ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԸ ԹՈՐԻԿ ԾՆՎԵԼ, ԹՈՐԻԿ ԷԼ ԿՄԵՌՆԻ
Արխիվ 12-16ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԸ ԹՈՐԻԿ ԾՆՎԵԼ,
ԹՈՐԻԿ ԷԼ ԿՄԵՌՆԻ
Եթե ժամանակին արվեստագետի խոսքը կշիռ ուներ ու յուրաքանչյուր ասածի մեջ ճշմարտություն կար, հիմա ժամանակները փոխվել են` իրական արվեստագետները լուռ աշխատում են, իսկ հիմնականում արտահայտվում են այն "արվեստագետները", ովքեր իրենց համար հարթակ են դարձրել համացանցն ու նոր դերեր, նոր գործեր արարելու փոխարեն` իրենց մաղձն ու կեղտոտ բերանն են բացում այնտեղ: Է՜, տեղին է հիշատակել Խորենացուն. "Ողբամ զքեզ Հայոց աշխարհ...", էլ ի՞նչ պիտի սովորի ժամանակակից երիտասարդությունն ու արվեստագետ դառնալու ճանապարհին կանգնած երիտասարդ արտիստը նրանցից: Վերջին տարիներին հայ թատրոնի ու կինոյի վարպետները, մեկը մեկին փոխարինելով, հեռացան` թատերական դաշտն անտեր թողնելով:
Անտեր, որովհետեւ, այո, այսօր քչերն են արժանի նրանց փոխարինելու, կամ էլ` լավագույն դեպքում, նրանց տեղը զբաղեցնելու համար: Կարծում եմ, կհամաձայնեք` ասենք, հայ թատրոնի ու կինոյի մեծ վարպետ Սոս Սարգսյանին արժանի չէ փոխարինել Աշոտ Ադամյանը` նույն ինքը` փալանչի Թորիկը: Թող ներեն Սոս Սարգսյան մարդուն, մտավորականին ու արտիստին սիրողները համեմատությանս համար, բայց երբեք մեծն վարպետին չէինք տեսնի սրան նրան փնովելով` ուզենար վեր բարձրանալ, կամ էլ` հիշեցներ իր նման "արվեստագետի" գոյության մասին: Քանի որ Սոս Սարգսյանն իսկական վարպետ էր, ու նրա ամեն մի խոսքից, շարժումից ու նույնիսկ հայացքից շատ բան էիր սովորում: Այսօր էլ նույնիսկ մահից հետո էլ չեն մոռացել նրան, ավելին` իր կրթած սերունդներն էլ այսօր շարունակում են ապրել ու արարել նրա տված խորհուրդներով: Իսկ ի՞նչ պիտի սովորեն Աշոտ Ադամյանից, ով Թորիկ ծնվել եւ, հավանաբար, Թորիկ էլ կմահանա, որովհետեւ իր թատերական կարիերայի ընթացքում այսքան տարիներ այդպես էլ չկարողացավ կերտել այլ կերպարներ: Ոչ, նա ինչպես ֆիլմում, այնպես էլ այսօր մնաց փալանչի Թորիկի կերպարում, ում համար անառակը հրեշտակ է... Է՜, Թորիկ, Թորիկ, որքան էլ ուզում ես ասպարեզում անտեսված լինելդ թաքցնել ու այս ու այն հայտնի մարդկանց տրորելով` հիշեցնել քո "արվեստագետ" կամ "արտիստ" լինելը, միեւնույնն է, ինչպես ֆիլմում, այնպես էլ իրականության մեջ` այսօր համայնքը քեզ այդպես էլ չընդունեց:Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

