"ԻՐԱՎՈՒՆՔԻ" 25-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ ԱՆՑԱՎ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Արխիվ 12-16"ԻՐԱՎՈՒՆՔԻ" 25-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ ԱՆՑԱՎ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ "Իրավունք" թերթի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, մշակութային, հասարակական գործիչներ եւ այլք: Հոբելյանական երեկոն սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ օրհնությամբ: Ողջ երեկոյի ընթացքում ֆիլմի տեսքով հատվածաբար ցուցադրվեց թերթի 25 տարիների կատարած աշխատանքը` հիմնադրման օրվանից մինչ օրերս:
Երեկոն իրենց կատարումներով ու շնորհավորանքներով ջերմացրին հայ էստրադայի ներկայացուցիչներ` Շուշան Պետրոսյանը, Էրիկը, Վրեժ Կիրակոսյանը, Մերի Մնջոյանը, Ռուսլան Էյլազյանը, Լուսինե Կչոզյանը, Տիգրան Հայորդին, Արման Վարդանյանը:"ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԼՔԻ
ԻՄ "ՓԱՆՋՈՒՆԻՆ""
Տոնակատարության համերգային մասն ազդարարեց ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ "Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ" երգով: Երգի կատարումից հետո "Իրավունքին" ուղղված շնորհավորական իր խոսքում տիկին Պետրոսյանը նշեց, որ երբեք չի լքի իր սիրելի "Փանջունին" ու 25-ամյա "Իրավունքին" մաղթեց. "Շնորհավորում եմ արդեն հասուն պատանի 25-ամյա "Իրավունքին"` այս հրաշալի, տոնական օրվա` տարեդարձի առթիվ, գրքի շնորհանդեսի համար էլ եմ շնորհավորում: Պարոն Բաբուխանյան, սրանք ձեր զավակներն են: Եվ ունեմ իմ շատ անձնական շնորհակալությունն "Իրավունք" թերթին, որն անպատվեր եւ անաչառ լուսաբանել է գործունեությունս` իմ պատգամավորական աշխատանքի տարիներին: Ինձ համար շատ բարձր են գնահատվում "Իրավունքի" լրագրողներն իրենց բարեկիրթ վարքով, իրենց զուսպ կեցվածքով, որոնց հանդիպում եմ յուրաքանչյուր նիստի ժամանակ, ինչի համար շնորհակալ եմ: Շնորհակալ եմ` լավ հայերենի համար, շնորհակալություն` երկխոսությունների, ակնարկների, վելուծությունների համար, որոնք տեղ են գտնում "Իրավունքի" էջերում":
ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներն իրենց շնորհավորանքն այլ կերպ արտահայտեցին երիտասարդ դերասանուհիներ ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ՆՈՒՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ ՅՈՒԼՅԱ ԺԴԱՆՈՎԱՆ` հատուկ "Իրավունք" թերթի համար մի ինքնատիպ երաժշտական համար էին պատրաստել. հատված "Մորգանի խնամին" ներկայացումից, սակայն միանգամայն այլ տարբերակով` ներկայացման հերոսուհի Նատաշան` երկու պարուհիների հետ միասին, իր ջերմ խոսքերն էր հղում ու գովաբանում "Իրավունքին", ինչը շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
ԷՐԻԿԸ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՑ
ՄԻԱՅՆ ԵՐԳԵԼՈՎ
Երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ չսահմանափակվեց միայն երգի տեսքով շնորհավորելով, կատարումից հետո թերթին հղեց իր բարեմաղթանքներն ու նշեց. "Շնորհավորում եմ "Իրավունքի" 25-ամյակը եւ շնորհակալ եմ, որ հաճախ ինձ էլ անդրադառնում են թերթի էջերում եւ ներկայացնում իմ նորություններն ու գործունեությունը":
ՈՂՋ ԵՐԵԿՈ ԲԵՄՈՒՄ ԷՐ ԵՐՎԱՆԴ
ԵՐԶՆԿՅԱՆԸ
Իսկ երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ "Իրավունքի" հոբելյանը շնորհավորեց իր նոր կատարմամբ` "Կանչ Հայրենյաց" երգն առաջին անգամ հնչեց` ի պատիվ "Իրավունքի" հոբելյանի: 25-ամյա թերթի ողջ միջոցառման ընթացքում բեմում էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻ գլխավորությամբ: Նվագախմբի կատարմամբ` հյուրերը վայելեցին հայ մեծանուն կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ:
ՀԱՆԴԻՍԱՎԱՐ
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ "ԻՐԱՎՈՒՆՔԻՆ" ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԱՆԱԿՆԿԱԼ ԿԱՏԱՐՄԱՄԲ
"Իրավունքին" ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքերն ուղեկցվում էին անակնկալներով, պարգեւներով ու պատվոգրերով` լրատվական դաշտում օբյեկտիվության ու անաչառության, ինչպես նաեւ միշտ ժողովրդի կողքին լինելու համար: Հոբելյանական երեկոյի հանդիսավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ թերթին ուղղված իր շնորհավորանքը արտահայտեց յուրահատուկ ձեւով` նա կատարեց Կոնստանտին Օրբելյանի "Սերը չի ծերանում" ստեղծագործությունը:
ԲՈԼՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ
ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Չնայած իր երիտասարդ տարիքին` "Իրավունքը" իր գործունեության շնորհիվ հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, այդ էին վկայում տարբեր երկրներում բնակվող մտավորականների ու քաղաքական գործիչների շնորհավորանքները եւ բարեմաղթանքները:
Հոբելյանական երեկոյի 2,5 ժամն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ վերջում բոլոր հյուրերը հավաքվեցին տոնական սեղանի շուրջ` մեկ գավաթ գինի բարձրացնելով` "Իրավունքի" հետագա հաջողությունների կենացը խմեցին:
"Իրավունքի" 25-ամյա հոբելյանական երեկոն կայացավ նաեւ հովանավորների շնորհիվ` գլխավոր հովանավոր "Շահնազարյան" գինու-կոնյակի տուն ՍՊԸ, աջակիցներ` "Աուռա" գրուպ, "Բրաբիոն" ֆլորա սերվիս,"Կարաս" Արմավիր Վինյադ եւ "Չանախ" կաթնամթերք: Ինչպես նաեւ ինֆորմացիոն աջակիցներ` Հանրային հեռուստաընկերություն, "Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի", "Արգումենտի նեդելի վ Արմենիի" թերթեր եւ "Զարուհի" ամսագիր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

