"ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՀՆԱ-Ի ԱՃԻ ՎՐԱ ԵՏՄ-Ն ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ"
Արխիվ 12-16"ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՀՆԱ-Ի ԱՃԻ ՎՐԱ
ԵՏՄ-Ն ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ"
Ազգային ժողովում երեկ սկսվեցին 2015 թվականի բյուջեի քննարկումները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը` 47.9 տոկոսը, հատկացված է սոցիալական ուղղվածության ծախսերի համար: Իսկ տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները երկուսն են լինելու` գործարար միջավայրի բարելավում, արտահանման եւ հիմնային ոլորտների զարգացում:Իսկ ահա ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե 2015 թվականի բյուջեում հաշվի չե՞ն առնվել Հայաստանիª Եվրասիական միությանն անդամակցելու գործոնը: Փոխնախարարի պարզաբանմամբª դեռ ոչ.
- Պետական բյուջեի նախագիծը ներկայացվում է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում: Ըստ այդմ էլ, երբ բյուջեն կազմվել է, այն ժամանակ դեռեւս ԵՏՄ-ի հետ լուծված չէր համաձայնագրերի հարցը: Մենք, բնականաբար, իրավական տեսակետից չէինք կարող արտացոլել բոլոր կանխատեսումները, ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությունը բյուջեի եկամուտների, ծախսային մասի, հնարավոր գնաճի վրա եւ այլն:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից սպասելիքները արտացոլված չեն բյուջեում, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ որեւէ բան չի արվում: Մեր մասնագետներն ինտենսիվ աշխատում ենª հաշվարկելով այն ազդեցությունները, որոնք կարող են լինել: Ինչ խոսքª գնահատականներ ընդհանուր առմամբ կան, սակայն դրանք բյուջետային, ֆինանսական տեսակետից պետք է բերել հստակ հաշվարկային տեսքի: Այդ իսկ պատճառով դեռեւս զերծ կմնամ միջանկյալ արդյունքները հրապարակելուց. այն կներկայացնենք բոլորի դատին` ամբողջական հաշվարկից հետո:
- Իսկ մոտավորապես ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԵՏՄ-ն 2015 թվականի բյուջեի վրա:
- Մեր կանխատեսումներով` մեր եկամուտների, ՀՆԱ-ի աճի վրա ԵՏՄ-ն անշուշտ ունենալու է դրական ազդեցություն: Հնարավոր էª ԵՏՄ-ն ունենա նաեւ որոշ բացասական ազդեցություն, հաշվի առնելով այն փաստը, որ որոշակի գնաճային խնդիրներ կարող են լինել:
- ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ունե՞ք կանխատեսումներ, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն:
- Այն աշխատանքներում, որոնք մենք այսօր կատարում ենք, նման կանխատեսումների խնդիր դեռ չկա: Սակայն կարծում եմ, որ անպայման արտահանման աճ կլինի:
- ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ բացասական ազդեցություններ կարող են ունենալ:
- Ռուսաստանի պատժամիջոցներն արդեն որոշ ազդեցություն ունեն Հայաստանի վրա: Նախª պատժամիջոցների հետեւանքով կրճատվում են տրանսֆերները: Դրա հետ մեկտեղ կարող են նաեւ նվազել ռուսական ներդրումները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

