ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Վերջին հանրահավաքին զարմանալիորեն հայտնվեց բավականին տեւական ժամանակ "թռած ման եկող" ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ու ինչ ասած լինի Վարդան Սիվիլիթասիչը` նորից կրկնեց "բոբո" սահմանադրական բարեփոխման մասին հեքիաթը. "Սահմանադրական ավանտյուրայի միջոցով ուզում են երկարացնել իրենց իշխանությունը: Այս համակարգը ջարդել կարելի է միայն իշխանափոխությամբ": Պատկերացնո՞ւմ եք` ժողովրդին ասում են` իշխանափոխություն արա, որպեսզի հանկարծ չփոխեն Սահմանադրությունը, որը քո համար չինական այբուբենի պես բան է: Դե, իսկ ժողովրդին էլ, զարմանալիորեն փորձում են համոզել "հորս արեւ" տիպի փաստարկներով: Սակայն ինչո՞ւ պետք է ժողովուրդը հավատա այդ կեղծավոր երդումներին:Իսկ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ ՋԻԱՆԻ ԲՈՒՔԻՔԻՈՆ զարմանալիորեն չի ուզում ունկնդրել "եռյակի" ու, մասնավորապես, Վարդան Սիվիլիթասիչի բաղձանքները եւ կոչ է անում բոլորին դառնալ սահմանադրական բարեփոխման մասնակից. "Պետք է լինի հասարակության կամքը, այլ ոչ թե միայն էլիտայի: Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր կարելի է փոխել, սակայն, եթե առաջացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, այն պետք է իրականացվի: Բայց պետք է իրականացվի հնարավորինս լայն քաղաքական կոնցենսուսի պարագայում, բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դիրքորոշում գործադել այդ գործընթացում": Դե, հիմա պատկերացրեք Րաֆֆու եւ Լեւոնի վիճակը` չէ՞ որ նրանց համար Վենետիկի հանձնաժողովի կոչը հրամանի զորություն ունի, այդ հանձնաժողովը իրենց վերադասներից մեկն է: Հիմա հաջորդ հանրահավաքին ո՞նց պետք է պնդեն, որ բարեփոխում պետք չէ: Չէ, "եռյակին" չեն սիրում ոչ միայն աղջիկները (ինչպես Պանիկովսկու պարագայում), այլ նույնիսկ եվրոպացիները:
Իսկ ՀՀ-ԼՂՀ արանքում մաքսակետ դնելու մասին հեքիաթը զարմանալի դաժանությամբ քանդեցին ռուսները: Այսպես, ՌԴ մաքսային ծառայության ղեկավար ԱՆԴՐԵՅ ԲԵԼՅԱՆԻՆՈՎԸ պատասխանելով այդ հեքիաթային մաքսակետի մասին հարցին` ասաց. "Մոտակա ժամանակահատվածում նման բան չենք ծրագրում... Վերջերս ես ներկայացուցիչ եմ նշանակել Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Ըստ ամենայնի, նա կայցելի սահման, սակայն հայ մաքսային աշխատողների աշխատանքներին մենք չենք խառնվի": Լսեցիք, այ դմբո քարոզիչներ` մարդիկ պարզ ասացին, որ հայ մաքսավորների գործերին չեն խառնվելու: Ու ուզում եք` դրեք մաքսակետ, ուզում եք` մի դրեք: Այսքանից ավել ձեզ էլ ի՞նչ ասեն:
Իսկ Քուչակ գյուղում բնակվող հովիվ ՍԵՎԱԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ զարմանալիորեն իրեն որոշեց դրսեւորել որպես իսկական չոբան` բռի, բթամիտ եւ անհասկացող: Նա զարմանալիորեն հարձակվեց ոստիկան Վարդան Գեւորգյանի վրա, կոպալով տուր թե կտաս ոստիկանի ճակատին եւ տիրացավ վերջինիս ծառայողական ատրճանակին: Պահանջվեց եւս ոստիկաններ կանչել, 2 ժամ համոզել իր տանը դիրքավորված չոբանին, որպեսզի այլեւս չկրակի եւ հանձնվի: Դե արի ու հասկացի` չոբանի ինչի՞ն էր պետք ոստիկանի ատրճանակը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, նախիր արածեցնող մեր քաղաքացիներին հորդորենք, որ ընդամենը կատարեն հովվի աշխատանքը, բայց ոչ մի դեպքում չվերածվեն բռի չոբանի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

