«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Արխիվ 12-16«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
«ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնի մեկնարկը տրված է: Այս տարի կինոփառատոնը հյուրընկալել է համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից ժամանած շուրջ 20 ճանաչված հյուրերի՝ Սերժ Բեսեթ (Ֆրանսիա), Սերժ Ավեդիքյան (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկա (Անգլիա), Իլյա Յուդովիչ (Ռուսաստան), Մարկ Բորեալ (Ֆրանսիա) եւ ուրիշներ: Այս տարի կինոփառատոնն ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ եւ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր ու հոլովակներ:
Արտամրցութային ծրագրերից է «Երեւանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակներում տեղի կունենա 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: «Անիմացիայի հսկաները» ծրագրի շրջանակներում կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 եւ հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Կկազմակերպվեն ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
Փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնեն բրենդինգի եւ մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ եւ դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաեւ համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա): «ՌեԱնիմանիան» այս տարի հանդես է գալիս մի նոր նախաձեռնությամբ. կներկայացվեն դեռեւս արտադրության ընթացքի մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծեր (Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի եւ Իլյա Յուդովիչի ու Վալենտին Լապինի՝ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքները): Վեցերորդ «ՌեԱնիմանիան» կեզրափակվի հոկտեմբերի 30-ին՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի ցուցադրությամբ (պրեմիերա): Երեւանյան ցուցադրություններից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:
Արդեն վեցերորդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

