ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ԴԺՎԱՐ ԲԱՆ Է ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՈՏՔ ՄԵԿՆԵԼԸ»
Արխիվ 12-16ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ԴԺՎԱՐ ԲԱՆ Է
ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՈՏՔ ՄԵԿՆԵԼԸ»
Հոկտեմբերի 18-22-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանը ներկայացել է, ըստ Միշել դե Գելդերոդեի, «Խոստովանություն» մոնոներկայացմամբ եւ օրերս Հայաստան վերադարձել Գրան Պրիով: Ի դեպ, այն տվյալ ներկայացման 3-րդ մրցանակն է: Իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 14-18-ը Մ. Ջանիբեկյանն ու Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արա Գեւորգյանը մասնակցել են Լիտվայում կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական 9-րդ փառատոնին: Մ. Ջանիբեկյանը ցուցադրել է ըստ Միշել դե Գելդերոդեի «Խոստովանություն», իսկ Ա. Գեւորգյանը` Ա. Չեխովի «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումները:
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալված դերասանները, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ու ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ խոսելով 2 փառատոնի եւ դերասանների փայլուն հաջողության մասին` հավաստիացնում էին, որ գնահատված լինելը, կապ չունի քո երկրում, թե երկրի սահմաններից դուրս, հաճելի է դերասանի համար:
Կիսվելով միջազգային մրցույթից ստացած տպավորություններով` ՄՈՒՐԱԴ
ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն ու անձամբ նախարարին` իրեն երեք մրցանակի արժանացրած ներկայացման բեմադրությանը սատար կանգնելու եւ փառատոնային ճանապարհածախսը հոգալու համար, ապա շեշտեց. «Դժվար բան է դրսի աշխարհի հետ ոտք մեկնելը, երբ լեզուն էլ անծանոթ է, կարծես խուլ ու համր լինես: Կրկնակի դժվար է դրսի աշխարհից քո երկրի համար մի լավ բան բերելը: Գեղեցիկ է, երբ տեսնում են եւ գնահատում, որովհետեւ գեղեցիկը տեսնողը նաեւ ներկա է դրա արարամանը: Ցավալի է, երբ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այն: Ինչեւէ, շնորհակալ եմ Մ. Մխիթարյանին, քանի որ այս ամենի առաջին «մեղքն» իրենն է: Երկար տարիներ` տասնյակ տարի, ես գործ չեմ արել, չնայած` պարապ չեմ մնացել, 2 գեղարվեստական ֆիլմ եմ արել, բայց այսօր երեւի էլի բախտը ժպտաց, եւ ինձ հնարավորություն տրվեց անել այս ներկայացումը»:
Թեման ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

