ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. "ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՄԻՆՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ"
Արխիվ 12-16ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. "ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՄԻՆՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ"
Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" համատեղ կազմակերպած հանրահավաքը: Սակայն առ այսօր "եռյակը" միասնական օրակարգ չունի: Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունքը" զրուցեց "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:-Պրն Պողոսյան, հոկտեմբերի 24-ին "եռյակի" հերթական հանրահավաքն է, սակայն առ այսօր հայտնի չէ` հանրահավաքի կազմակերպիչ ուժերը ինչ օրակարգով են հանդես գալու:
- Օրեր առաջ տեղի է ունեցել "եռյակի" նիստ: "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ օրակարգը քննարկվում է երեք ուժերի կողմից: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին օրակարգը հանրությանը կներկայացվի:
- "Եռյակի" լիդերների հանդիպում ե՞րբ է նախատեսված:
- Հուսով եմ` մինչ հանրահավաքը, լիդերների հանդիպում կլինի:
- Պրն Պողոսյան, "եռյակի" քաղաքական ուժերը, կարծես թե, արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես ԵՏՄ-ի անդամակցության հարցում միասնական դիրքորոշում չունեն…
- Երբ երեք ընդդիմադիրների ու "այլընտրանքի" համագործակցությունը` խնդրում եմ ֆիքսեք` "այլընտրանք" (նկատի ունի ԲՀԿ-ին-խմբ.), ձեւավորվեց, փորձում էինք մեր օրակարգը ձեւավորել սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ: Ապագան ցույց կտա` կգա՞ մի օր, որ կքննարկենք արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը, որը հետո կդառնա միասնական, թե՞ ամեն մի ուժ կառաջնորդվի իր արտաքին քաղաքական տեսլականով:
- Դուք ասում եք` ապագան ցույց կտա, բայց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի անդամակցության դեմ պայքարողներին անվանեց ջղաձգվողներ…
- "Ժառանգությունն" ազատ է իր տեսլականն արտահայտելու: Մեկը համարում է, որ 20 հոգի է դեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը, ես էլ ասում եմ` 1000 հոգի է դեմ դրան:
- Չե՞ք կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի անդամակցության թեման ընդմիշտ փակեց` դա համարելով անշրջելի:
- Ինձ թվում է, Լեւոն Տեր-Պետրոսյանին լավագույնս պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով, որ անշրջելին միայն մարդիկ են: Գուցե, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար այդ թեման փակված է, բայց շատերի համար այդ թեման փակված չէ:
- Չե՞ք ափսոսում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը "քառյակի" ձեւաչափից դուրս թողեց ՀՅԴ-ին` նրան փոխարինելով ՀԺԿ-ով:
- Ես չեմ կարծում, որ ՀԺԿ-ով է պայմանավորվում "քառյակի" խնդիրը: Հոկտեմբերի 10-ից հետո տեղի են ունեցել "եռյակի" կազմի մեջ մտնող քաղաքական ուժերի հանդիպումներ, որոնց ՀԺԿ-ն չի մասնակցել: Ֆորմատը ոնց եղել է, այնպես էլ պահպանվում է: Ինձ չի թվում, թե ՀՅԴ-ի հետ կամուրջներն այրվել են: Տարբեր մոտեցումներ ունենք մենք եւ ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Եթե իշխանությունը չընդունի Դաշնակցության առաջարկները, կարծում եմ, համագործակցությունը կշարունակվի:
- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է: Ուսումնասիրե՞լ եք հայեցակարգը, կա՞ն ընդունելի դրույթներ:
- Առայժմ կարդում եմ: Կան ուշագրավ դրույթներ:
- Հնարավո՞ր է հայեցակարգի ուսումնասիրությունից հետո "Ժառանգությունը" փոխի իր դիրքորոշումը եւ ՀՅԴ-ի նման կողմ արտահայտվի:
- Եթե համակարգային փոփոխություններ առաջարկվեն…
- Իսկ առաջարկվո՞ւմ են…
- Ոչ: Այսօրվա դրությամբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մի փաստաթուղթ է, որն արժե միայն կարդալ ու ուսումնասիրել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

