ԱՐՈՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Այս օրերին շախմատի սիրահարների ուշադրութունն ուղղված է Հունաստանի Կատերին քաղաքում անցկացող վետերանների աշխարհի առաջնությանը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Երեք տուրերից հետո Մովսիսյանը վաստակել է 2,5 միավոր` կես միավորով զիջելով առաջատարին` անգլիացի գրոսմայստեր Մարկ Հեբդենին:Իսկ ահա գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակելով 8 միավորª 194 մասնակիցների մեջ գրավել է 8-րդ տեղը: Սեւակից կես միավոր ավել է հավաքել չեմպիոնի տիտղոսը նվաճած գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան:
Մեկ այլª Սանկտ Պետերբուրգում կայացած Չիգորինի հուշամրցաշարում էլ գլխավոր մրցանակը նվաճել է սերբ գրոսմայստեր Իվան Իվանիշեւիչը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը (Հայաստան), Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան), միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (Հայաստան) վաստակեցին 6,5-ական միավոր: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մտադիր է մասնակցել 2015-ի Աշխարհի գավաթին, որը կայանալու է Բաքվում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի Երեւան այցելության ընթացքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ այդ լուրը հաստատել էր հայ շախմատիստը: Իլյումժինովի օգնական Բերիկ Բելգաբաեւը թվիթերյան իր էջում գրել է. "Կարեւոր իրադարձություն Երեւան կատարած այցի ընթացքում: Լեւոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք 2015-ի Աշխարհի գավաթին: Նա այդ մասին հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընթրիքի ժամանակ":
Իսկ մինչ այդ, Լեւոն Արոնյանը 2015 թվականին եւս կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվելիք հեղինակավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներից այստեղ կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա): Նախքան այդ, Լեւոն Արոնյանը նոյեմբերի վերջում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մրցախաղ կանցկացնի Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Նախատեսվում է, որ մրցախաղը բաղկացած կլինի չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

