«15-20 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ ԱՆՀՆԱՐԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Արխիվ 12-16«15-20 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ ԱՆՀՆԱՐԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
Ձմեռային ցրտաշունչ եղանակը եկավ չեղած թեժ աշնան հետեւից` մարելով ոչ միայն խոստացված քաղաքական թեժությունը, այլեւ միտինգային հանրահավաքները: Իր կուլմինացիոն հանրահավաքը անցկացրեց ոչ իշխանական «եռյակը»` այս անգամ մարդկանց կերակրելով լեւոնական անեկդոտներով, ԲՀԿ-ական ընդդիմադիր, բայց հոգով այլընտրանքային ելույթներով, եւ, իհարկե, րաֆֆիհովհաննիսյանական եվրոպասիրությամբ ու ռուսատյացությամբ: Թե ի՞նչ շահեց Ազատության հրապարակ եկող միտինգավորը, դժվար է ասել, սակայն կարեւորը, որ ներկա ստացավ իրենց բերողներից ու հերթական խոստումները լսեց այսօր «եռյակ» դարձած նախկին «քառյակից», որը ինչպես աշունն է իր տեղը զիջում ձմռանը, այնպես էլ մարման կարգով նվազում է այս ուժերի թիմակիցների թիվը:
Հոկտեմբերի 24-ին կայացած «եռյակի» հանրահավաքի ուշագրավ դրվագների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ:
«ԻՐԵՆՑ ԱՅՍ ՔԱՅԼԵՐՈՎ «ԵՌՅԱԿԸ» ՀԵՆՑ ՀԻՄԱ
ԸՆՏՐԱՐՇԱՎ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ»
-Պարոն Աղաբաբյան, «եռյակն» արդեն իր երկրորդ հանրահավաքն անցկացրեց, ըստ Ձեզ, բովանդակային առումով ինչքանո՞վ էր այն տարբերվում նախորդից:
- Ճիշտն ասած, ես այդ հանրահավաքներով չեմ հետաքրքրվում: Ներկա չեմ եղել ու տեղյակ չեմ, բայց չեմ էլ կարծում, որ այդտեղ եսիմ ինչ պետք է տեղի ունեցած լինի:
- Օրինակ, այս անգամ նաեւ ԲՀԿ առաջնորդն է հայտարարել իշխանափոխության մասին: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս քաղաքական ուժը, ի վերջո, կդառնա ընդդիմություն:
- Իմ կարծիքով` նման բան ասելը շատ լուրջ քայլ է, եւ, բնականաբար, հիմա նրանք ընդդիմության մյուս թեւերից չեն տարբերվում, եթե առաջ տարբերվում էին: Հետեւաբար, կառաջնորդեն ընդդիմությանը, բայց դե, իրենց ցանկությունները շատ քիչ են: 15-20 հազար մարդով հեղափոխություն անել, իշխանափոխություն անել` անհնարին երեւույթ է, եւ չեմ կարծում, որ լուրջ են դրանք: Երբ ընտրությունների օրը գա կամ մոտենա, կհամոզվեք: Իմիջիայլոց, երեւի, իրենց այս քայլերով «եռյակը» հենց հիմա ընտրարշավ է անցկացնում: Իհարկե, ժամանակից շուտ եւ իմ կարծիքով` ոչ անվրեպ:
«ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ`
ԱՅԴ ՇՏԱԲՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՕԳՈՒՏ ԿՏԱՆ, ԹԵ` ՎՆԱՍ»
-Ի դեպ, հանրահավաքին հնչեց, որ իշխանափոխության շտաբներ պետք է ձեւավորվեն տարբեր մարզերում, ու արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է «եռյակը»: Մի՞թե, ինչպես Դուք նշեցիք, սրանք ոչ թե իշխանափոխության համար նախատեսված շտաբներ են, այլ` նախընտրական:
- Ընդհանրապես ճշմարտության չափանիշը պրակտիկան է: Կապրենք` կտեսնենք` այդ շտաբներն իրենց օգուտ կտան, թե` վնաս: Շտաբներ բացել, մասսայականացնել` դա այդքան էլ հեշտ բան չէ, որ կարողանաս նաեւ այդ շտաբների որակը պահել, կազմակերպվածությունը պահել: Եվ, բնականաբար, դա ընդամենը, ինչպես ասում են, բանաձեւերն են: Ուղղակի, այդ բանաձեւերը լուծել է պետք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ իրենք կարող են ժամանակից շուտ լուծել այդ բանաձեւերը:
«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԽՈՍՔԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԱՎԵԼՈՐԴ»
-Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի մասին դեմ է արտահայտվել: Իսկ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, ի հեճուկս Ր.Հովհաննիսյանի` նշել է, որ ԵՏՄ-ի վերաբերյալ ջղաձգումներն ուշացած են: Այսքանից հետո, «եռյակում» կարո՞ղ է լինել համաձայնություն` ինչ-որ հարցի շուրջ:
- Քանի որ վերցրել ենք այն քաղաքականությունը, որ աշխարհի բոլոր երկրների հետ մենք պետք է ճիշտ շփվենք, ճիշտ վերաբերմունք ցույց տանք, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը` Ռուսաստանի նկատմամբ, համարում եմ ավելորդ: Եվ չի՛ կարելի նման կերպ հանդես գալ: Մեր վարած քաղաքականությունն այնպիսին է, որ մենք որեւիցե մեկի կողմից չենք, այլ բոլորի կողմն ենք: Իսկ Րաֆֆին, բնականաբար, սխալվել է:
- Եվ մի վերջին հարց. ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ նույն հանրահավաքի ժամանակ ցուցակներով ներկա-բացակա էին անում մարդկանց: Ավելին` անգամ լրագրողական տեսախցիկներն են ֆիքսել դա:
- Էդ արդեն երեւի «եռյակի» ղեկավարների դասարանի տղերքն են (ծիծաղում է Ա.Ա.-ն-հեղինակ): Ես այդպիսի երեւույթին վերաբերվում եմ այնպես, ինչպես իրականում կա, բայց չեմ համարում, որ այդ ձեւաչափն իրենց համար նորմալ դրսեւորման ձեւ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

