ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԽՏՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ
Արխիվ 12-16ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ԽԱԽՏՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ
"Իրավունքը" քանիցս անդրադառնում է սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող կիսապատրաստված կամ լրիվ պատրաստված այն ճաշատեսակներին, որոնց վրա նշված չէ արտադրության եւ պիտանելիության ժամկետները եւ տվյալ բաղադրությունը: Սա օրենքի ակնհայտ խախտում է` միաբերան պնդում են նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Սակայն այդ իրավիճակի վերջն այդպես էլ չի երեւում, եւ փորձեցինք պետական թիվ մեկ պատասխանատու կառույցիցª ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայութունից պարզել, թե ինչու սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող որոշ սննդատեսակներ չեն մակնշվում: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ:
Ի պատասխան մեր հարցմանը` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայութունից ստացանք հետեւյալ պատասխանը.
"Համաձայն "Սննդամթերքի անվտանգության մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` մակնշումը սննդամթերքի մասին տեղեկություններն են, որոնք զետեղվում են գրառումների, նկարների, նշանների, խորհրդանիշների, այլ նշագրումների եւ դրանց համակցության տեսքով` սպառողական փաթեթվածքի, տրանսպորտային փաթեթվածքի կամ տեղեկակրի այլ տեսակի վրա` սպառողական փաթեթվածքին կամ տրանսպորտային փաթեթվածքին ամրացված, կցված կամ դրանց մեջ տեղադրված: Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված մակնշման պահանջներում ներառված են պիտանելիության ժամկետը, արտադրության օրը, բաղադրությունը:
Եթե տվյալ արտադրատեսակները իրացվում են գործարանային փաթեթավորումով, իսկ մակնշումը բացակայում է, ապա ակնհայտորեն այն իրացվում է օրենքի պահանջի խախտումով:
Այն սննդամթերքը, որը կազմված է մեկ բաղադրիչից, արտադրողը կարող է չնշել բաղադրությունը, սակայն պարտավոր է նշել օրենքով սահմանված այլ տեղեկատվություն, այդ թվում` ատադրության եւ պիտանելիության ժամկետի մասին:
Համաձայն "Առեւտրի եւ ծառայության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, եթե տվյալ արտադրատեսակները վաճառողի կողմից կշռափաթեթավորվում են, ապա փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիրի վրա նշվում է ապրանքի անվանումը, տեսակը քաշը, փաթեթավորման օրը եւ պիտանելիության ժամկետը":
Այս ամեն ինչ ասող, միեւնույն ժամանակ, խնդրի հետ կապված, ըստ էության պարզաբանում չտվող պատասխանն ստանալուց հետո կարելի է ենթադրել, թե նշված կառույցի ինչին էր պետք մեր հարցն անպայման գրավոր ստանալ: Լավ, հետագա պարզաբանումների համար դեռ կդիմենք: Բայց արդեն իսկ կարող ենք եւս մեկ անգամ հստակ ֆիքսել, որ ըստ ոլորտը վերահսկող համապատասխան մարմնի` առանց պահպանման ժամկետների սննդամթերք վաճառելը միանգամայն անթույլատրելի է: Բայց սույն ծառայությունը ֆիքսում է, որ այդ նշումնեը կարող են լինել նաեւ տեղափոխման փաթեթավորումների վրա, որից հետո այդ մեծ տարրան բացելով` խանութը պետք է իրականացնի վաճառք ու ամեն փոքր խմբաքանակի վրա ֆիքսի պահպանման ժամկետներն ու բաղադրությունը: Բայց դա վերաբերո՞ւմ է, ասենք, սուպերմարկետներում վաճառվող տարբեր աղցաններին, որի արտադրողի մասին տեղեկատվությունը հիմնականում յոթ փակի տակ պահվող գաղտնիք է: Այդ աղցաններն ինչպե՞ս են հասնում սուպերմարկետներ, ի՞նչ փաթեթավորմամբ, ո՞վ եւ ինչպես կարող է այդ փաթեթավորումները ստուգել: Կամ` հրուշակեղենի տարբեր մինի արտադրամասեր հենց իրենց կից խանութում է սեփական ապրանքը վաճառում եւ նորից առանց որեւէ փաթեթավորման ու մակնշման: Պարզ չէ՞, որ այն կից "ցեխում" թխում են ու հենց այդպես` առանց որեւէ փաթեթավորման, տեղափոխում վաճառքի: Բայց չէ որ այդ թխվածքը խանութում կարող է մի քանի օր մնալ ու չվաճառվել, սակայն երբ էլ հարցնես, կպարզվի, որ հենց նոր են բերել:
Մի խոսքով, կարող ենք արձանագրել, որ խնդիրն իրոք կա, այն համատարած բնույթ է կրում, այսինքն` նաեւ պատկան պետական կառույցը առ այսօր նույնիսկ մատը մատին չի տվել ու չի էլ տալիս այդ ուղղությամբ: Բայց դեռ հույսով ենք, որ հստակ բացատրություններ մեզ կհաջողվի ստանալ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

