«ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՍՊԱՆԴ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ
Արխիվ 12-16«ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ
ՍՊԱՆԴ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ
Այսօր քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում թափառող շների սպանդի: «Իրավունքի» հետ զրույցում «Դինգո թիմ» ՀԿ-ի անդամ Ալինա Ենգոյանը հիշեցրեց կառավարության որոշումներից մեկը, ըստ որի` պետք է իրականացվի շների երկու անգամ ավելի շատ ստերջացում, քան վնասազերծում:
Երեւանի թափառող կենդանիներին որսացող, ստերջացող ու վնասազերծող «Յունիգրաֆ իքս» ընկերությանը, ըստ Ալինա Ենգոյանի, հատկացվում են ահռելի գումարներ, որոնք պետք է արդյունավետ ծախսվեն, որի համար էլ իրենք պայքարում են: «Տասը տարի շարունակ իրականացվում է անօրինական սպանդ, որը հանգեցնում է շան տեսակի ագրեսիվացմանը եւ թափառող շների շատացմանը»:
ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` շների ստերջացում չի արվում: «Եթե քաղաքում կան ստերջացված շներ, ապա այն արվել է «Դինգո թիմ» ՀԿ-ի կողմից,»- վստահեցնում է Ալինան:
Թափառող կենդանիների դեմ պայքարին առնչվող մյուս կասկածելի հարցը դրանց թվաքանակն է: «Ինչպե՞ս է լինում, որ ամեն տարի «Յունիգրաֆ իքս»-ի կողմից ներկայացվում է 46.000 թափառող շուն, այն դեպքում, երբ 20.000.000-անոց Մոսկվայում կա 20.000 շուն: Մեր տվյալներով` մայրաքաղաքում պետք է լինի ոչ ավելի, քան 8000 շուն»,- ասաց Ալինան:
ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` քաղաքապետարանում չկան թափառող կենդանիներին վերահսկող եւ այդ խնդիրներին իրազեկ գոնե մեկ կենսաբան. «Իսկ միջազգային կառույցի մասնագետները բազմիցս ասել են, որ պետք է թիմ ստեղծվի ու կատարվի մասնագիտական լուրջ աշխատանք, որպեսզի նույն շան ետեւից «Յունիգրաֆը» երկու անգամ չգա: Այսինքն մի անգամ գա տանի, ստերջացնի, հետո էլ տանի վնասազերծի»:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են կացարան կառուցել, սակայն դրա համար առնվազն 500 մլն դրամ է անհրաժեշտ և քանի որ մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, չեն կարող այդքան գումար տրամադրել նման խնդրի համար:
Ի դեպ, խնդրի շուրջ «Իրավունքը» մանրամասն զրուցեց Ալֆրեդ Հունանյանի հետ, որը կներկայացնենք հաջորդիվ:



Սոնա Դավթյան

