"ԵՐԵՎԻ, ՈՒՈՐԼԻՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ ՕԲԱՄԱՅԻՆ` ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ"
Երեկ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Թե ինչ տվեց երկու երկրների այս հանդիպումը, "Իրավունքը" պարզեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ:
-Պրն Շիրինյան, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի այս հանդիպումը նախորդներից ինչո՞վ էր տարբերվում: Արդյոք այս հանդիպումը կարելի է առանձնահատուկ համարել: - Այո: Հուլիս-օգոստոսյան դաժան կռիվներից հետո, երբ հայոց բանակը ցույց տվեց իր պրոֆեսիոնալիզմը, առաջացավ նոր իրավիճակ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկու-երեք տարի շարունակ խոսում էր պատերազմի մասին, հետո էլ սկսվեցին ռազմական գործողությունները, այսինքն` Բաքուն զբաղված էր համաշխարհային բանդիտիզմով, ամբողջ աշխարհին տեռորի ենթարկելով: Հայկական բանակը, սակայն, ջարդեց Ադրբեջանի նախագահի ատամներն այն աստիճանի, որ, կներեք, ոչխարի նման նա հիմա գալիս-մասնակցում է ցանկացած բանակցության: Սա մեծ նվաճում է: Աստված չանի, եթե հայկական բանակը պարտվեր, ռուսները, Ալիեւին հեծած, քշելու էին Հայաստանի վրա: Մեր նախագահն Ադրբեջանի նախագահի փողկապից բռնած` ուր ուզի կտանի: - Երկու երկրների հանդիպման օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել էր, որ հույս ունի, թե այս հանդիպումը կմոտեցնի խաղաղությանը: Ի՞նչ ակնարկ էր սա ամերիկացի համանախագահի կողմից: - Երեւի, Ուորլիքը պետք է համոզի Օբամային` ճանաչել Արցախի անկախությունը: Թող Արեւմուտքը ճանաչի Արցախի անկախությունը, այսինքն` լուծված հարցին կնիք դնեն: Հարցն ընդմիշտ կլուծվի, մենք էլ խաղաղ կապրենք: - Որոշ վերլուծությունների համաձայն` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնողականությունը երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առումով` նպատակ ուներ ցույց տալ, որ ԼՂ հարցի կարգավորումը միայն ՌԴ-ի, այսպես ասած, մենաշնորհը չէ: Ֆրանսիան եւս այստեղ ունի իր որոշակի դերակատարությունը: - Նախ պետք է պարզել` վերլուծողներն ովքեր են` կենսաբան են, ճիճվաբան են: Հակասություն են որոնում երեք գերտերությունների ղեկավարների գործունեության միջեւ, որպեսզի Հայաստանը նրանց դանակի տակ մտնի: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք նախագահների միջեւ Արցախի հարցում առայժմ կա կոնսենսուս: Երեք համանախագահներն էլ ցանկանում են մեր տարածաշրջանում խաղաղություն: