ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ
Արխիվ 12-16ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ
Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի` <<Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում>> գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դիվանագետներ, մշակույթի ասպարեզը ներկայացնող հարգարժան անձինք:
Ներկայացնելով գիրքը` Հ. Բաբուխանյանը նշեց, որ այն նվիրված է Հայաստանի` ԵՏՄ-ի մեջ անդամագրվելուն եւ գրքում մանրամասն ներկայացված են անվտանգության, տնտեսական եւ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանի ԵՏՄ անդամագրվելուց օգուտները: Հեղինակը նշեց, որ հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը մոտենում էր 1915 թվականին` սարսափելի մթնոլորտում եւ ապրեց իր հազարամյա պատմության մեջ ամենադաժան էջը: Իսկ այսօր` Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Հայաստանը մոտենում է 2015 թվականին` ապագայի հանդեպ լավատեսությամբ, քանի որ հունվարի 1-ից անդամագրվելու է Եվրասիական միությանը:
Այնուհետեւ, գրքի վերաբերյալ խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, <<Ազգային միաբանություն> կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, որը նախ շնորհավորեց գրքի հեղինակին` 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ ապա ասաց.<<Եզակի ազնվություն է զետեղված գրքում: Ամենասուր հարցերին տրվում են յուրովի մեկնաբանություն եւ պատասխան: Ի տարբերություն որոշ այլ հեղինակների, Հայկ Բաբուխանյանի հոդվածներն ունեն համամարդկային նշանակություն: Գրված են քրիստոնեական համակարգում: Կազմված են պահպանողական համախոհության հենքի վրա>>:
Իր խոսքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ Ա. Իվանովը դեսպանի անունից Հ. Բաբուխանյանին հանձնեց շնորհակալագիր. <<Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ երկարամյա եւ ծանրակշիռ ներդրման համար>>:
Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անունից սիրված դերասան, ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը նշեց.<<Հ. Բաբուխանյանի գործը միշտ էլ եղել է պայքարը չարի դեմ եւ բարի գործերի խրախուսանքը: Այդ իսկ պատճառով Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիան այօր որոշել է պարոն Բաբուխանյանին պարգեւատրել Շիլլերի անվան մեդալով, քանի որ Շիլլերը միշտ ներկայացրել է բարու եւ չարի պայքարը, որն ավարտվել է առաջինի հաղթանակով: Եվ կցանկանայինք, որ Հ. Բաբուխանյանը միշտ հաղթեր չարին եւ լիներ հաղթանակով իր բարդ գործում>>:

