ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՊԵՏՔ ՉԷ ԲԵԿՈՒՄ ԱԿՆԿԱԼԵԼ
Արխիվ 12-16ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՊԵՏՔ ՉԷ ԲԵԿՈՒՄ ԱԿՆԿԱԼԵԼ
Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ փորձեցինք զրուցել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, ով առանձնապես մեծ ակնկալիքներ չունի այդ հանդիպումից, բացի այն, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս պահպանել խաղաղությունն ու կայունությունը եւ բանակցային ձեւաչափի միջոցով փորձել ինչ-որ ձեւով լուծել հակամարտությունը: Մեր զրուցակցի խոսքով.
-Վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է երկու նախապայման: Նախª անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձեւաչափը. ճիշտ չէ, երբ մեր ճակատագիրն է որոշվում` առանց մեզ: Եվ երկրորդը` Ադրբեջանը պետք է վերանայի իր մոտեցումները: Դժբախտաբար, որեւէ փոփոխություն այստեղ մենք չենք տեսնում: Նույն ֆաշիստական հռետորաբանությունն է, նույն քայլերը, հանցագործների հերոսացումը, հենց այսպիսի հանդիպումներին ընդառաջ` իրավիճակի լարումը: Այս ամենը որեւէ հիմք չի տալիս մեզ ակնկալել, որ լինելու է բեկում:
- Հնարավո՞ր է, որ ՀՀ-ի` ԵՏՄ լիարժեք անդամ դառնալուց հետո Ադրբեջանը այնպիսի քայլեր կարողանա կատարել, որոնց արդյունքում ՌԴ-ն Հայաստանից պահանջիª մաքսակետ դնել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ:
- Ես քանիցս անիրատեսական եմ համարել մաքսակետի մասին խոսակցությունները: Իսկ հետագայում` ինչի համար պետք է կողմնակի մարդիկ կարողանան նման բան պարտադրել դաշնակից երկրներին: Մենք ինքներս կարող ենք որոշել, որ, ասենք, վաղը պետք է մաքսակետ լինի, առավել եւս, որ այդ մաքսակետը եղել է տարիներ շարունակ` պատերազմի, հետպատերազմի տարիներն: Հետո մենք որոշել ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Եթե վաղը որոշենք, որ նորից պետք է բացվի, ապա դա երբեւէ չի լինի երրորդ կամ կողմնակի ուժերի ազդեցությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

