Եղանակային կտրուկ տատանումները շարունակում են անհանգստացնել հասարակության լայն շերտերին, հատկապես մասնագետների այն հայտարարությունից հետո, թե ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազելու է 20 աստիճանով, իսկ մայրաքաղաքում 10 աստիճանով: Թե ինչով էր պայմանավորված նման կանխատեսումը, երբ այդպես էլ, համենայնդեպս մայրաքաղաքում, եղանակի շատ մեծ անկում` գոնե տեսանելիորեն, չզգացվեց, փորձեցինք պարզել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մասնավորապես նշեց.
-Ջերմաստիճանի իջեցումը կանխատեսված էր հոկտեմբերի 26-27-ին: 27-ին իջավ տասը աստիճան, ինչպես եւ կանխատեսվում էր: Եթե 25-ին 23 աստիճան էր, ապա 27-ին գրանցվել է 12 աստիճան, այսինքն` ուղիղ տասը աստիճանով ջերմաստիճանը նվազել է: Նաեւ ասված էր, որ ամսի 28-ից կսկսվի ջերմաստիճանի որոշակի բարձրացում, դա էլ է արդարացված, քանի որ այսօր համեմատաբար բարձր է ջերմաստիճանը: Մեր ազգաբնակչությանը խուճապի մեջ գցեց այն հանգամանքը, որ հոկտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածք ներխուժեց հզոր ցիկլոն, եւ Վայոց ձորում, Սյունիքում դիտվեցին տեղումներª ձյան տեսքով, նույնիսկ առանձին հատվածներում ձեւավորվեց ձնածածկույթ: Հոկտեմբերի 19-20-ը գրանցված տեղումներից եւ ջերմաստիճանի կտրուկ անկումից հետո հոկտեմբերի 22-ին հարավից հանրապետության տարածք ներթափանցեցին արեւադարձային տաք օդային հոսանքներ, եւ օդի ջերմաստիճանը չորս օրվա ընթացքում բարձրացավ մի քանի աստիճանով: - Իսկ առաջիկա ամսվաª նոյեմբերին, մոտավորապես ի՞նչ եղանակի հույս կարող ենք ունենալ: - Նոյեմբերին թե՛ տեղումների քանակը եւ թե՛ օդի ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում. շեղումներ, կատակլիզմներ չեն սպասվում: Ամենաբարձր ջերմաստիճանները կդիտվեն ամսվա առաջին տասնօրյակում: Իսկ ինչ վերաբերում է դեռ դաշտերում գտնվող բերքի` խաղողի, լոբու, վարունգի ցրտահարությանը, ապա Արարատյան դաշտավայրում, որտեղ բերքահավաքը շարունակվում է, մենք բացասական ջերմաստիճան չենք կանխատեսում: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ