«ԵՐԵՎԻ ՈՒՈՐԼԻՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ ՕԲԱՄԱՅԻՆ` ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԵՐԵՎԻ ՈՒՈՐԼԻՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ ՕԲԱՄԱՅԻՆ` ՃԱՆԱՉԵԼ
ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ
Երեկ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Թե ինչ տվեց երկու երկրների այս հանդիպումը, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանից:
-Պրն Շիրինյան, Սերժ Սարսգյանի ու Իլհամ Ալիեւի այս հանդիպումը նախորդներից ինչո՞վ էր տարբերվում: Արդյոք այս հանդիպումը կարելի է առանձնահատուկ համարել:
-Այո: Հուլիս-օգոստոսյան դաժան կռիվներից հետո, երբ հայոց բանակը ցույց տվեց իր պրոֆեսիոնալիզմը, առաջացավ նոր իրավիճակ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկու-երեք տարի շարունակ խոսում էր պատերազմի մասին, հետո էլ սկսվեցին ռազմական գործողությունները, այսինքն` Բաքուն զբաղված էր համաշխարհային բանդիտիզմով, ամբողջ աշխարհին տեռորի ենթարկելով: Հայկական բանակը, սակայն, ջարդեց Ադրբեջանի նախագահի ատամներն այն աստիճանի, որ, կներեք, ոչխարի նման նա հիմա գալիս-մասնակցում է ցանկացած բանակցության: Սա մեծ նվաճում է: Աստված չանի, եթե հայկական բանակը պարտվեր, ռուսները, Ալիեւին հեծած, քշելու էին Հայաստանի վրա: Մեր նախագահն Ադրբեջանի նախագահի փողկապից բռնած` ուր ուզի կտանի:
-Երկու երկրների հանդիպման օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել էր, որ հույս ունի, թե այս հանդիպումը կմոտեցնի խաղաղությանը: Ի՞նչ ակնարկ էր սա ամերիկացի համանախագահի կողմից:
-Երեւի Ուորլիքը պետք է համոզի Օբամային ճանաչել Արցախի անկախությունը: Թող Արեւմուտքը ճանաչի Արցախի անկախությունը, այսինքն` լուծված հարցին կնիք դնեն: Հարցն ընդմիշտ կլուծվի, մենք էլ խաղաղ կապրենք:
- Որոշ վերլուծությունների համաձայն Ֆրանսիայի նախագահի նախաձեռնողականությունը երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առումով նպատակ ուներ ցույց տալ, որ ԼՂ հարցի կարգավորումը միայն ՌԴ-ի, այսպես ասած, մենաշնորհը չէ: Ֆրանսիան եւս ունի այստեղ իր որոշակի դերակատարությունը:
- Նախ պետք է պարզել վերլուծողներն ովքեր են` կենսաբան են, ճիճվաբան են: Հակասություն են որոնում երեք գերտերությունների ղեկավարների գործունեության միջեւ, որպեսզի Հայաստանը նրանց դանակի տակ մտնի: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք նախագահների միջեւ առայժմ կա կոնսենսուս Արցախի հարցում: Երեք համանախագահներն էլ ցանկանում են մեր տարածաշրջանում խաղաղություն:
Սոնա Դավթյան

