ՌՈՒՍ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ ՀԱՅ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Արխիվ 12-16ՌՈՒՍ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ ՀԱՅ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Նորաբաց «Մերիդան» էքսպո կենտրոնում կայացավ «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում ներկայացվեցին հայ եւ ռուս դիզայներների հավաքածուներ` սկսած ներքնազգեստներից մինչեւ մուշտակներ ու երեկոյան զգեստներ: Արվեստի այս ճյուղը կարեւորվեց ոչ միայն ոլորտի մասնագետների, այլեւ ՀՀ նախագահի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից, ովքեր ներկա գտնվեցին ցուցադրությանը: Հիշեցնենք, որ նորաձեւության հայաստանյան այս տոնի նպատակն է երիտասարդ եւ արդեն կայացած հայ դիզայներների, ինչպես նաեւ օտարերկրյա մոդելավորողների համար հարթակ
հանդիսանալ` տարին առնվազն մեկ անգամ իրենց հավաքածուները հանրությանը եւ գնորդներին ներկայացնելու համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում տեքստիլ արդյունաբերության այս ճյուղի զարգացմանը:
«ԱՆՎՃԱՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
«Իրավունքի» հետ զրույցում նորաձեւության շաբաթվա կազմակերպիչներից «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն ԿԱՐԻՆԵ ԴՆՈՅԱՆԸ նշեց, որ սա դեռ սկիզբն է, քանի որ մյուս տարի հայ դիզայներներին ավելի մեծ հնարավորություններ կտրվի. «Մյուս տարի մենք պատրաստվում ենք մեր ֆոնդի հաշվին կազմակերպել անվճար ցուցադրություններ դիզայներների համար: Անկախ նրանից, թե ով ունի հնարավորություն, եւ ով չունի, կկարողանա իր հավաքածուն ներկայացնել: Եվ գուցե այդ ցուցադրությունների ժամանակ կգտնվեն հովանավորներ, աջակիցներ կամ գոնե կլինեն համագործակցության առաջարկներ»:
«ՁԵՐ ՄՈԴԵԼՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՀՐԱՇԱԼԻ ԵՆ»
Առաջին ցուցադրությունը վերապահված էր դեռեւս 1870-ականներին հայտնի դիզայներների դինաստիայից սերված ռուս դիզայներ ԳԵՐՄԱՆ ՇԱԼՈՒՄՈՎԻ մուշտակների հավաքածուին: Թեպետ, հավաքածուի հեղինակը չէր եկել տեխնիկական պատճառներով, սակայն ներկա էր նրա մայրը` դիզայներ, երգչուհի ՄԵՐԻ ԲԵԼԼԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց. «Շատ գեղեցիկ տոնակատարություն էր, շնորհակալ ենք կազմակերպիչներից, որ այսքան ջերմ միջավայր էին ստեղծել: Պիտի ասեմ, որ Հայաստանում առաջին անգամ ենք, բայց
իսկապես տպավորված ենք»: Խոսելով իրենց մուշտակների հավաքածուի ու հայաստանյան տաք եղանակի մասին` տիկին Բելլը հավելեց. «Ռուսաստանում մուշտակները ոչ միայն տաքության համար են, այլ ընդգծում են կանացիությունը: Ի դեպ, Հայաստանի պես տաք երկրների համար էլ նախատեսված են գեղեցիկ վերարկուներ մեր հավաքածուներում»: Նշենք նաեւ, որ ռուս դիզայներները տպավորված էին հատկապես հայ մոդելների աշխատանքով. «Ձեր մոդելներն ուղղակի հրաշալի են: Առաջին հերթին` նրանք շատ շփվող են, գեղեցիկ են, եւ իրենց հետ շատ հեշտ է աշխատելը»: Իսկ վերջում էլ, խոստացավ. «Հնարավորության դեպքում, անպայման, կրկին կգանք մասնակցելու հայաստանյան նորաձեւության շաբաթներին»:
«ԲԱՑԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ,
ՈՉԻՆՉ ՉԵՄ ՏԵՍԵԼ...»
Ռուսաստանից ժամանած դիզայներների թվում էին Ա. Մաքսիմովա եւ Ա.Կանունով դուետը: Սակայն, նրանցից ժամանել էր միայն ԱՆԴՐԵՅ ԿԱՆՈՒՆՈՎԸ, ով նաեւ իրենց հավաքածուի ցուցադրման ժամանակ հանդես եկավ որպես մոդել: «Ես որոշեցի այսօր իմպրովիզային տարբերակով հանդես գալ: Ինձ համար ցուցադրություն ներկայացնելը, ուղղակի, մոդելների` այս ծայրից այն ծայրը գնալ ու հետ գալը չէ: Մենք ներկայացնում ենք շոու, միայն դեֆիլեն ինձ` որպես նկարիչ-դիզայների, ձանձրալի է»: Ապա Ռուսաստանում հայտնի նկարիչ-դիզայները անկեղծացավ հայաստանյան տպավորությունների մասին. «Հայաստանում առաջին անգամ եմ, պարզապես, իմ ստեղծագործական ուղին մեծապես կապված է Ձեր երկրի հետ: Հայրս մի շատ լավ հայ ընկեր ուներ, որը նույնպես նկարիչ էր, եւ նա էլ ինձ ուղղորդեց զբաղվել այս ամենով: Ինձ դուր եկավ այս աշխատանքը: Այնպես որ, ինձ համար Հայաստանը իմ ստեղծագործական ճանապարհի սկիզբն է, ու ես ուրախ եմ, որ նորից, այս անգամ ֆիզիկապես, այստեղ եմ: Ինձ հատկապես դուր են գալիս Հայաստանի ուտեստները: Բացի
բարությունից եւ ջերմությունից, ոչինչ չեմ տեսել, անգամ` հայ ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների կողմից»:
ԵՐԵԿՈՅԱՆ ՍԵՎ ԶԳԵՍՏ`
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻԶԱՅՆԵՐ ՕՍԿԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նորաձեւության շաբաթն ամփոփվեց ԳԵՎՈՐԳ ՇԱԴՈՅԱՆԻ երեկոյան զգեստների հավաքածուի ցուցադրությամբ: Եվ մինչ հավաքածուն ներկայացնելը, նա նշեց, որ ցուցադրությունը նվիրում է Դոմինիկյան Հանրապետությունում ծնված 82-ամյա աշխարհահռչակ դիզայներ ՕՍԿԱՐ ԴԵ ԼԱ ՌԵՆՏԱՅԻ հիշատակին, ով ընդամենը մի քանի օր առաջ կնքել էր իր մահկանացուն: Ավելին` Գ. Շադոյանն անգամ հատուկ սեւ երեկոյան հագուստ էր պատրաստել` լեգենդար դիզայների պատվին: Այս մասին Գ. Շադոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Օսկարի մահվան հիշատակին նվիրված հագուստը պատրաստեցի ընդամենը երկու օրվա ընթացքում: Պարզապես, ցանկացա առիթը բաց չթողնել եւ հարգել նրա հիշատակը: Իհարկե, այս հավաքածուն ի սկզբանե հենց
նրա հիշատակին չէր նվիրված, բայց քանի որ այն համընկավ Օսկարի մահվան հետ, որոշեցի այդ կերպ հարգանքի տուրք մատուցել»: Ապա հավելեց. «Նորաձեւության աշխարհում նա մեծ ազդեցություն ունի, կարելի է ասել, որ իր մատնահետքը նա թողել է այս ասպարեզի վրա, չէ՞ որ Օսկար դե Լա Ռենտան լեգենդ է»:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները` ՀԵՐՄԻՆԵ ՀՈՐՈՄՅԱՆԻ

