ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. ««ԵՌՅԱԿՈՒՄ» ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ԿԱՆ ԵՏՄ-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ»
Արխիվ 12-16ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. ««ԵՌՅԱԿՈՒՄ» ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ԿԱՆ ԵՏՄ-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ»
Հոկտեմբերի երեքին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը թեւ հայտարարել էր, որ ՕԵԿ-ականներն ազատ են հոկտեմբերի 24-ի «եռյակի» հանրահավաքին մասնակցելու, սակայն կարծես թե ոչ մի ՕԵԿ-ական այդ ազատությունից չի օգտվել: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ չի մասնակցել «եռյակի» հանրահավաքին, բայց ստացել է նորմալ տպավորություն:
-Պրն Շահգելդյան, ՕԵԿ-ը համամի՞տ է «եռյակի» այն հայտարարությանը, որ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-Մենք չենք բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը: Քաղաքական զարգացումներն ամեն ինչ ցույց կտան:
-Հնարավո՞ր է համագործակցեք «եռյակի» հետ այս կետի շուրջ:
-Խնդիրը հետեւյալն է: Մենք որ ասում ենք, թե չենք բացառում, նկատի ունենք քաղաքական զարգացումների տեսանկյունից: Ժամկետներից առաջ չանցնենք: Ինչ վերաբերում է «եռյակի» հետ համագործակցությանը, ապա կա համագործակցություն տարբեր ուղղություններով եւ ոչ միայն «եռյակի» հետ:
-«Եռյակի» ուժերը հանրահավաքում իշխանափոխության մասին էին խոսում: Կա՞ն իշխանափոխության նախադրյալներ:
-Այդ հարցով դիմեք իրենց:
-Բայց իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ:
-Իշխանափոխություն ցանկացած դեպքում տեղի է ունենում: Դրանք լինում են ընտրությունների ընթացքում, մինչեւ հերթական ընտրություններ…
-Մինչեւ հերթական ընտրություններ կլինի՞…
-Ներողություն: Մենք կարծում ենք, որ քաղաքական համակարգի բարեփոխումների ու փոփոխություն կա նաեւ քաղաքական համակարգի զարգացման համար:
-Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ըստ էության, իշխանության հետ բանակցելու ու երկխոսելու ակնարկ արվեց: Իշխանություն-«եռյակ» երկխոսությունը հավանական համարո՞ւմ եք:
-Ես նման գնահատականներ չեմ տալիս, այսինքն` կողմ չեմ նման գնահատականի: «Եռյակում» հավաքված են երեք քաղաքական ուժեր իրենց մոտեցումներով ու տեսլականով:
-Համամի՞տ եք իրենց մոտեցումներին:
-Շատ ընդհանրական հարցեր եք տալիս: Այո, բազմաթիվ հարցերում մեր տեսակետները համընկնում են:
-Իսկ ո՞ր հարցում չի համընկնում:
-Ձեր հարցը բավական լայն է: Դե, օրինակ, իրենք հանրահավաք են անում, մենք չենք մասնակցել հանրահավաքին…
-Չնայած, որ ՕԵԿ-ականներն ազատ են եղել հանրահավաքին մասնակցել-չմասնակցել…
-Այո,մեզ մոտ ազատ է: Մենք էլ ենք արել հանրահավաք…
-Իրենք չեն եկել…
-Ուզում եք փոխկապվածություն գտնել, բայց… մենք էլ անում հանրահավաք, իրենք էլ անում: Եթե պարզ խոսենք, նույն «եռյակում» կան տարբեր տեսակետներ եվրասիական տնտեսական միության հետ կապված:
Սոնա Դավթյան

