ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ԻՐ ՀՅՈՒՐԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ԻՐ ՀՅՈՒՐԵՐԻՆ
Երեկ ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼՈԻՍ ԿՐԱՈՒՏԻՆ` Ավստրիայի Ազգային օրվա առթիվ հյուրասիրության էր հրավիրել մի շարք պաշտոնյաների: Ներկա էին ինչպես ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ, այնպես էլ, բնականաբար, ոչ իշխանական "եռյակից" "դուետը"` ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ: Ուշագրավ էր այն, որ ներկա չէին ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավորները, մինչդեռ հանուն Եվրոպայի` ամբիոններից կոկորդ է պատռում իրենց առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչեւէ, երեկոն սկսվեց պարոն դեսպանի ողջույնի խոսքով` ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց իրենց հայրենի լեզվով: Իսկ մեր քաղաքական գործիչները ստիպված էին բարեկիրթ ժպտալ ու հանդուրժել այդ ելույթը մինչեւ վերջ: Այո՛, հայերեն թարգմանություն ավստրիացիները նեղություն չէին կրել ապահովել, սակայն էկրանի վրա դրել էին հայերեն թարգմանության տեքստը (ականջդ կանչի ռուս վերլուծաբան Կիսիլյով): Եթե պաշտոնական կամ տոնական հանդիպում չլիներ, կարելի էր նաեւ "կարաոկե" տարբերակով կարդալ ելույթը: Իհարկե, դա կհաջողվեր միայն առջեւի կանգնածներին ու լավ տեսողություն ունեցողներին: Թե ինչ ասաց պարոն դեսպանը, այդպես էլ քչերն իմացան, մնում էր օգտվել ավստրիական ֆուրշետից ու հեռանալ նույնպիսի ժպիտով, որով էլ եկել էին հատկապես ընդդիմադիր եվրոպասեր պատգամավորները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

