ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՐԱԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԵՆ
Արխիվ 12-16ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՐԱԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԵՆ
Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ "եռյակի"` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի. "Ժառանգության" հերթական հանրահավաքը, որտեղ երկրորդ անգամ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի` ԵՏՄ անդամակցության դեմ "ջղաձգումը" որակեց վնասակար ու անիմաստ, եւ ոչ եռյակային ընդդիմությանը որակեց Սերժ Սարգսյանի հավատարիմ դաշնակիցներ: Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունքը" զրուցեց "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ: "ՉԵՆՔ ԱՍՈՒՄ, ՈՐ ԵՏՄ-ԻՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ
ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ ԵՆ"
-"Ժառանգությունն" ինչպե՞ս է պատկերացնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն երկրորդ անգամ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության դեմ "ջղաձգումը" որակեց վնասակար ու անիմաստ: - Ես կարծում եմ, որ որեւէ խնդիր չկա, քանի որ "Ժառանգության" տեսակետը նախորդ տարի սեպտեմբերի 4-ին հայտնի է եղել: Դրանից հետո այդ համագործակցությունը եղել է: ՀԱԿ-ի տեսակետը եւս հայտնի է: Իհարկե, մենք համաձայն չենք, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հարցն անշրջելի չէ: Բայց արտաքին քաղաքական պատկերացումները քաղաքական ուժերը նոր չէ, որ բացահայտել են:
- Չե՞ք կարծում, որ "ջղաձգվող" բառով Լեւոն Տեր-Պետրոսյանը վիրավորեց "Ժառանգության" առաջնորդին ու ընդհանրապես "Ժառանգություն" կուսակցությանը:
- Իհարկե, նմանատիպ որակումներն ընդունելի չեն, քանի որ ցանկացած դեպքում մարդիկ տարբեր կարծիք ունեն: Մենք երբեւէ չենք ասում, որ ԵՏՄ-ին կողմնակից քաղաքական ուժերը պարտվողական են: Դա իրենց կարծիքն է: Չեմ կարծում, որ քսան-երեսուն մարդ ասելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի է ունեցել "Ժառանգությանը", քանի որ բազմափորձ քաղաքական գործիչ է, գիտի, որ "Ժառանգությունը" խորհրդարանում ունենալով խմբակցություն, ավագանիում ներկայացված լինելով` չի կարող սահմանափակվել քսան-երեսուն մարդով:
- Հստակեցնենք` համարո՞ւմ եք, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունն արդեն անշրջելի է:
- Նույնիսկ ԽՍՀՄ-ը շրջվեց, էլ ուր մնաց, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հարցն անշրջելի չլինի: Հնարավոր է, որ ոչ լեգիտիմ իշխանությունների պատճառով հայտնվենք այնտեղ, բայց ես որքան տեսնում եմ գոյություն ունեցող տնտեսական զարգացումները, Հայաստանը մտնում է խոշոր հարվածների տակ: Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները երկարաժամկետ կցանկանան անընդհատ սնանկանալ: Մենք տեսնում ենք, որ ԵՏՄ մտնելուց հետո մեզ մոտ նոր տեխնոլոգիաներ չեն գալու, ներդրումներ չեն լինելու: Ռուսաստանը Հայաստանում ներդրում անելու փոխարեն` իր մոտ կանի ներդրումներ: Միայն "Ռոսնեֆտը" տարեկան 25 մլրդ-ի ներդրման կարիք ունի:
"ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՏԵՍՆՈՒՄ ԵՄ Ե՛Վ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Ե՛Վ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ,
Ե՛Վ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ"
-ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ եթե անգամ Եվրասիական միության փոխարեն Հայաստանը ստորագրեր Եվրաասոցացման պայմանագիրը կամ նույնիսկ միանար Եվրոմիությանը, միեւնույնն է, զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե ավելի, քան Եվրասիականի պարագայում:
- Ոչ: Նման բան չէր կարող լինել, քանի որ ասոցացման համաձայնագիրը, ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՄ մտնելու համաձայնագիր չէր: Դա երկկողմանի գործընթաց է, այսինքն` մենք եվրոպացիների հետ պայմանավորվում էինք մաքսատուրքերի, ազատ առեւտրի շրջանակների վերաբերյալ: ԵՄ մտնելու պարագայում համաձայն եմ` որոշ զիջում պետք է լիներ: ԵՏՄ-ն ունի վերպետական մարմին, իսկ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է նման միավորների միանալը:
- Վերջերս` "Օրակարգ" հաղորդման ժամանակ, հայտարարել էիք, որ ԲՀԿ առաջնորդին տեսնում եք նախագահի աթոռում: Հիմա եւս նույն կարծիքի՞ն եք:
- Խնդրում եմ, իմ խոսքերը կոնտեքստից չկտրել: Ես այլ նախադասություն եմ ասել: Ասել եմ, որ կողմնակից եմ համակարգային փոփոխությունների: Կողմնակից եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով համապատասխանում է Սահմանադրության չափանիշներին, կստանա քաղաքացիների վստահությունը, նախագահի պաշտոնում տեսնում եմ: Ես նախագահի պաշտոնում տեսնում եմ ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանին, ե՛ւ Գագիկ Ծառուկյանին, եթե կցանկանա առաջադրվել, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
"ԲՀԿ-ԻՆ ՉԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ..."
-Դուք ընտրակեղծիքների մասին խոսեցիք, բայց այսօր կանգնած եք մի քաղաքական ուժի` ՀԱԿ-ի` նախկին ՀՀՇ-ի կողքին, որը 1995-1996 թթ.-ին հիմք դրեց Հայաստանի ընտրական գործընթացներում ընտրակեղծարարության:
- Մենք կանգնում ենք բոլոր այն ուժերի կողքին, որոնք իշխանափոխության կողմնակից են: Եթե իշխանափոխություն չանցկացնեք, ապա հին սխալներով էլ կմնանք: Մեզ պետք է հին սխալներն ուղղել:
- Կարելի՞ է ենթադրել, որ իշխանափոխությունից հետո ՀԱԿ-ը 1995-1996 թթ.-ի ընտրակեղծարարությունների համար պատասխանատվության է ենթարկվելու:
- Պատասխանատվության ենթարկելը, կարծում եմ, իմ խնդիրը չէ, քանի որ ոչ լիազորություն ունեմ, ոչ էլ` իրավաբանական կրթություն, ոչ էլ դատավորի պատմուճան կա ինձ վրա: Նոր իրավիճակը բերելու է որակապես ավելի լավ ընտրություններ:
- "Ժառանգությունը" քննադատում է իշխանություններին` երկրում առկա խնդիրների համար, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն տարիներ առաջ կոալիցիայի մեջ էր, ունի իր բաժին պատասխանատվությունը, իսկ դուք այսօր հարթակում կանգնած եք այդ քաղաքական ուժի կողքին:
- Բացառությամբ "Ժառանգության", գործող բոլոր քաղաքական ուժերը եղել են իշխանության: Իսկ այն, որ մեզ մոտ սխալները բոլոր իշխանությունների օրոք են եղել, փաստ է: ԲՀԿ-ին չեմ պաշտպանելու, քանի որ նրանք իմ պաշտպանության կարիքը չունեն, կարող են ամեն հարցի պատասխանել: Բայց թե՛ ՕԵԿ-ը, թե՛ ԲՀԿ-ն հայտարարել են, որ կոալիցիայում լինելով` որոշող չէին:
- Կարող էին ավելի շուտ դուրս գալ կոալիցիայից:
- Դե, հիմա լավ է ուշ, քան երբեք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

