"ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷՐ ԲԱՐՁՐԱՑԵԼ ՀԱՐԹԱԿ"
Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" կազմակերպած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության դեմ պայքարողներին ջղաձգվողներ համարեց. "Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, որ ես դեռ ամիսներ առաջ անշրջելի էի համարել, Մինսկում կնքված պայմանագրի ուժով արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը, իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի, նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում: Հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս ուշացած, անիմաստ եւ վնասակար է":
"Իրավունքը" "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՑ պարզեց` ինչու "Ժառանգությունը", լինելով արեւմտամետ ուժի ներկայացուցիչ, պատշաճ ձեւով չարձագանքեց ՀԱԿ առաջնորդի այս բնութագրմանը: "Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին արձագանքելու համար չէր բարձրացել հարթակ, այլ իշխանափոխության եւ քաղաքական մեր հստակ մոտեցումները հնչեցնելու եւ ժողովրդի իրավունքների մասին խոսելու համար, իսկ այդ ընթացքում ինչ պատասխաններ եղան, դա ամեն մեկի ընկալման հարցն է: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց, որ դա անշրջելի չէ",- ասաց Դավիթ Սանասարյանը: "Ժառանգության" մամլո խոսնակի խոսքով` եթե անգամ հիմա ոչ լեգիտիմ ստորագրությամբ ու նույնիսկ նույնպիսի խորհրդարանում վավերացվի Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի նախագիծը, այն անշրջելի չէ, քանի որ իշխանափոխությունից հետո այն կվերանայվի: