"ԵՌՅԱԿԸ" ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՏՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱ՞ՆԸ
Արխիվ 12-16"ԵՌՅԱԿԸ"
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
ԵՏՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱ՞ՆԸ
Այն, որ "եռյակի" գործողությունները, ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ ԱԺ-ում գնալով ավելի ու ավելի են նմանվում կրկեսի, կարծես թե ակնհայտ է: Առավել եւս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր տաղտկալի ելույթը համեմեց բավականին տափակ անեկդոտներով: Ու, բնականաբար, այն բոլոր զավեշտները, որ կապված են "եռյակի" հանրահավաքների հետ, բխում են մի շատ հասարակ բանից` որ քաղգործիչները անկեղծ չեն, չեն ներկայացնում հանրությանը սեփական բուն նպատակները, այդ պատճառով էլ թողնում են կրկեսի կամ աբսուրդի թատրոնի տպավորություն:
ՇՏԱԲՆԵՐ ԵՔ ԲԱՑՈՒՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ
Հանրահավաքի բազմամարդությունը եւ ելույթներն այնքան են խոթում հանրության աչքը` համացանցի եւ հեռուստաեթերի միջոցով, որ արդեն մարդկանց զահլան գնում է: Բայց այդ բազմամարդությունը ամենեւին էլ ժողովրդի խանդավառության արդյունք չէ: Գործում է դեռ խորհրդային տարիներից հայտնի "կամավոր-պարտադիր" տարբերակը: Գալ հանրահավաք պարտադրվում է ոչ միայն "եռյակի" կուսակցությունների անդամներին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներին, այլեւ դրանցից յուրաքանչյուրի վրա էլ 4-5 հոգի բերելու պլան է դրվում: Համացանցում արդեն տարածվել է տեսանյութը, ուր երեւում է, թե ինչպես հանրահավաքի մեկնարկից առաջ կարգադրիչները ցուցակները ձեռքներին ներկա-բացակա են անում:
Դե, եթե այսօր դեռ` չիշխանական կարգավիճակում, աշխատավոր մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեն ճորտի կամ ստրուկի հետ եւ անգամ հացից զրկելու սպառնալիքով քշում են քաղաքական միջոցառման` գլխաքանակն ապահովելու, վանկարկելու եւ բղավելու, ապա կարելի է պատկերացնել, թե երկրին ինչ է սպասվում, եթե հանկարծ սրանք գան իշխանության: Ի դեպ, ծանոթներիցս մեկը, ով մշտապես միայն վատ որակումներ է տվել իշխանություններին, վերջին հանրահավաքը տեսնելուց հետո խոստովանեց, որ հարթակին կանգնածների համեմատությամբ` գործող իշխանությունները դեռ փառք են: Խոշոր հաշվով, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, մնացյալ բոլորը իշխանության համը լավ էլ ճաշակել են, ու ինչ-որ, մեղմ ասած, չէին փայլում բարեփոխումներ իրագործելու հակումներով եւ ունակություններով: Ու հիմա էլ հնչեցին ընդհանուր ֆրազներ: Միակ կոնկրետ ասելիքը ԲՀԿ-ինն էր` որ ձեւավորում են համաժողովրդական շարժման շտաբներ, իսկ նստացույց առայժմ չեն անում:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչ նպատակով են բացվում այդ շտաբները: Չէ՞ որ մինչեւ ընտրությունները դեռ գրեթե 3 տարի կա, ու հիմիկվանից ընտրարշավ վարելը դժվար թե խելամիտ լիներ: Համ էլ շտաբները, որպես կանոն, ունեն օպերատիվ, ընթացիկ գործողությունները կազմակերպելու եւ համակարգելու գործառույթ: Հետեւաբար, շտաբներ են բացում, որ ի՞նչ անեն:
ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ
ԺՈՂՈՎՐԴԻՑ
Իսկ այժմ փոքր-ինչ անդրադարձ կատարենք հնչած ելույթներին: Լեւոն Ակոպիչը կրկնեց իր մտքերը` "ջղաձգվողների" եւ "լուսանցքայինների" մասին, կրկին պնդելով, որ Եվրասիական միությունը անշրջելի իրողություն է: Ավելին, նա բավականին երկար դատողություններ արեց, թե ինչ օգուտներ կարելի է քաղել այդ միությունից: Կարճ ասած, ծերուկն ինքն իրեն հռչակեց Եվրասիական միությանը նվիրված գործիչ: Դե, եթե չստացվեն մայդանատիպ գործընթացները, ապա կարելի է փորձել այդ "եվրասիականությունը" նաղդել Մոսկվայի վրա: Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո նույնիսկ ամերիկացի Րաֆֆին էր վազել Մոսկվա, այսինքն` մեր ռազմավարական դաշնակցին կեղծավոր հավաստիացումներ տալը բոլոր "նարնջագույնների" սովորությունն է: Որոշակի փուլին դա անում են բոլորը, բացի երդվյալ ծայրահեղ արեւմտամետներից, ու ՀԱԿ-ի 69-ամյա առաջնորդը չէր կարող բացառություն լինել:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հերթական անգամ հնչեցրեց իր անհամաձայնությունը եվրասիականության գաղափարին ու նաեւ կոչ արեց հանրահավաքից հետո նստացույց սկսել: Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանը հատուկ ասաց, որ նստացույց առայժմ չի լինելու, սակայն Րաֆֆին կրկին ֆիքսեց պատկեր` արեւմտյան ԶԼՄ-ների համար` լեփ-լեցուն հրապարակ, որն ունկնդրում է հակառուսական ելույթ:
Իսկ հիմա անդրադառնանք շտաբների ձեւավորմանը: Գործնականում բոլորը հիշատակեցին իշխանափոխություն բառը, սակայն ոչ ոք չնշեց կոնկրետ ձեւեր ու եղանակներ, ԼՏՊ-ն էլ մարդկանց էշի տեղ դնելով` պնդեց, որ չի պատրաստվում Սերժ Սարգսյանին սկուտեղի վրա մատուցել իշխանափոխության տակտիկայի ու ստրատեգիայի "գաղտնիքները": Բնականաբար, հարց է ծագում, թե ինչ գործընթաց կամ գործողություն պետք է կառավարեն շտաբները:
Նոյեմբերի կեսերին ԱԺ արտահերթ նիստում վավերացվելու է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Կարելի է ենթադրել, որ հենց այդ օրվանն են պատրաստվում: Այսինքն, չի բացառվում այն սցենարը, որ շտաբները կօգտագործվեն հենց վավերացումը տապալելու նպատակով մայդանատիպ ինչ-որ բան եփելու համար: Բայց, բնականաբար, դա չի կարող միակ նպատակը լինել:
Հիշենք, թե ինչպես էր ԼՏՊ-ն կեղծ հավաստիացումներ տալիս, իբր "եռյակը" որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն առնվազն ԲՀԿ-ի կապերը ՀՀ երկրորդ նախագահի հետ հնարավոր չէ ժխտել: Այլ հարց է, թե ինչքանով կկատարեն Ռոբերտ Սեդրակիչի ուզածը եւ ինչքանով կխաղան ինքնուրույն խաղ: Համենայնդեպս, նույն շտաբները կարող են ծառայել գործիք Քոչարյանի ձեռքերում` իշխանության վրա ճնշում գործադրելու: Իզուր չէ, որ ժողովրդին կերակրում են աբսուրդ հեքիաթներով, թե սահմանադրական բարեփոխումներն ահավոր "քըխ" բան են, եւ դրանց միջոցով բոբո ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը պատրաստվում են թագավորել առնվազն առաջիկա մեկ դարը: Մինչդեռ, պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ բարեփոխումներից հիմնական, եթե ոչ միակ տուժողը Ռոբերտ Քոչարյանն է, քանզի խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում նա չի կարողանա վերադառնալ իշխանության` որպես այդ իշխանության լիակատար կրող, անգամ եթե ապագա խորհրդարանը նրան նշանակի ՀՀ նախագահ: Այ, հենց նրան է խանգարում այդ բարեփոխումը, եւ շարժման շտաբները կարող է ձգտել օգտագործել ճնշում գործադրելու համար, որպեսզի տապալի սահմնադրական բարեփոխումը: Թե ինչ կարգախոսով, ինչ պահանջներով ու ինչ պատրվակներով գործողություններ կարող են ձեռնարկել այդ շտաբները, բացարձակ կարեւոր չէ: Բայց, բնականաբար, նաեւ այդպիսի նպատակի սպասարկումը կարող է զուգակցվել "քեռի Սեմի" նպատակների սպասարկման հետ:
Դե իսկ, եթե որեւէ ակտիվ գործողություններ չձեռնարկվեն, նույն շտաբներում կարող են հիմնական զբաղմունք սարքել համակարգչով "շարիկ գլորելը": Մեկ էլ ջահելներին լծել տեղեկատվական պատերազմի գործին, այդ թվում եւ` "եռյակի" դեմ նյութեր գրող լրատվական կայքերը կոտրելուն: Ի դեպ, այդպիսի նախադեպեր արդեն առկա են, եւ կոնկրետ ԶԼՄ-ներ հենց "եռյակին" էլ մատնանշում են` որպես կիբերհանցագործության հեղինակ, նշելով նաեւ այն հրապարակումները, որոնք կիբերհարձակման առիթ են դարձել:
Ինչեւէ, թեեւ թեժ աշնան ռեսուրսներ կարծես թե չկան, սակայն իրավիճակը սրելուն պատրաստվողներ կան: Ու միակ բանը, որ շատերին հետ է պահում ապակայունացող գործողությունների ռիսկերից, այն է, որ հաղթանակի շանսերը մեծ չեն, իսկ պարտության դեպքում արդեն 2015-ին Եվրասիական միությունում ապրելու փաստի զորությամբ իշխանություններն այլեւս հաշվի չեն նստի ամերիկացիների ու եվրոպացիների գոռգոռոցների հետ` ի պաշտպանություն իրենց 5-րդ շարասյուների: Այս անգամ հակասահմանադրական քայլեր անողները իրոք կընկնեն քրեական օրենսդրության բովանդակ ծանրության տակ, առանց զուտ քաղաքական համաներումների եւ նման այլ գործողությունների շանսի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

