ԵՏՄ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՄԱԿԱ՞ՐԳ
Գալիք տարվա սկզբից Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ: Թե դա ինչ է խոստանում տնտեսությանը կամ մեր երկրի անվտանգությանը, շատ է խոսվել: Եվ ահա փորձեցինք հայաստանյան սոցիալական ուղղվածության նախարարությունների ղեկավարներից եւս հակիրճ պատասխաններ ստանալ, թե արդյոք իրենք ակնկալիքներ ունե՞ն ԵՏՄ-ից:
Առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ մասնավորապես նշեց. "Կարծում եմ, որ այն կնպաստի նաեւ մեր ոլորտի զարգացմանը` հաշվի առնելով մեր ավանդական լավ կապերը` ԵՏՄ անդամ երկրների հետ": ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏԱՐՅԱՆԸ եւս մեծ հույսեր է կապում ԵՏՄ-ի հետ. "Չնայած ԵՏՄ-ն տնտեսական միություն է, բայց այս պահին ընթանում են քննարկումներ, որ պետք է ունենանք նոր համաձայնագիրª կենսաթոշակայինի հետ կապված": Իսկ ըստ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ` ԵՏՄ-ն առաջընթաց կապահովի նաեւ կրթական ոլորտին. "ԵՏՄ-ն բերելու է նաեւ ընդհանուր կրթական նախագծեր, որոնք խարսխված են լինելու, այդուհանդերձ, եվրոպական չափորոշիչների լավագույն փորձի վրա, որովհետեւ Ռուսաստանը եւ Ղազախստանը Բոլոնիայի անդամ երկրներ են, իսկ Բելառուսը մեծ ցանկություն ունի դառնալ Բոլոնիայի գործընթացի անդամ: Մեր բոլոր նախագծերը եւ քայլերը պետք է միանշանակորեն տեղավորվեն այն կրթական տարածքի տրամաբանության մեջ, որի մաս է նաեւ Հայաստանը":