"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Ալմաթիում անցկացվող "ԲԱՍՏԱՈՒ" ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնում այս տարի մասնակցել են 25 երկրների ավելի քան 190 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Հայաստանից: Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող ԱՐԵՆ ՄԱԼԱՔՅԱՆԻ "Աղջիկը լուսնի վրա" վավերագրական ֆիլմն արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին: Ֆիլմը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռնարկած քայլերի, կյանքի ընթացքը փոխելու փորձի մասին է: Նրանք այդ քայլերն անում են պարի միջոցով. բազում դժվարություններ հաղթահարելու գնով բեմ են բարձրանում:
Ի դեպ, սա երիտասարդ ռեժիսորի այս տարվա երկրորդ միջազգային մրցանակն է: Տարվա սկզբին ռեժիսորի "Սիրո խոստովանություն ճապոնական ոճով" կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայի "Նոր ալիք" միջազգային կինոփառատոնում հաղթեց "Լավագույն մոնտաժ" անվանակարգում: Իսկ անցյալ տարի Արենը մասնակցել է "Աշխարհը արեւածագից մինչեւ մայրամուտ" լեհական վավերագրական ֆիլմերի նախագծին, որի ընթացքում նկարահանել է "Տատ ու պապ" վարվերագրական ֆիլմը, որն արժանացել է լեհական կինոդպրոցի պրոֆեսորների ուշադրությանը: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ