Ո՞ր ռեժիմն է իրականում խուճապի մեջ
Արխիվ 12-16Ո՞ր ռեժիմն է իրականում խուճապի մեջ
Ոչ հրաշալի եռյակայինների շրջանում վերջին ժամանակներս ամենաթնդացող արտահայտությունը «Ռեժիմը խուճապի մեջ է» «ասույթն» է: Եվ որքան էլ տարօրինակ է՝ սակայն ԲՀԿ-ա-ՀԱԿ-ական այս ծամծմված մտքի հետ հիմա պետք է համաձայնվել, քանի որ խուճապ իրոք կա, ռեժիմը իսկապես խուճապի մեջ է... Միայն թե հարց է՝ ո՞ր ռեժիմը:
Դե ինչպես հասկացաք՝ խոսքը ԲՀԿատերպետրոսյանական ռեժիմի մասին է, որտեղ տիրող խուճապի մասին կարողացել ենք տեղեկանալ սեփական աղբյուրներից:
Ըստ այդ աղբյուրների՝ եռյակում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն: Իրազեկ մարդիկ պնդում են, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված մի շարք հարցեր այնքան էլ հարթ չեն ընթացել, ավելին` հանրահավաքի նախօրեին նույնիսկ հարցականի տակ է եղել եռյակի լիդերների մասնակցությունը: Ինչպես արդեն գիտեինք, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» կտրականապես դեմ են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այն թեզին, թե իրենք շարունակում են մնալ «հրաշալի քառյակ» և ՀՅԴ-ին փոխարինել է ՀԺԿ-ն: «Ժառանգությունը» հասկանում է, որ այդ դեպքում ինքը քառյակում կարող է դառնալ փոքրամասնություն, իսկ ԲՀԿ-ն մտածում է, որ եթե հարցերն այդպես են լուծվում, ապա այդ դեպքում ինչո՞վ է ինքը պակաս՝ այս դեպքում ոչ թե Իվանիշվիլիից, այլ Տեր-Պետրոսյանից, որ չի կարող ինքը եռյակ բերել իր գրպանային պսեւդո-կուսակցություններին, ինչպիսիք են Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» կամ Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը»:
Եթե նկատել եք՝ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ՀԺԿ-ի հետ «ախպերանալու» հարցում իրենց դժգոհությունը հայտնել են նույնիսկ հրապարակավ` դիվանագիտորեն ձևակերպելով, թե Ստեփան Դեմիրճյանը «ՀԱԿ» խմբակցության անդամ է և մեխանիկորեն ընդգրկված է եռյակի կազմում` որպես ՀԱԿ ներկայացուցիչ:
Խոսակցություն կա, որ նույնիսկ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին Ստեփան Դեմիրճյանի ելույթ ունենալու հարցը լուրջ տարաձայնությունների է հանգեցրել հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ: Կրքերն այնքան են թեժացել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է «վա բանկ»` կտրուկ հայտարարելով, որ եթե Դեմիրճյանը հանրահավաքին ելույթ չունենա որպես քառյակի լիդերներից մեկը, ապա ինքն ընդհանրապես չի մասնակցի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Բայց քանի որ այդ կարգավիճակում Դեմիրճյանի ելույթին դեմ են եղել և ԲՀԿ-ն, և «Ժառանգությունը», Տեր-Պետրոսյանը զիջել է իր դիրքերը և Դեմիրճյանին ելույթի իրավունք է տրվել ՀԱԿ-ի քվոտայով: Ինչպես հայտնի է նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքից, ելույթների մասով եռյակում գործում է «3-3-3» ձևաչափը և յուրաքանչյուր կուսակցության տրված է 3 ելույթի իրավունք: Սակայն իրավիճակը փրկելու համար այս անգամ Լյովիկ Զուրաբյանն իր թաց տեղը զիջել է Ստեփան Դեմիրճյանին, ինչից ելնելով էլ սահմանված ձևաչափը չխախտելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթի իրավունքը զիջել է ԲՀԿ-ական քարոզիչ Անդրանիկ Թևանյանին:
Ի դեպ, ՀԺԿ-ից հատկապես ԲՀԿ-ի դժգոհությունն այնքան մեծ է, որ հոկտեմբերի 27-ին ԲՀԿ-ի ղեկավարությունը չի այցելել Պանթեոն` Կարեն Դեմիրճյանի գերեզմանին, դեռ ավելին` հոգացել է, որ իրենց լրատվամիջոցներում այդ մասին հատուկ ընդգծվի: ԲՀԿ-ի այս քայլը նոր տարաձայնություններ է առաջացրել եռյակի ներսում և դրանք այնքան են խորացել, որ այս պահի դրությամբ հարցականի տակ է առաջիկա հանրահավաքը, որի մասին արդեն իրազեկվել էր Երևանի քաղաքապետարան և տարվել էին որոշ նախապատրաստական աշխատանքներ:
Բավականին հետաքրքիր է եղել նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն նախորդ հանրահավաքի, հոկտեմբերի 24-ին ազատմարտիկներին ելույթի իրավունք չտրվեց և դա, ըստ հավաստի լուրերի, եղել է ԲՀԿ-ի միանձնյա որոշումը, քանի որ հենց նա է ֆինանսավորում ազատամարտիկների այդ խմբին: Այդ որոշումը պայմանավորված է եղել ոչ միայն նրանով, որ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը` նույն ինքը «Ապարանցի Ռազը», մտադիր է եղել հայտարարել ազատամարտիկների նստացույցի մասին, այլ նաև նրանով, որ թեև այդ ազատամարտիկները ֆինանսավորվում են ԲՀԿ-ի կողմից, սակայն գաղափարապես նրանք լիովին գտնվում են Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության դաշտում: Ի դեպ, Ռազմիկ Պետրոսյանը նույնպես հոկտեմբերի 24-ին նստացույց սկսելու կողմնակից է եղել, ինչը, սակայն, հենց հանրահավաքի իր ելույթում բացառել է Գագիկ Ծառուկյանը:
ՀԺԿ-ի դարդը քիչ էր, հիմա էլ վերջին հանրահավաքից հետո ԲՀԿ-ին խիստ անհանգստացրել է մեկ այլ հանգամանք: Պարզվում է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի կազմակերպման (մասնավորապես` մարդաքանակ ապահովելու) համար ԲՀԿ-ն ավելի շատ գումար է հատկացրել, քան հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, սակայն դա սպասված արդյունքը չի տվել և հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մի քանի հազարով ավելի քիչ մարդ է մասնակցել, քան նախորդ հանրահավաքին: Այդ «բացթողման» հանգամանքները պարզելու նպատակով ԲՀԿ-ում ներքին «ռազբորկաներ» են սկսվել ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ, ով հանդիսանում է ՀԱԿ-ԲՀԿ կապավորը և փոխանցում է գումարներն ու «ինստրուկցիաները»: Բանն այն է, որ ԲՀԿ-ն իր մասով ապահովել է հանրահավաքի մասնակիցների «պլանը», իսկ ՀԱԿ-ը` փաստորեն չի կարողացել (կամ չի ցանկացել) դա անել, թեև այս անգամ դրա դիմաց ստացել է նախորդից ավելի շատ գումար:
Եռյակում ընթացող այս խժդժությունների ֆոնին բավականին ուշագրավ էր նաև «Ժառանգության» դրությունը, քանի որ, ինչպես դա երևաց հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ի տարբերություն մյուսների` «Ժառանգությանը» տրվել էր ընդամենը մեկ ելույթի իրավունք, որից էլ օգտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդհանրապես, եռյակի կազմում «Ժառանգության» ճակատագիրը բավականին մշուշոտ է: Ինչպես հայտնի է մամուլի հաղորդագրություններից, հոկտեմբերի 22-ին եռյակի փաստացի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախ առանձին-առանձին է ընդունել մյուս ղեկավարներին, որից հետո միայն կայացել է նրանց երեքի համատեղ հանդիպումը: Սակայն հանրահավաքից մեկ օր առաջ` հոկտեմբերի 23-ին, Ծառուկյանը ևս մեկ անգամ առանձին հանդիպում է ունեցել Տեր-Պետրոսյանի հետ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի: ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանը որոշել են, որ եթե նախորդ հանրահավաքի պես այս անգամ էլ Րաֆֆին իր «չափն անցնի», այսինքն՝ «ջղաձգվի», ապա պետք է լրջորեն քննարկել եռյակի կազմից «Ժառանգությանը» հեռացնելու անցնցում ուղիները: Ի պատասխան սրա, Րաֆֆին մի քանի տեղ «միամիտ» շշնջացել է, թե ԲՀԿ-ն ամբողջությամբ գտնվում է Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ և վերջինս այդ կերպ կարողանում է իր ուզածի պես ղեկավարել եռյակի գործունեությունը:
Ինչպես տեսնում եք, մի կողմից՝ եռյակի ղեկավարությունն, ի դեմս ԲՀԿ-ի ու ԼՏՊ-ի, փաստացի ոչ թե իշխանափոխության ճանապարհային քարտեզ է կազմում, այլ առայժմ ընդամենը «Ժառանգությանն» իրենցից հեռացնելու ճանապարհային քարտեզ: Մյուս կողմից էլ՝ ՀԺԿ-ի հետ կապված ԲՀԿ-ի և Տեր-Պետրոսյանի միջև կա և գնալով խորանում է փոխադարձ խուճապը, նրանք խուճապի մեջ են, բայց` իրարից: Իսկ խնդիրն ընդամենը նրանում է, թե այդ երկուսից որ մեկն ավելի շատ ազդեցություն կունենա եռյակում՝ իրենց գրպանային կուսակցությունների և կառույցների ներգրավմամբ:
Հ. Տեր-Վահանյան

