ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ՇՆՈՐՀԱՎՈՐ 25-ԱՄՅԱԿԴ, "ԻՐԱՎՈՒՆՔ"
Նախորդ դարի 90-ական թվականներին, երբ Հայաստանը ներքաշված էր պարտադրված պատերազմի մեջ, համատարած հովհարային անջատումներ էին, իսկ համացանցի մասին խոսք լինել չէր կարող, միակ միջոցը տեղեկացված լինելու` թերթերն էին: Այդ տարիներին, ինչպես հացն էր արագ սպառվում, այնպես էլ արագ սպառվում էին թերթերը: Թե ինչքան ծանր ու պատասխանատու գործ էր այդ տարիների չեղած տեղից թուղթ ու այլ միջոցներ հայթայթելն ու թերթ տպելը, այն էլ "Իրավունքի" նման լուրջ թերթ, որի տպաքանակը հասավ մինչեւ 30.000, կարող են իմանալ միայն իրավունքցիները: Կա՞ ստատիստիկ տվյալ, թե ազատ խոսքի, ազատ մամուլի քարքարոտ ճանապարհը հաղթահարելիս քանի անգամ են փակել ու կոտրել "Իրավունքի" խմբագրությունը, քանի անգամ են "Իրավունքի" խմբագրի եւ խմբագրական խորհրդի նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրել, բայց…
այսօր կարելի է փաստել, որ ազատ խոսքի, ազատ մամուլի հիմքը դրվեց նորանկախ հանրապետության հիմնադրման պահից, սակայն իրավամբ, ազատ մամուլը կայացավ, այս իշխանությունների օրոք, որի լավագույն ապացույցն է ազատորեն գործող ոչ իշխանական մամուլն ու լրատվական դաշտը: Այսօր խոսվում է, որ "Իրավունքը" դարձել է իշխանական թերթ: Միգուցե, այդպես է, սակայն, ըստ իս, կարեւոր չէ, թե լրատվամիջոցն իշխանական է, թե ոչ իշխանական: Կարեւորը, որ թերթում տարվող գաղափարախոսությունը լինի պետականամետ: "Իրավունք" թերթը հիմնադրման պահից առ այսօր որդեգրել է հետեւյալ կարեւոր իրավանորմը. Կրոնիս, Պատվիս, Հայրենիքիս չկպչես: Իսկ բոլոր այն անձինք, ովքեր կրոնի ազատության անվան տակ քարոզում են հակաքրիստոնեություն, ովքեր գենդերային հավասարության անվան տակ կործանում են ընտանիքներ, ովքեր դեմոկրատիայի անվան տակ պետականության հիմքերն են խարխլում, հայտնվում են "Իրավունքի" նրա բաղկացուցիչ մաս կազմող "Փանջունու" ծանր մամլիչի տակ` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:
Շնորհավոր 25-ամյակդ, "Իրավունք"
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
www.levgroup.am

