ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ մեկ անգամ եւս զարմանալիորեն ապացուցեց, որ ՀՀՇ-ականը մնում է ՀՀՇ-ական: Մարդ ուզում է մոռացած լինել ե՛ւ ՀՀՇ կոչվող երեւույթի մասին, ե՛ւ ԼՏՊ-ի իշխանության մութ ու ցուրտ տարիները, սակայն սրանք ամեն ինչ անում են` դա կրկին հիշեցնելու համար: Սույն պատգամավորը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ այնքան հունից հանեց Արմեն Աշոտյանին, որ նախարարը հիշեց ՀՀՇ-ականների հին մեղքերը` բարձրագույն կրթության ոլորտում. "90-ականների սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որակը երբեք չեք ստուգել, տվեք գունավոր թղթերի վրա տպած դիպլոմներ` թղթի թափոններ, սփռվել են աշխարհով մեկ, ու հիմա թուղթ ենք ստանում Ֆրանսիայից, թե ըսենց թուղթ ենք ստացել: Լավ է, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունով համալսարան չեք բացել:
Ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով ՀՀ դիպլոմները չեն ճանաչում Իրանում եւ այլուր: Էնքան խեղված ճակատագրեր կան այդ բուհերի պատճառով": Ինչեւէ, զարմանալով հանդերձ, չենք կարող չհամաձայնել Աշոտյանի հետ` ԼՏՊ-ի անվան համալսարանի հարցում: Իրոք, պետք է փառք տալ Բարձրյալին, որ այդպիսի համալսարան չի բացվել: Թե չէ պատկերացնո՞ւմ եք, ինչ խարան կլիներ բազում երիտասարդների համար` ունենալ դիպլոմ` Տեր-Պետրոսյանի անվան բուհ ավարտելու մասին: Որ խոսքը գնաց կրթության ոլորտի մասին, չենք կարող չհիշատակել եւ օժանդակ դասագիրք կոչվող այլանդակությունների մասին: Երբեմն ամբողջ "Ֆեյսբուքը" պայթում է վրդովմունքից` այս կամ այն այդպիսի "դասագրքից" որոշ էջերի նկարներ հրապարակվելու ժամանակ: Ինչեր ասես այդտեղ կան` ե՛ւ անասնական դաժանությունը խրախուսող բանաստեղծություններ, ե՛ւ մանուկներին սեքսի բոլոր նրբությունները բացատրող գրքեր, ե՛ւ այնպիսի աղբ, որը մեկ կիլոմետրից նույնիսկ չի կարելի երեխային ցույց տալ: Բազում դպրոցական դասագրքերի հեղինակ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ իրավացիորեն նշում է, որ թեեւ նախարարության կողմից այդպիսի աղբը չի հաստատվում, եւ դրա պաշտոնական մուտքը դպրոց բացառվում է, սակայն "ցանկացած հրատարակչություն կարող է վերցնել որեւէ երկրի մի գիրք, դրանք թարգմանել տալ, հետո էլ դնել գրախանութներում վաճառքի, եւ դեռ գիրքն էլ որակել օժանդակ գրականություն... Այդ մարդկանց պատժելու մեխանիզմ չկա: Ավելին, նրանց շահերը պաշտպանում են Սահմանադրությամբ հռչակված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին դրույթներով": Դե ինչ, ժամանակն է իրոք խստագույն վերահսկողություն սահմանել գրահրատարակչության նկատմամբ, որ գոնե կատարյալ աղբն ու անբարոյականությունը մանկական գրքի անվան տակ չընկնի մանուկների ձեռքը: Թող գոնե աղբը դուրս չգա համացանցի սահմաններից` որեւէ ծնող դժվար թե սխալմամբ համացանցային նյութը իր երեխային օժանդակ դասագրքի տեղ մատուցի:
Հիշո՞ւմ եք, Դոգ մականունով սկանդալային ոստիկանին` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ: Նա, որ անասնական կոպտությամբ վարվել էր լրագրողուհու հետ, ինչի համար պաշտոնանկ էր արվել, բայց որոշ ժամանակ անց հայտնվել Շենգավիթի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնում: Ժամանակին նաեւ շատ էր քննարկվում նրա կողմից համացանցում զետեղված դրական խոսքը` համասեռամոլների հասցեին: Եվ ահա նա ձերբակալված է, եւ ինչի՞ համար: Պարզվում է, որ նաեւ օգտագործելով իր կողմից բացած կայքը, զբաղվել է դրամաշորթությամբ եւ խայտառակ անելու սպառնալիքով մարդկանցից փող կորզել: Երբ նրա դեմ քրգործ հարուցվեց, ապա շարունակեց իր գարշելի շանտաժային գործողությունները` ինչ-ինչ տեսասկավառակներով վազեց Բաղրամյան 26, հետո էլ հացադուլ հայտարարեց: Դե ինչ, ազատության մեջ գտնվող եւ լիազորություններով օժտված մի սրիկա պակասեց:
Ինչեր ասես, որ չեն մոգոնի միջազգային ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ կորպորացիաները` սեփական գերշահույթն ավելացնելու համար: Քանի որ, կարծես թե, վիագրան վերջերս այդքան էլ լավ չի վաճառվում, հիմա էլ զարմանալիորեն պատվիրել են "գիտական հետազոտություն", որն իբր ապացուցում է, որ վիագրան երկարատեւ եւ կանոնավոր օգտագործման պարագայում պաշտպանում է սիրտը տարատեսակ հիվանդություններից: Դա անշուշտ սուտ է, քանզի շատ երկրների սկանդալային դեղին լրատվամիջոցներում կարելի է բազում պատումներ գտնել, թե ինչպես "սեքս գիգանտ" լինելու նպատակով վիագրան չարաշահողները շատ հաճախ մահացել են հենց սրտի կաթվածից: Ինչեւէ, նշենք որ էբոլայի մասին սարսափ պատկերները, ուր պատկերված են գրեթե տիեզերագնացի հագուստով բժիշկներ, նույնպես միանշանակ նպատակ են հետապնդում` երբ հետագայում "հայտնաբերվի" պատվաստանյութը դրա դեմ, դա կարողանան ամբողջ աշխարհի վրա նաղդել` օգտվելով տարածված վախից: Բայց դրական զարմանքով պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ առողջապահության նախարարությանը` էբոլայի մասին պարզ բացատրական պաստառներ թողարկելու համար: Այդ պաստառներից իմանում ենք, որ էբոլան օդով, ջրով ու սննդի միջոցով չի փոխանցվում, եւ փոխանցվում է միայն հիվանդի կամ հիվանդությունից մահացածի արյան կամ արտազատումների միջոցով: Այնպես որ, հարգելի համաքաղաքացիներ, պահպանեք հիգիենայի տարրական կանոնները, եւ այդ դեպքում անգամ էբոլայի համաճարակի աֆրիկյան կենտրոնում կարող եք թքած ունենալ էբոլայի վրա:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

