ԵԳԱՆՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «1992-1994 թթ-ը ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ»
Արխիվ 12-16ԵԳԱՆՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «1992-1994 թթ-ը
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ»
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության համատեղ կազմակերպած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս երկրում առկա այլ խնդիրների, խոսեց նաեւ արտագաղթի մասին: Նա հայտարարեց. « …Գաղջ մթնոլորտը, Սփյուռքի գործոնը կամ Ղարաբաղի սառեցված հակամարտությունը խաղաղ պայմաններում զանգվածային արտագաղթի երեւույթի հետ ոչ մի կապ չունեն, այլ սոսկ դատարկ պատրվակներ են վերջինիս հիմնական պատճառը թաքցնելու համար։ Անգամ միջնադարում խաղաղության շրջանում Հայաստանից զանգվածային արտագաղթեր տեղի չեն ունեցել» ։
«Իրավունքը» միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից պարզեց` իրոք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, վիճակն այդքան վա՞տ է: «Ավելի լավ է այդ, հարցն իրեն ուղղեք: Վիճակի վատ կամ ավելի վատ լինելը ճաշակի հարց է: Ճաշակը կարող է տարբեր դրդապատճառներով դրսեւորվել: Մարդ կա,որ մեկ հոգու մշտական մեկնելն անգամ վատ երեւույթ է համարում: Ես էլ այդպես համարում»,- պատասխանեց Եգանյանը:
Միգրացիոն ծառայության պետի խոսքով` արտագաղթը միայն հայկական ֆենոնեմ չէ, մարդկության պատմության մեջ տեղաշարժեր միշտ եղել են:
Պրն Եգանյանի տեղեկացմամբ` այս տարվա տվյալներով` ուղեւորահոսքերի անցած տարվա բացասական սալդոն շարունակվում է պահպանվել. բացասական մնացորդը 2013 թ-ին 2012 թ-ի համեմատ կրճատվեց եւ 43.000-ից դարձավ 32.000 տարեկան կտրվածքով. «Հետեւաբար, հայտարարել, թե վերջին 1,5 տարվա ընթացքում արտագաղթը խորացել է, թվերը հակառակն են ասում: Անգամ հակառակը կարելի է ասել»:
Ինչ վերաբերում է արտագաղթի ներկայիս ցուցանիշները 1990-ականներին արձանագրված տվյալների հետ համեմատելուն, պաշտոնյայի խոսքով դրանք անհամեմատելի են: «1992-1994 թթ-ը համարվում էին զանգվածային արտագաղթի, արտահոսքի տարիներին: Այդ տարիներին Հայաստանից դուրս եկավ մոտ 600.000 մարդ: Այսինքն` տարեկան մեր երկրից արտագաղթել է 200.000 մարդ: 1995-2001 թթ-ին վիճակը կայունացավ, բայց ՀՀ-ի համար արտագաղթի տեմպերը բարձր մակարդակի վրա էին: Յոթ տարիների ընթացքում ունեցանք մոտ 250.000-ի մարդկային «կորուստ»»,-պարզաբանեց Գագիկ Եգանյանը հավելելով, որ ճիշտ չէ այսօր օգտագործել «զանգավածային արտագաղթ» բառակապակցությունը:
Սոնա Դավթյան

