ մասաժներ պետք չեն»:
Տիկին Հովհաննիսյանի խոսքով, եթե երեխայի առողջության բարելավվման միտումներ իրենք չտեսնեն, հավանաբար, երեխային բուժման նպատակով կտեղափոխեն արտասահման:
Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանի հետ: Վերջինիս խոսքով`երեխան ծնվել է առանց շնչառության ու սրտի աշխատանքի. «Վերակենդանացման աշխատանքների շնորհիվ երեխայի սրտի աշխատանքն ու շնչառությունը վերականգնվել է: Երեխան գտնվել է ծայրահեղ ծայր վիճակում, ապարատային շնչառության տակ, ապարատից դուրս է եկել բավական ուշ: Վերականգնվել են կենսական կարեւոր օրգանների գործառույթները, երեխան նորմալ սնվում է յուրացնում է: Ցավոք սրտի, կան մնացորդային երեւույթներ, մասնավորապես կլման ակտի, շարժումների, մկանային տոնուսի հետ կապված, որը բավական երկար վերականգնողական բուժում է պահանջում, որն էլ արվում է մեր կլինիկայում»:
Ինչ վերաբերում է Հասմիկ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե երեխայի առողջության բարելավվան առումով առաջընթաց չկա, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչի խոսքով` Հասմիկ Հովհաննիսյանը, չլինելով մասնագետ, չի կարող ասել կա առաջընթաց, թե ոչ:
Անդրադառնալով Հասմիկ Հովհաննիսյանի այն պնդումներին, թե ինքն է մեղավոր Սյուզաննա Իսրայելյանի մահվան համար, Արեն Գյոզալյանն այսպես արձագանքեց. «Դա տիկին Հասմիկի իրավունքն է, թե ինչ ասի, ոնց ասի: Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ գործը իրավապահների ուշադրության կենտրոնում է, սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին ու մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը»:
Մեր դիտարկմանը, թե քննիչին տված ցուցմունքում Ա. Գյոզալյանը ասել է, որ Սյուզաննան մահացել է պտղաջրային էմբոլիայից: «Ես վստահ եմ իմ ասածների մեջ, բայց վստահ լինելու համար փաստացի թուղթ է պետք, որում արտացոլված կլինի այդ ամենը»,- եզրափակեց մանկաբարձ-գինեկոլոգը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

