ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՄՆՈՒՄ Է ՕԶԲԻԼԻՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՄՆՈՒՄ Է ՕԶԲԻԼԻՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկարատեւ դադարից հետո վերադարձել է խաղադաշտ եւ մասնակցել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի "Սպարտակ"-"Լոկոմոտիվ" հանդիպմանը: Հայ հարձակվողը, թեեւ միայն 71-րդ րոպեին փոխարինեց Սալվատորե Բոկետտիին, սակայն խաղավերջում ուներ գոլային հնարավորություն. գլխով հարվածից հետո "Լոկոմոտիվի" դարպասապահը փրկեց իր թիմին: Յուրա Մովսիսյանի վերադարձի կապակցությամբ, Մոսկվայում բնակվող հայերը FAF-Մոսկվա գրառումներով հատուկ պաստառներով էին գնացել խաղին: Մոսկվայի "Սպարտակի" գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը "Լոկոմոտիվի" դեմ խաղից հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին. "Լավ է, որ Յուրա Մովսիսյանն ու Ռոման Շիրոկովն արդեն կարող են դուրս գալ խաղադաշտ, ինչը կուժեղացնի մրցակցությունը թիմի ներսում: Տեսնենք, թե այդ բաղադրիչն ինչպես կանդրադառնա մեր խաղի վրա: Բոլորս տեսանք, թե Մովսիսյանն ու Շիրոկովն ինչքան վտանգավոր կարող են լինել մրցակցի դարպասի մոտ: Հասկանալի է, որ նրանց ֆիզիկական վիճակը դեռ թույլ չի տալիս ընդգրկվել մեկնարկային կազմում, սակայն վերջին շաբաթների ընթացքում Յուրան ու Ռոմանը փորձում են հետ բերել կորցրածը: Ես յուրաքանչյուր մարզմանը հետեւել եմ նրանց: Պետք է աստիճանաբար գործենք, որպեսզի նրանց ներգրավենք խաղի մեջ եւ մեր հարձակման գիծը դարձնենք ավելի հզոր: Այս խաղում տեղի էին ունեցել փոփոխություններ: Մովսիսյանն ու Շիրոկովը խաղադաշտ դուրս եկան երկարատեւ դադարից հետո: Պետք է մանրամասն վերլուծենք, թե ինչպես նրանք խաղացին",- Յակինի խոսքը մեջբերում է "Սպորտ Էքսպրեսը":
Այսպիսովª Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողները "հարկադրական պարապուրդից" հետո աստիճանաբար վերադառնում են խաղադաշտ: Մինչ Մովսիսյանը խաղի մեջ հայտնվեց եւ արդեն լավ մարզավիճակի է վերադառնում Հենրիխ Մխիթարյանը, ով նույնիսկ հասցրել է տեղ գտնել Spox.com-ի հրապարակած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: Բայց նաեւ Հենրիխը վերջինª Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի "Բորուսիա"-"Հանովեր" խաղում տհաճ միջադեպի մեջ հայտնվեց. խաղի ընթացքում Մխիթարյանի եւ թուրք ֆուտբոլիստ Ցեյհում Ղուլսելամի միջեւ բախում տեղի ունեցավ: Արդյունքումª հայ ֆուտբոլիստը հայտնվեց խոտածածկին, ինչը թուրք ֆուտբոլիստը որակեց որպես սիմուլյացիա եւ քաշքշուկ սկսեց: Բախման պատճառով երկուսն էլ ստացան դեղին քարտ, սակայն հանդիպման վերջնամասում Ցեյհում Ղուլսելամը նաեւ հեռացվեց խաղադաշտից:
Մի խոսքովª մնում է, որ Արաս Օզբիլիսը վերադառնա խաղադաշտ, ինչը կամբողջացնի մեր Ազգային ընտրանու կազմը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

