"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ"
"Իրավունքը" ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ զրուցեց հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած "եռյակի"` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" համատեղ հանրահավաքի մասին: -Պրն Բաղդասարյան, ի՞նչ տպավորություն ստացաք "եռյակի" հանրահավաքից: - Դե, նորություն չկար հանրահավաքում, որ մեկնաբանեմ: Երբ երեք ոչ իշխանական ուժերով կանեն ընդհանուր հայտարարություն, նոր կխոսենք: Իրենք բարձրացրին այն հարցերը, որոնք մեր վերահսկողության տակ են` մենաշնորհ, կոռուպցիա:
Դռները բաց են, կարող են գալ ու քննարկել` միասնական արդյունքի հասնելու համար: Հարթակում կանգնած քաղաքական ուժերը եղել են իշխանության մեջ, կարող էին այդ ժամանակ բարձրացնել: Անկեղծ ասած, ինձ համար հստակեցված չէ` ինչ են ուզում իրենք: - ԲՀԿ առաջնորդն իր ելույթով ի՞նչ մեսսիջներ հղեց հանրությանն ու իշխանությանը: - Ընդհանուր առմամբ, իմաստը հետեւյալն էր` խոսելու բան կա, որի մասին մենք վաղուց ենք ասել: Չկա նոր բան, որի մասին ես խոսեմ: - Փաստորեն, ընդունում եք, որ "եռյակն" իշխանության հետ բանակցելու կամուրջները չի այրել: - Այո, հիմա իրենք են այդ բանակցության ճանապարհները փնտրում: - Արդյոք կհաջողվի՞ "եռյակին" համաժողովրդական շտաբներ բացելու հայտարարությունը կյանքի կոչել: - Լավ չեմ հասկանում դա: Իրենք յուրաքանչյուր տեղում ունեն շտաբ: Երեւի, դրանց անվանումը փոխեն: Ընտրություններից երեք ամիս առաջ շտաբներ ստեղծելը հասկանում եմ: Հիմա չեմ հասկանում` ինչո՞վ են զբաղվելու այդ շտաբները: - Կարծիք կա, որ "եռյակի" գլխին կանգնած է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը... - Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորություն անել ուրիշի ռեսուրսների վրա, բայց իրենք պետք է որոշեն` ով է գլուխը: Այն օրը, երբ պետք է որոշեն, ով է նրանցից առաջինը, ինձ թվում է "եռյակը" լուրջ խնդիրների առջեւ կկանգնի: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ