ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
"Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը քաղբանտարկյալ է: "Իրավունքը" դերասանի փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ պարզեց` համամի՞տ է նա Ր. Հովհաննիսյանի այդ հայտարարությանը:
Փաստաբանը խուսափեց հստակ գնահատական տալ` ասելով, որ քաղբանտարկյալ տերմինը որեւէ իրավական ակտով սահմանված չէ: "Ես քաղաքական գործիչ չեմ, որ ձեր հարցին պատասխանեմ: Բայց պայմանականորեն` քաղբանտարկյալ նշանակում է, որ անձը դատապարտվել է ոչ թե քրեական օրենսգրքով արգելված արարքի, այլ` քաղաքական հայացքների համար: Վարդան Պետրոսյանի դեպքում ունենք մի իրավիճակ, որը ոչ մի աղերս չունի օրենքի հետ: Օրինակ, չկա մի գործ, երբ անձին` որպես մեղադրյալ, ներգրավեն, ցանկանա ցուցմունք տալ, խնդրի հարցաքննության ձեւաթուղթը, իսկ քննիչը նրան այդ ձեւաթուղթը չտա: Չկա մի գործ, երբ քննիչը խլի փաստաբանի գրիչն ու փախչի",- ասաց փաստաբանն ու թվարկեց գործին առնչվող այլ խախտումներ եւս: Նիկոլայ Բաղդասարյանից պարզեցինք` չի՞ կարծում, որ Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ համարելով` Րաֆֆի Հովհաննիսյանը վիրավորեց Հակոբյանների ընտանիքին, որոնք երկու որդի են կորցրել եւ ինչ-որ չափով վատ վիճակի մեջ դրեց նաեւ Վարդան Պետրոսյանին, որը հայտարարել էր, որ պատրաստ է իր պատիժը կրել: "Վարդան Պետրոսյանը ասել է, որ ոչ թե պատրաստ է իր պատիժը կրել, այլ որ չի խուսափի պատասխանատվությունից: Այսինքն` նա կանի ամեն ինչ, որ օժանդակի ճշմարտության բացահայտմանը: Ինչ վերաբերում է Հակոբյանների ընտանիքին, նրանց ոչ ոք չի ուզում վիրավորել: Ցավոք սրտի, մարդիկ ուզում են պատրվակ դարձնել դա, օգտագործեն նրանց` ձեւական բառերով, ձեւական խոսքերով: Սա է իմ ցավը",- եզրափակեց Վարդան Պետրոսյանի փաստաբանը: