«ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵԹԿՊԻ-ՈՒՄ
Արխիվ 12-16«ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵԹԿՊԻ-ՈՒՄ
Այս տարի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում ավանդույթի համաձայն նշվեց նաեւ անվանի կինոգործիչների հոբելյանները` Առնոլդ Աղաբաբովի (85), Բագրատ Հովհաննիսյանի (85), Գենադի Մելքոնյանի (70), Արման Մանարյանի (85): Բացի նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունից, բուհերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մեր մեծերը» խորագրով կլոր սեղան:
Հայտնի հայ կինոգործիչների կյանքի եւ ստեղծագործությունների կարեւոր դրվագները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին ներկայացրեցին նույն բուհի դասախոսները եւ բարձր կուրսի ուսանողները` Սիրանուշ Գալստյան, Սուրեն Հասմիկյան, Րաֆֆի Մովսիսյան, Սերգեյ Գալստյան, Գարեգին Զաքոյան եւ Արամ Ավետիսյան: Մինչ զեկույցների ներկայացումը` բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Անետա Երզնկյանը.«Արդեն երեք տարի է, որ մենք «Կինաշուն» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք կլոր սեղան քննարկում`նվիրված հայ անվանի կինոգործիչներին: Ինձ համար այսօրվա կլոր սեղան քննարկումը իր նյութով շատ կարեւոր է, քանի որ կխոսենք այն մարդկանց մասին, ովքեր մեծ ավանդ են ունեցել հայկական կինոյի զարգացման գործիում»,-նշեց ԱՆԵՏ ԵՐԶՆԿՅԱՆԸ:
Կլոր սեղան քննարկման ընթացքում զեկուցողները ուսանողներին պտմեցին կինոգործիչների ստեղծագործական անցած ճանապարհի, հայ կինոյում ունեցած ավանդի, ինչպես նաեւ նրանց թողած հետաքրքիր մտքերի մասին, որոնք արդիական են նաեւ այսօր:
Նշենք, որ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին եւ կավարտվի նոյեմբերի 7-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

