"ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԻ ՁՈՒԿ ՈՒՏԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ՉՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԱՅՆ ԲՌՆԵԼ"
Արխիվ 12-16"ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏԻ ՁՈՒԿ ՈՒՏԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ,
ԲԱՅՑ ՉՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԱՅՆ ԲՌՆԵԼ"
Քառօրյայի վերջին երկու օրերին ԱԺ-ում բուռն կերպով քննարկվում է կառավարության ներկայացրած սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը` կից փաթեթով: Փաթեթով առաջարկվում է ստեղծել հարկային խթաններ` հանրապետությունում տնտեսական համաչափ զարգացման համար, մասնավորապես, սահմանամերձ գյուղական համայնքներում առաջարկվում է տնտեսվարողներին ազատել եկամտային, ավելացված եւ շրջանառության հարկերից: Թե ինչու է վերոնշյալ նախագիծն այդքան աղմուկ բարձրացրել, եւ ինչն էր կողմերի հակասության պատճառը, փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-ճիշտն ասածª ես այս քննարկումների մեջ հակասություններ չեմ տեսնում, նույնիսկ մոտեցումների մեջ տարբերություններ չկան: Խնդիրը հետեւյալն է. պատգամավորների մի հատվածը գտնում է, որ բացի նախաձեռնությունից, այսինքն` բացի կառավարության նախատեսած արտոնություններից, պետք է ավելացնել նաեւ սահմանամերձ բնակիչների կոմունալ-կենցաղային հոգսերը հոգալու արտոնություններ եւս, մասնավորապես` գազի, լույսի, ոռոգման ջրի, ուսման վարձերի վերաբերյալ: Բայց պետք է փաստեմ, որ հավանաբար մեր գործընկերներից ոմանք տեղյակ չեն, որ կառավարությունը դեռեւս մարտ ամսին որոշում է կայացրել, ըստ որի` այն համայնքները, որոնք գտնվում են թշնամու կրակոցների կիզակետում, եւ այն հողատարածքները, որոնք այդ պատճառով դարձել են անօգտագործելի, առհասարակ ազատված են հողի հարկից: Բացի այդ` վերը նշված համայնքներում սահմանվել են հոսանքի եւ ոռոգման ջրերի հիսուն տոկոս զեղչ: Այսինքնª ոմանք ցանկանում են ավելին, հաշվի չառնելով, որ դա այլեւս արված է: Ընդդմությունն ասում է` դուք էսօր նրանց տվեք մեր պահանջած արտոնությունները` անկախ ամեն բանից, իսկ քաղաքական մեծամասնությունը գտնում է, որ պետք է այդ նույն նպատակին հասնել այլ ճանապարհով` ստեղծել պայմաններ տնտեսության աշխուժացման համար: Որպեսզի գործարանները ներդրումներ կատարեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ սահմանամերձ համայնքներում, որի համար կառավարությունն առաջարկում է հարկային լուրջ զեղչեր: Այդպիսի զեղչի պայմաններում ցանկացած ներդրող շահագրգռված կլինի իր արտադրությունը տեղափոխել այնտեղ, որովհետեւ նման պայմաններում արտադրություն ձեւավորել նշանակում է ունենալ շատ ավելի մրցունակ ապրանք: Այստեղ ընդդիմությունը ուզում է մարդուն, այսպես ասած, պատրաստի ձուկ ուտել սովորեցնել, բայց չսովորեցնել այն բռնել:
Այսպիսովª մոտեցումների տարբերությունն այն է, որ կառավարությունը առաջնահերթ է համարում ստեղծել նպաստավոր պայմաններ` տնտեսության զարգացման` հետեւաբար մարդկանց եկամուտներն ավելացնելու համար եւ այդ կերպ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները, իսկ ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ դա այդքան էլ էական չէ:
Պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ այս առաջարկն ուղղակի բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերից: Այն է` սահմանամերձ գյուղերի նկատմամբ սահմանել առանձնահատուկ վերաբերմունք` օգտագործելով հարկային քաղաքականության նոր գործիքներ, նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար: Առանցքային թեզերից մեկն էլ այն էր, որ տնտեսական իրավիճակի այդ խզումը` Երեւան եւ մարզեր, պետք է աստիճանաբար վերացնել, եւ հիմա կառավարությունը հետեւողականորեն փորձում է իրականացնել այս գաղափարը: Բավարա՞ր է, անկասկած` ոչ, բայց խիստ անհրաժեշտ է:
- Ուրեմն` ինչի՞ց է այս լարվածությունը. եթե խոսքը միայն մոտեցումների տարբերության մասին է, պետք է պարզապես նստել ու փորձել տեսակետներն իրար մոտեցնել: Վերջին հաշվով, խոսքը սահմանամերձ, կիսապատերազմական գոտու մասին է, որի նկատմամբ քաղաքական խաղերն առավել անթույլատրելի են:
- Ակնհայտ է, որ ընդդիմությունը պետք է փորձի ամեն բան անել, որ կառավարության այս կարեւորագույն նախաձեռնությունը արժեզրկվի, առանձնապես մեծ հնչեղություն չունենա: Բայց հավատացնում եմ Ձեզ, որ սա անհուսալի փորձ է, որովհետեւ վաղ թե ուշ, նույնիսկ հաշված ամիսների ընթացքում ժողովուրդն իր վրա կզգա այս նախաձեռնության պտուղները: Իհարկե, կրկնում եմ, որ այս նախաձեռնությամբ բոլոր խնդիրները չեն լուծվում: Բայց սա շատ լուրջ քայլ է` իրավիճակը բեկելու ուղղությամբ:
"ԱՅՍ 24 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՆՉՔԱ՜Ն ԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԵԶԵՐ ԼՍԵԼ..."
-Սակայն խորհրդարանական եռյակն էլ խոստանում է հեղափոխություն անել եւ իր ձեւով լուծել այդ հարցերը: Խոստանում են նաեւ հեղափոխության մեկնարկը տալ այսօրվա հանրահավաքին:
- Այս քսանչորս տարիների ընթացքում ինչքան ենք հեղափոխության մասին թեզեր լսել, այնպես որ, եռյակը ոչնչով չի զարմացնում: Իսկ մենք կապրենք շատ հանգիստ, առանց ջղաձգումների, այսօրվա հանրահավաքն էլ կանցնի, ու ոչինչ չի փոխվի: Ես այն քաղաքական գործիչներից եմ, ովքեր գտնում են, որ քաղաքականության մեջ մրցակցությունը շատ օգտակար է. մեզª հանրապետականներիս, ուժեղ մրցակից պետք է, որպեսզի մենք եւս ուժեղանանք: Այդ տեսակետից համակարգային բնույթի կառուցողական ցանկացած ընդդիմություն մեզ ձեռնտու է: Այնպես որ, մենք որեւէ մտավախություն` նման միտինգներից, երթերից, չունենք: Իսկ կոնկրետ իմ մտավախությունն այլ է, երբ այդ ամենը քաղաքականությանը բովանդակություն չի հաղորդում, քաղաքական պրոցեսին որակ չի հաղորդում:
Վերջին հաշվով, եկեք փաստենք, որ ընդդիմությունը իշխանությունների նկատմամբ միշտ ունի մեկ առավելություն` կարող է իրեն անպատասխանատու լինելու շռայլություն թույլ տալ, ինչը չի կարող անել իշխանությունը: Այնպես որ, շատ նորմալ է` թող ընդդիմությունը միտինգ անի, իսկ մենք կաշխատենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

