ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Արխիվ 12-16ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բավականին հետաքրքիր ձեւով է անդրադարձել նախօրեին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: "Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի վեհաժողովը դրական քայլ էր: Շնորհակալություն Ֆրանսուա Օլանդին",- սովորույթի համաձայն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:ՈՒՈՐԼԻՔՅԱՆ ԼԱՑՈՒԿՈԾԻ
ԱՐՄԱՏՆԵՐԸ
Հետաքրքիրն այստեղ նրա խոսքի լացակումած երանգն է, հաշվի առնելով, որ այդ, թեկուզեւª չնչին "դրական քայլը" ամերիկյան համանախագահին շատ է պետք: Չէ՞ որ նա քանիցս ակնարկել է, որ Պետդեպարտամենտն իրեն Մինսկի խումբ է գործուղել հնարավորինս արագ ղարաբաղյան բանակցություններն ամբողջովին Վաշինգտոնի համար նախընտրելի հուն տեղափոխելու համար: Իմաստն էլ էր վաղուց հասկանալի. պետք էր գոնե շոու սարքելուն բավարարող ինչ-որ տեղաշարժեր գրանցել, դրանք հրամցնել, ասենք, թուրքերին, թե, տեսեք, առաջընթաց կա, ուրեմն պետք է աշխուժացնել հայ-թուրքական հաշտեցման թեման... Ի վերջո ԱՄՆ-ից անգամ պաշտոնական հայտարարություններ են եղել, որ Հայաստանին Ռուսաստանից հեռու պահելու համար պետք է լուծել թուրքական սահմանների հարցըª հայերին նաեւ դրանով դեպի եվրոպական "պայծառ" ապագա հրապուրելու համար:
Բացատրելի է նաեւ, թե ինչու Վաշինգտոնը հիմնական խաղադրույքը կատարեց հենց Օլանդի միջնորդության վրա. ծրագրի հաջողության համար պետք է նախագահական մակարդակ, եւ Օբաման չէ, որ պետք է անձամբ այդ խաղն առաջ տաներ: Բայց փոխարենը, այն պահին, երբ Օլանդն այդ առաջարկով մեյդան մտավ, Պետդեպարտամենտն իր խոսնակ Ջեն Փսակիի շուրթերով չհապաղեց հայտարարել, թե այդ առաքելությունն ով եւ ինչու է նախաձեռնել. "Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթաժողով անցկացնելուª նախագահ Օլանդի հրավերը եւ կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության": Այո, ոչ ավելի, ոչ պակաս, սպասելիքները "խաղաղ համաձայնությունն" էին: Ուորլիքն էլ իր հերթին Քարնեգի հիմնադրամում ունեցած տխրահռչակ ելույթով ներկայացրեց իր վեց կետանոց պատկերացումները ¥ավելի կոնկրետª Պետդեպարտամենտի պատկերացումները, ինչը պաշտոնապես հաստատել է նույն տիկին Փսակին¤, որոնց շուրջ էլ Փարիզում պետք էր հասնել այդ "խաղաղ համաձայնությանը": Ալիեւն էլ, թերեւս պաշտոնական Երեւանի աչքը վախեցնելու համար, ամռանը սահմաններին մի քիչ կռիվ-կռիվ խաղաց...
Մի խոսքովª ամեն ինչ ուղղակի հրաշալի էր, մինչեւ որ գործին չմիջամտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանից հետո ալիեւյան մարտաշունչ ոգուց բան չմնաց:
Հայաստանն էլ, չնայած նազարբաեւյան խաղերին, հասցրեց ստորագրել Եվրասիական միությանը անդամակցելու պայմանագիրը, որից հետո արդեն ակնհայտ էր, որ Փարիզում Հայաստանին "խաղաղ համաձայնություն" պարտադրել արդեն հնարավոր չէ:
Իհարկեª այստեղ, մեղմ ասած, տարօրինակ վիճակում հայտնվեց նաեւ Օլանդը. ի վերջո հենց նա էր այդ միջնորդական առաքելության պաշտոնական հեղինակը: Եթե արդյունք լիներ ¥կարելի է ենթադրել, որ նրան նման խոստումներ տվել էին այդ նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ¤, դա նրա համար կապահովեր տասնամյակներով չարչրկված ղարաբաղյան հարցը լուծողի փայլուն իմիջ: Իսկ եթե նույնիսկ չնչին արդյունք չկա, ապա այն հարցն է առաջ գալիս, թե Ֆրանսիայի նման լուրջ երկրի ղեկավարի խելքին այդ ի՞նչ էր փչել, որ կոնկրետ առաջարկներ չունենալովª նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս: Առավել եւս, որ պարոն Օլանդն ունի հենց իր երկրի ներսում ղարաբաղյան հարցի հետ կապված պատմական զուգահեռների խնդիր: Նկատի ունենք, որ 2000-ականների առաջին տարիներին, էլի ամերիկյան ծագման մեծ ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի այն ժամանակների նախագահ Ժակ Շիրակը եւս հանդես էր եկել նման միջնորդական առաքելությամբ: Բայց այն տարբերությամբ, որ այն ժամանակ այդ առաքելությունն ամենեւին էլ "օդից կախված" չէր, եւ հանդիպումների ժամանակ մինչեւ իսկ ի հայտ եկավ այսպես կոչված "Փարիզյան սկզբունքներ" կոչվող փաստաթուղթը, որի մեծ ջատագովն էր, ի դեպ, այն օրերի ՀՀ ԱԳ նախարար եւ հիմա ընդդիմադիր, ավելի ճիշտª այլընտրանքային կարկառուն գործիչ Վարդան Օսկանյանը: Այդպիսովª Շիրակին ժամանակին հաջողվեց իր նախաձեռնությանը գոնե փաստաթղթային տեսք տալ, իսկ նրա հետնորդըª Օլանդն ընդամենը Փարիզ հրավիրված նախագահներին դիմեց բազմիցս կրկնված կոչերովª ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու, ներկայիս ստատուս-քվոյի անհուսալիության, քաղաքական կամք դրսեւորելու, երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու եւ նման ստանդարտ բաների մասին:
Սրանից զատ հավանաբար առաջ կգա նաեւ փարիզյան այդ "մեծ" ծրագրի ձախողման համար քավության նոխազ գտնելու խնդիր: Իսկ այդ դերին արդեն շատ լավ համապատասխանում է պարոն Ուորլիքը, ով այդպես էլ "չարդարացրեց իր վրա դրված մեծ վստահությունն" ու Փարիզում ոչ թե "խաղաղ համաձայնության", այլ նույնիսկ բանակցային ամենափոքր տեղաշարժին չհասավ: Դե, ուրեմն, մնում է լացուկոծով դիմել նախագահներին, թե ինչ կլինի, հաստատեք, որ Փարիզի վեհաժողովը գոնե "դրական քայլ էր":
ԵՏՄ-Ն ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Մյուս կողմից էլ, թերեւս, Ալիեւը կցանկանար Փարիզում գոնե նախնական ինչ-որ համաձայնություններ ձեռք բերել, իսկ ամառային ռազմատենչությունը, թերեւս, նաեւ Փարիզում հնարավորինս մեծ պատառ պոկելու իմաստ ուներ: Նկատի ունենք, որ ինչքան էլ հայաստանյան արեւմտամետ շրջանակներն արեւմտյան նվագի ներքո բայաթի էին կապել, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը մի մեծ խաչ է քաշում ղարաբաղյան ստատուս-քվոյի վրա, իրականությունը միանգամայն այլ է: Ասվածի իմաստը բացատրելու համար մի փոքրիկ պատմական հիշեցման դիմենք: 1988-ից ղարաբաղյան շարժում սկսած Հայաստանը 1991թ. սկզբներին բաց տեքստով հրաժարվեց մասնակցել ԽՍՀՄ-ի պահպանման նպատակով կազմակերպված հանրաքվեին, որն իրականում որեւէ դեր չուներ Միությունը պահպանել-չպահպանելու հարցում: Բայց նույն պահին Ադրբեջանը շատ ավելի խելամիտ գտնվեցª արդեն քայքայվող, սակայն ուժային բոլոր լծակները պահպանող Մոսկվային ցույց տալով, թե ինքը ԽՍՀՄ-ի կողմնակիցն է, իսկ Հայաստանըª դրա քանդողների թվում է: Իսկ ղարաբաղյան թեման այդ պահին դեռ ամբողջովին միութենական ենթակայության տակ էր, եւ այդ իրավիճակի արդյունքում Հայաստանը ստիպված էր բախվել խորհրդային զինված ուժերի կազմակերպած "Կոլցո" օպերացիային: Թե այդ համատեքստում ինչ տարածքներ հայաթափվեցին եւ մնացին Ադրբեջանի ենթակայության տակ, նույնիսկ չարժե հիշեցնել:
Բայց վերադառնանք մեր ժամանակները. այն, որ այսօր էլ ղարաբաղյան հարցում գերիշխող է Մոսկվայի դիրքորոշումը, հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ չընդունի: Այսինքնª գալիս ենք այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի եւ Ադրբեջանի տեղը` մոսկովյան վերահսկողության տակ գտնվող համակարգո՞ւմ, թե հակառակորդ ճամբարում: Ադրբեջանական գահն այսօր զբաղեցնում է փորձառությամբ հորիցª Հեյդար Ալիեւից շատ հետ մնացած Իլհամը: Իհարկեª նրան նաեւ կուրացրել է նավթից եւ գազից ստացվող ոսկու փայլը. ոչ մի կերպ չի կարող այդ հարստությունների նկատմամբ անվերապահ վերահսկողությունից հրաժարվել: Եվ արդյունքումª պարզապես այս անգամ Հայաստանից ¥որը, կարծես թե ինչ-որ բան սովորել է "Կոլցո" օպերացիայի տխուր փորձից¤ հետ մնաց աշխարհաքաղաքական իր դիրքի ընտրության հարցում...
Ուրեմն կարո՞ղ է Իլհամ Ալիեւը Ղարաբաղի հարցում իրավիճակը փոխելու ինչ-որ հույս ունենալ, երբ Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության գոտում, իսկ Ադրբեջանըª ոչ. հույս միշտ էլ կա, այլ բան է, թե ինչքան է դրա հավանականությունը: Կամ միգուցե Ալիեւը հաշվարկում է Ղարաբաղը հետ ստանալ Արեւմուտքի՞ աջակցությամբ. եթե կարող է, թող փորձի: Բայց ամերիկյան ծագման այս հերթական փորձն էլ ձախողվեց: Իսկ համաշխարհային իրողություններն այնպիսին են, որ ընթանում է ռուսական ազդեցության աճի եւ ամերիկյան ազդեցության նվազման փուլ...
Այսինքն, համոզված ենք, որ եթե Ալիեւն իրականում ցանկանում է հետ բերել Ղարաբաղն ու դրա համար պատրաստ է հրաժարվել ադրբեջանական էներգետիկ եկամուտները քեֆը տվածի պես տնօրինելու մենաշնորհից ¥ինչին, անկեղծ ասած, կասկածում ենք¤, ստիպված է լուծումը փնտրել եվրասիական համակարգում: Եվ դա անկախ այն ստանդարտ խոսակցություններից, թե Եվրասիական միությունը միայն տնտեսական կառույց է եւ որեւէ կապ չունի ղարաբաղյան թեմայի հետ: Իսկ Ալիեւի նման փորձի դեպքում այն փաստը, որ Հայաստանն արդեն իսկ այդ համակարգում է, այն էլª հիմնադիրի կարգավիճակով, լուրջ հարցականի տակ է առնում, որ նա կկարողանա՞ բանի հասնել: Գիտակցո՞ւմ է այդ փաստն Ադրբեջանի ղեկավարը. թերեւս, արդեն այո, հաշվի առնելով, որ անգամ նրա մերձավորներից մեկըª Նուրսուլթան Նազարբաեւը չկարողացավ մի քանի ամսից ավելի կանխել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացըª առանց Ղարաբաղի սահմանների հստակեցման: Իսկ լուծում կարծես թե արդեն պարզապես չունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

